Երկու ճանապարհ կա. պետք է ձևավորել ազգային-պահպանողական արժեքների վրա հիմնված քաղաքական օրակարգ. ազգերը չեն կարող ապրել առանց մեծ երազանքների. Վահրամ Տեր-Մաթևոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Թուրքիան թեզերի շատ ավելի տրամաբանված գործիքակազմ ունի, քան Ադրբեջանը։ Երբ ամենը վերլուծում ենք, հասկանում ենք՝ եթե Հայաստանում մինչև 2018թ․ Կարսի պայմանագրի թեզը չէր էլ քննարկվում, այն դուրս էր պետական համակարգի հետաքրքրության տիրույթից, քննարկումներից, ապա հիմա իրավիճակն այլ է։ Փորձագետներն ասում են, որ մինչև 2018-ը Կարսի թեման քննարկումներից դուրս թողնելը հայկական դիվանագիտության ձեռքբերումներից էր։ Թուրքիան կշարունակի հղում տալ Կարսի պայմանագրին։ Սակայն ինձ լսելի է դարձել, որ ՀՀ իշխանությունների շարքերում, պետական շրջանակներում այն մտայնությունը կա, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով ենք գնում, ապա Կարսի պայմանագիրը Թուրքիայի հետ սահմանը բացելու միակ իրավապայմանագրային հենքն է։ 6 տարի առաջ ես կասեի, որ բացառվում է նման բան, հիմա՝ ոչ։
- Այնպիսի վիթխարի խորհրդանշական առանցք հայ ազգի համար, որ ունի Արարատը, ոչ մի փաստաթղթով ու հայտարարությամբ հնարավոր չէ ջնջել։ Սիսը, Մասիսը, Արարատը մեր ազգի ինքնության խորհրդանիշն են։
- Շատ ավելի վտանգավոր է այն, թե ինչպես են այդ պրոթուրքական, պրոադրբեջանական կեղծ թեզերը ձևավորվում հայ հասարակության մեջ։ Որովհետև, ցավոք սրտի, մեզանում հայտնվում է մարդկանց խումբ, որը սկսում է հավատալ դրանց։ Ադրբեջանական թեզերը ներթափանցում են հայ հասարակության մեջ։ Մասնագիտական մեր թիմին խնդրեցին հետազոտություն կատարել այդ առումով։ Արդյունքներն այնպիսին էին, որ դրանք նախընտրեցին չհրապարակել։ Ինֆորմացիոն ասպատակություններին, որ Թուրքիան ու Ադրբեջանն անում են Հայաստանում, հայ հասարակությունը պատրաստ չէ։ Եվ ցավալին այն է, որ Թուրքիայում և Ադրբեջանում ծնված թեզերը շրջանառության մեջ են դրվում Հայաստանում հիմնականում պետական խողովակների միջոցով։
- Եթե հիմա հայ-թուրքական սահմանի սահմանազատում էլ լինի, պետական ռեսուրսները չեն դիմանա։ Կարևոր է, որ դրանք զուգահեռ պրոցեսներ լինեն։ Հայ-թուրքական սահմանը որոշ հատվածներում խնդրահարույց է, վերջին տարիներին ավելի խնդրահարույց է դարձել։ Ապօրինի ավազահանում է կատարվել, որոշ դեպքերում՝ գետերի հուները փոխվել են, ու դա խնդիր է։ Այնպես որ, ռազմավարական դադարն այն կարևոր ձեռքբերումը կլինի, եթե գործը հասնի հայ-թուրքական սահմանի սահմանազատմանը։ Եթե կադաստրի թղթի մասին են խոսում, դա մի պետության խնդիրը չէ։
