Թուրքիայից մենք արդեն լսել ենք արձագանքներ․ Էրդողանն ասել է, որ Փաշինյանը դեռ ոչ մի հարցում չի սխալվել․ Հրանտ Միքայելյան

Թուրքական լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել էին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիբ Էրդողան հանդիպումը։

168am-ի հարցին՝ արդյո՞ք այս հանդիպումը միտում ունի արագացնել «խաղաղության օրակարգի»-ի համատեքստում սպասվող գործընթացները, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը պատասխանեց՝ արձանագրելով, որ այդ հանդիպումը նախ պետք է դիտարկել՝ իբրև տեխնիկական հնարավորություն։

«Փաշինյանը փորձում է Էրողանի հետ քիչ հանդիպել՝ համենայն դեպս, այնպիսի հանդիպումներ, որոնք տեսանելի են, քանի որ դա Հայաստանում շատ բացասաբար է ընկալվում։ Բայց եթե երկուսն էլ գտնվել են մի վայրում, դա կարող են օգտագործել հանդիպման համար։ Այսինքն՝ ես սա նախ՝ կդիտարկեի զուտ տեխնիկական հնարավորություն»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։

Նա, այդուհանդերձ, ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջնորդվել թուրք-ադրբեջանական տանդեմին բավարարող օրակարգով, որը, ըստ նրա, նաև հերթական հանդիպման քննարկման թեման է լինելու։

Կարդացեք նաև

«Հնարավոր հանդիպման թեմաներից կդառնա, այսպես կոչված, խաղաղության օրակարգը, այսինքն՝ կապիտուլյացիայի օրակարգը, որով Փաշինյանը փորձում է առաջ մղել իր քաղաքականությունն ու Թուրքիայի շահերը։ Թուրքիայից մենք արդեն լսել ենք արձագանքներ․ Էրդողանն ասել է, որ Փաշինյանը դեռ ոչ մի հարցում չի սխալվել, ինչը նշանակում է, որ ինքը Թուրքիայի տեսանկյունից՝ ամեն ինչ ճիշտ է անում։

Նիկոլ Փաշինյանն այս օրակարգով փորձում է փոխել ռազմաքաղաքական և կոմունիկացիոն բալանսը, բայց Թուրքիան ավելին է ուզում ստանալ, ու Հայաստանին որևէ բան տալ չի ուզում և նույնիսկ սահմանի բացումը։

Գործընթացը հետաձգվում է, քանի որ որ Թուրքիան նաև ուզում է միջանցք ստանալ, մինչդեռ Ռուսաստանը նշում է, որ միջանցքի պարագայում՝ իրենք պետք է կանգնեն, ինչը ՀՀ իշխանություններին դուր չի գալիս»,- նշեց նա։

Առհասարակ, Հրանտ Միքայելյանը «միջանցք»-ի գաղափարը մերժում է՝ շեշտելով, որ պետք չէ քաղաքական շահերի հերթական բախման պատճառ դառնալ։

«Հայաստանին պետք չէ միջանցք որևէ տեսքով․ պետք չէ միջանցք, որտեղ կանգնելու են թուրքերը, կամ՝ ռուսները, և կամ՝ որևէ ընկերություն, որը, հնարավոր է՝ վաճառի ՀՀ շահերը,- շեշտեց Հրանտ Միքայելյանը, ապա անդրադառնալով այս իրավիճակի այլընտրանքներին՝ նկատեց,- Իրավիճակն արդեն բավականին խորացել է․ հեշտ չի լինելու հաստատ։ Այդ ելքը պետք է փնտրել․ կան երկրներ, որոնք ևս չեն ուզում այդ միջանցքը՝ սկսենք Իրանից, չեմ կարծում, թե Ֆրանսիան ու Հնդկաստանն են շահագրգռված։ Այս հարցում, օրինակ, կարող ենք դաշնակիցներ ունենալ, բայց պետք է ունենալ հստակ դիրքորոշում, ինչը Փաշինյանը չունի»։

Գործող իշխանությունների բերած օրակարգերը մերժելու համար ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիային, ըստ քաղաքագետի, պակասում է մեդիառեսուրս և գործողությունների ռազմավարություն։

Ըստ նրա՝ թեև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախօրեի հավաքը ցույց տվեց, որ բազմաթիվ սխալներ ուղղվել են, սակայն ժամանակի գործոնը պետք է հաշվի առնել։

«Հնարավոր չէ կես տարի ուշ սխալներ ուղղել։ Իսկ ընդդիմությունը, ընդհանրապես,  շատ ժամանակ է կորցրել վերջին 4-5 տարվա պայքարի ընթացքում, բաց է թողել իր մեդիառեսուրսներն ընդլայնելու հնարավորությունը (հակառակը՝ փակվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը):

Եթե իշխանությունը փոխվեր երկու տարի առաջ, ապա հավանական է՝ Արցախը դեռ հայկական կլիներ։ Արդյո՞ք ընդդիմությունը խոստովանել է, որ ինքն էլ է այստեղ պատասխանատվություն կրում, որ չկարողանալով իշխանություն փոխել՝ թույլ է տվել Փաշինյանին հանձնել Արցախը,- հավելեց նա, ապա խոսելով այժմեական պայքարի հեռանկարից՝ արձանագրեց,- Այս պահի դրությամբ ժամանակաշրջանն այնքան էլ հարմար չէ․ առաջինը՝ Փաշինյանն արդեն ակտիվ նախընտրական քարոզչություն է վարում (մի քանի ամիս շարունակ), երկրորդ՝ սեպտեմբերը համեմատաբար քաղաքականապես պասիվ շրջան է, երրորդ՝ բավականին երկարատև քաղաքական պայքարի հետևանքով՝ ժողովրդի մեջ լուրջ հոգնածություն կա, ու վերջում՝ ընդդիմությունը չունի դրսի աջակցությունը։

Ցավոք սրտի, իրավիճակն այստեղ ծուռ հայելու պես է․ այս իշխանությունն ամբողջությամբ իշխանության է եկել և կառավարում է դրսի աջակցությամբ ու ուղղորդմամբ, բայց դրսի աջակցություն ստանալու մեջ մեղադրում է հենց ընդդիմությանը։ Ընդդիմության խնդիրը նաև սա բացահայտելն է։ Պետք է նախ թույլ չտալ՝ դրսից աջակցեն այս իշխանությանը, և հասնեն նրան, որ այդ երկրների մի մասը գոնե չեզոք լինեն ընդդիմության նկատմամբ և չխանգարեն ներքաղաքական պրոցեսներին»։

Հիշեցնենք՝ թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝  մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Տեսանյութեր

Լրահոս