Հայաստանի հետ կապված ի՞նչ տարաձայնություններ են քննարկելու Բայրամովն ու Ֆիդանն Անկարայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից օրեր անց սպասվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցը Թուրքիա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ չմանրամասնելով այցի նպատակն ու օրակարգը։

Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովի այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Turkish insider-ի փոխանցմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի օգոստոսի 27-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հաղորդվում է, որ քննարկման թեմաներից է լինելու նաև հակամարտությունն Իսրայելի և Պաղեստինի միջև։

Օգոստոսի սկզբին թուրքական Sabah պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ասել էր, թե Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել հարևան Հայաստանի հետ սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը, եթե այն դրական ավարտվի։ Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել սահմանին մեր դարպասները»,-հայտարարել էր թուրք նախարարը։

Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հանդիպել էին սահմանին՝ դրա արդյունքներով հաստատելով առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մտադրությունը։

Կարդացեք նաև

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով սպասվող այցին, հայտարարվող օրակարգին, ասաց, որ թուրք-ադրբեջանական դիվանագիտական երկկողմ այցերը բավական հաճախակի բնույթ են կրում, և ամենևին զարմանալի չէ, որ այդ շփումների օրակարգում՝ ինչպես հայ-թուրքական հարաբերություններն են, այնպես էլ՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը։ Նրա խոսքով, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն թաքցնում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արդյունքները կարևոր են հայ-թուրքական հարաբերությունների ապագա զարգացումների տեսանկյունից։

«Սակայն ուշագրավն այն է, որ այս հանդիպմանն ընդառաջ նման տեղեկություն է տարածվում այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական հանդիպումների դեպքում սովորական երևույթ է հայկական թեմատիկայի քննարկումը։ Կարծում եմ, որ այդ լուրի արտահոսքը պատահական չէր։ Հակված եմ առավելապես կարծել, որ այս հանդիպմանը կողմերը փորձելու են մեղմել վերջին շաբաթների ընթացքում առաջացած որոշ տարաձայնություններ, երբ Էրդողանի հայտարարությունը Ղարաբաղի հարցում Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ շատ սուր ընկալվեց Ադրբեջանի կողմից, եղավ բավականին կոշտ արձագանք և որոշ դիվանագիտական կսմիթներ։ Ուստի, կարծում եմ՝ այս հանդիպմանը հենց այս հարցով հիմնավոր քննարկումներ կլինեն, կփորձեն հարթել տարաձայնությունները կամ քննարկել դրանք։ Ըստ իս, հենց այս պատճառով նման լուր տարածվեց՝ ուրվագծելով երկկողմ քննարկումների գլխավոր օրակարգը»,-ասաց նա։

Վերլուծաբանի խոսքով, ըստ էության, հայ-թուրքական օրակարգը հայտնվել է Ադրբեջանից լիովին կախման մեջ։

«Սա լիովին բնական է, երբ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն կոնսենսուս Հայաստանի հարցով, սակայն երբ չունեն կոնսենսուս և Հայաստանի հետ հարաբերությունների հարցով չեն կարողանում վերադառնալ նախկին ստատուս-քվոյին, ինչը նշանակում է, որ այդ կախվածության չափը կարող է փոփոխությունների ենթարկվել Թուրքիայի կողմից։ Վաղը կայանալիք բանակցությունները վերաբերելու են առավելապես թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների բնույթին և տարաձայնություններին, որոնք առաջացան Հայաստանի ու Իսրայելի հետ կապված թեմաների շուրջ հայտարարություններ անելիս։ Առաջին անգամ էր, երբ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանը կասկածի տակ դրեց Թուրքիայի ղեկավարի դիտարկումները, ինչն արտառոց իրադարձություն է և ուշադրության արժանի, քանի որ միտումները կարող են խորանալ»,-ասաց նա։

Հուլիսի 28-ին Ռիզեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մասնակցել էր իր ղեկավարած՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության նահանգային կազմակերպության հանդիպմանը։ Ուշադրություն հրավիրելով պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի հաջողությունների վրա՝ Էրդողանն ասել էր, որ «զարգացումները չպետք է խաբեն ոչ մեկին»։

Նա նշել էր, որ պետք է շատ ուժեղ լինեն, որ Իսրայելը չկարողանա «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։

«Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք։ Մենք այսօր հնարավոր ամեն ինչ անում ենք Իսրայելի դեմ, դադարեցրել ենք նրա հետ առևտուրը, խզել մեր հարաբերությունները»,- հայտարարել էր Էրդողանը։

Էրդողանի այս խոստովանությանը պատասխանել էր Ադրբեջանի ՊՆ-ն․

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորականների մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն»։

Տեսանյութեր

Լրահոս