- Մենք գործ ունենք զուգակցված 2 պետական համակարգերի հետ, որոնք գործում են հետևյալ 5 սկզբունքների համաձայն: Առաջինը, որ ՀՀ նկատմամբ ընկած վրեժի քաղաքականության կամ պատասխան հարվածի դեպքում պետք է ընկած լինի անհամաչափությունը: Այն, ինչ արվել է մեր նկատմամբ ու շարունակում է արվել, լինելու է շատ ցավոտ։ Հաջորդ կետը խորհրդանիշների դեմ պայքարն է։ Մյուսը որևէ ծախսերի դեմ կանգ չառնելն է: Երբ նայում ենք՝ հատկապես առաջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանն ինչ ծախսեր է արել Արցախում և Արցախի շրջակա հատվածներում, տեսնում ենք, որ գործ ունենք վրեժի քաղաքականության դրսևորումներից մեկի հետ:
- Այն մտավարժանքը, որ կա հայության մի մասի մոտ, որ եթե Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, պատերազմը կավարտվի, այդպես չի լինելու։ Խաղաղությունն իրադարձություն չէ, դա գործընթաց է։ Խաղաղության պայմանագրից գերակնկալիք ունենալը ևս մեկ ծայրահեղություն է, որից պետք է հրաժարվենք։
- Ադրբեջանի պետության ստեղծման հիմքում դրված սահմանադրական փաստաթղթերը շատ ավելի խոցելի են, քան մեր Սահմանադրության մեջ եղած վիճարկելի դրույթները։ Այս թեզերը պետք է դնել շրջանառության մեջ։ Այո՛, Ադրբեջանը կհայտարարի, որ Հայաստանում իրենց Սահմանադրությունը սխալ են մեկնաբանում, բայց մեր հասարակության մեջ պետք է ներդրվեն այդ քննարկումները, թեզերը։ Մեր Սահմանադրության նկատմամբ Ադրբեջանի պահանջներն անհիմն են ու միջամտություն Հայաստանի ներքին գործերին։
- Խաղաղության խաչմերուկի պրեզենտացիա անողներին իմ համեստ հորդորն է՝ մի՛ արեք նման բաներ։ 21-րդ դարում ոչ ոք նման սլայդներով պրեզենտացիա չի անում։ Երկրի վարչապետին չպետք է տրվեն նման բաներ՝ անհասկանալի, ծավալուն սլայդներ։ Նույնիսկ ուսանողները գիտեն այդ մասին։
- Անընդունելի է, երբ «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հայտարարությունների ընթացքում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից 3-րդ նախադասությունը հանվում է՝ ճանապարհի ռուսական վերահսկողության մասին։ Հուսամ՝ շփոթմունք է։ Մեծ լսարանի առջև միշտ չէ, որ բառախաղերն օգնում են։ Երբեմն դրանք կարող են ձախողման պատճառ լինել։ Պետք է հստակ հասկանալ՝ ինչի շուրջ է համաձայնությունը, Ռուսաստանն ինչի նկատմամբ է վերահսկողություն սահմանելու։ Պետք է խոսել գործընկերների հետ, և ոչ թե՝ որոշակի թեզեր հանել ու դրանք դնել շրջանառության մեջ։
- «Երևանյան երկխոսության» ժամանակ մեկ օրվա մեջ հնչեցին իրար հակասող մի քանի հայտարարություններ։ Հանրային քաղաքականության թեզեր մշակելու առումով երկիմաստությունը տեղին չէ, որքան էլ որ դիվանագիտության այբուբեններից է։ Չպետք է լինի նման դիսոնանս:
- Զանգեզուրի միջանցքի 47 կիլոմետրի նշանակությունը թերագնահատելու դեպքում մենք այլևս աշխարհի համար հետաքրքիր չենք լինի։ Այդտեղ պիտի գործի Հայաստանի ինքնիշխանությունը։ Դա սակարկելի չէ։ Սա այն գիծն է, որ Հայաստանը պարտավոր է պահել ու թույլ չտալ, որ փոքր-ինչ զիջում անգամ տեղի ունենա։ Թուրքիայում այդ ճանապարհն անվանում են թուրքական, թուրանական ճանապարհ։ Դա ամենակարճ ճանապարհն է, որ Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները կարող է հասցնել Եվրոպա կամ Իսրայել։
- Հայաստանի համար շատ կարևոր է, որ կարողանանք մեր տեսակետները հասցնել Ռուսաստանին։ Երկու երկրների ղեկավարները կարող են խոսել, բանակցել, բայց քաղականության իրականացումը կախված է նրանից, թե ինչպիսի սոցիալիզացիա կա երկրի էլիտաների ներսում։ Մեր պարագայում, ցավոք, Ռուսաստանի նկատմամբ կա բացասական վերաբերմունք՝ սկսած 2018թ․-ից։ Ռուսաստանի հետ աշխատանք է պետք կատարել: Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ որոշակի մեսիջներ գնացին դեպի Ռուսաստան։ Ռուսաստանը շատ բարդ գործընկեր է։ Այնտեղ չկան դասագրքային կանոններ։
- Նոյեմբերի 9-ի պայմանագրից չպետք է հրաժարվել։ Դրա թեզերին պետք է տալ միս ու արյուն, որպեսզի նաև գերիների վերադարձի ու արցախցիների հավաքական վերադարձի հարցերը լուծում ստանան։ Այդ թեզերը պետք է դառնան հայկական դիվանագիտական զինանոցի անքակտելի մասը։ Հատվածական հայտարարություններով հարցը չի լուծվի։ Երկրի ղեկավարը դեմ է ստորագրության հետկանչին։ Այդ դեպքում դա պետք է դառնա ողջ պետական ապարատի կարգախոսը։ Ինչո՞ւ չի բարձրաձայնվում Հայաստանի օկուպացված տարածքների, ջրային ռեսուրսների խնդրի, Ադրբեջանի կողմից միջազգային մի շարք կոնվենցիաների խախտման մասին։ Մեր կատարած քայլերը շատ ավելի անհամաչափ պետք է լինեն, քան մեր հնարավորություններն են։ Ագրեսիվ քարոզչություն է պետք տանել։
- Թուրք-ադրբեջանական թեզերին կարելի է հակադարձել, բայց դրա համար պետք է տրամադրվածություն և դիվանագիտական մոբիլիզացիա։
- Երբ առարկայի վերնագիրը «Հայոց պատմությունից» փոխվեց «Հայաստանի պատմության», ոլորտի պատասխանատուն ասաց՝ բովանդակային առումով բան չի փոխվել։ Սա ամենակարևոր ձևակերպումն է։ Այսինքն՝ կրկին գնում ենք ձևի հետևից։
- Իրանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում շատ ինքնատիպ է։ Եվ այն դեպքում, երբ Իրանում սովորաբար շատ զգույշ են դիվանագիտական բառապաշարի հարցում, քանի՞ անգամ են ուղիղ արտասանել «կարմիր գիծ» արտահայտությունը։ Անգամ հոգևոր առաջնորդն է ասել։ Իրանը, դեմ լինելով Միջանցքի գաղափարին, իր երկարատև պատմական խնդիրներն է լուծում։ Իրանի կարմիր գծերն ունեն մի շարք երանգներ։ Դրա ո՞ր երանգի մասին է խոսքը։ Չպետք է ընկնենք սիտուացիոն վերլուծության հատակը։
- Հուլիսյան մարտերի նախօրյակին Ադրբեջանի ԱԳ նախկին ղեկավար Մամեդյարով ասաց՝ մեր ռազմավարական դադարի մարտավարությունն իդեալական էր, ու ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք։ Հիմա ռազմավարական դադար վերցնելու հերթը մերն է։
- Ռազմական պարտության խորությունը չափել հնարավոր չէ, այն շատ քիչ ուսումնասիրված գիտական ոլորտ է։ Դա շատ ցավոտ ներքին տրանսֆորմացիաների փուլ է, որ անցնում են հասարակությունները։
- Քանդվում է հինը, ու իբրև թե կառուցվում է նորը, ընդ որում, ամենևին հստակ չէ, որ նորը կառուցելու համար կա ճանապարհային քարտեզ… Երբ Պապ թագավոր պատմական կերպարին կտրում-բերում են 21-րդ դար, այն էլ կտրում են ոչ մասնագետների կողմից և բերում, քաղաքականացնում են պատմական կերպարը՝ մտքեր վերագրելով, որոնք չեն ասվել այդ պատմական կերպարի կողմից, ապա դա խոսում է այն մասին, որ քաղաքականության մեջ փնտրտուքների ճանապարհը շարունակվում է:
Հարցականի տակ են դրվում ազգային ինքնության առանցք կազմող հարցերը, որոնց հիման վրա են կառուցվել մեր բոլոր ազգային միֆերը, լավ առումով միֆերը, նկատի ունեմ՝ մեր ազգային երազանքները: Եթե հարցականի տակ են դրանք դրվում, ուրեմն պետք է փոխարինվեն նորերով: Բայց երբ քանդվում է հինը, լավ թե վատ աշխատածը, և չի բերվում նորը, դա բերում է քաոսի:
- Փորձում են ձևափոխել «Հայրենիք» գաղափարը: Դրա տակ դնում են այնպիսի գաղափարախոսություն, որը կփոխի պատկերացումների մի ամբողջ շարան: Ազգերը չեն կարող ապրել առանց մեծ երազանքների:
- Հայաստանում քաղաքական համակարգը խնդիրներ ունի: Համակարգի դեմ պետք է համակարգ ստեղծել, որը կունենա լավ կազմակերպվածություն, լավ ֆինանսավորում, և կկատարվի ծավալուն աշխատանք, այդ թվում՝ հետազոտական աշխատանք:
- Ընդդիմությունը պետք է կատարի տնային աշխատանք ու պատրաստվի հերթական կամ արտահերթ ընտրությունների։ Պետք է բազմաշերտ աշխատել: 2021թ.-ի նման ընտրողին առաջարկվող մենյուն չպետք է պարզունակ լինի, այլ պետք է լինի ավելի փաստահեն, փաստարկված։
- Իշխանափոխություն կատարելը կամ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելը շատ բարդ ճանապարհ է։ Պետք է կատարվի լուրջ աշխատանք Երևանից դուրս՝ մարզերում, պետք է օրնիբուն աշխատանք տանել՝ պարզելու համար՝ որ հարցերն են կարևորություն, հետաքրքրություն ներկայացնում հանրության մոտ: Ինչպե՞ս կարող է՝ Երևանում նստած քաղաքական ուժը, առանց մարզային ամենօրյա աշխատանքներ կատարելու, հավաքել այն խնդիրների շտեմարանը, որ կա մարզերում, և որոնք նա պատրաստվում է լուծել։
- Ազգային-պահպանողական արժեքների վրա հիմնված քաղաքական օրակարգ է պետք ձևավորել: Այդ դաշտը բաց է այսօր։ 20-րդ դարի պատերազմներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ պատերազմներից հետո իշխանության են եկել այն ուժերը, որոնք ավելի պահպանողական են: 20-րդ դարի պատմությունը դա է ցույց տալիս: Հայաստանում, սակայն, 2021 թվականին դա տեղի չունեցավ: Գուցե հաջորդ ընտրություններին հնարավոր լինի: Մենք մեր հասարակական հարաբերություններում շատ ավելի պահպանողական ենք, սակայն ազգային արժեքների, պետական քաղաքականության հիմքում պահպանողականությունը մղվում է երկրորդ պլան:
- Երկու ճանապարհ ունենք՝ կամ պետք է դատափետենք մեզ՝ մեր անկարողության համար, որպես հավաքական հասարակություն, կամ պետք է տնային աշխատանքը կատարենք և լրջորեն մոտենանք պետականաշինության գործընթացին:
Նոր որակի իշխանություն, նոր տիպի հասարակություն ու հասարակական ընկալումների նոր մակարդակ է պետք պետականաշինության գործում հաջողելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։