Հայաստանը Շանհայում կմասնակցի ներմուծվող ապրանքների միջազգային ցուցահանդեսին
Հայաստանը Շանհայում կմասնակցի ներմուծվող ապրանքների 7-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին «Ելք Չինաստանի և Արևմուտքի շուկաներ» բիզնես–համաժողովի ժամանակ հայտարարել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
Ներմուծվող ապրանքների միջազգային ցուցահանդեսն (China International Import Expo 2024) անցկացվելու է Շանհայում նոյեմբերի 5-10-ը։
«Ցուցահանդեսին կմասնակցեն աշխարհի 150 երկրների ներկայացուցիչներ։ Սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանի հնարավորությունները», – ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով` Հայաստանը ներկայացված կլինի երկու տաղավարով` ազգային և կոմերցիոն։ Ազգային տաղավարում կներկայացվեն Հայաստանի տնտեսական հնարավորությունները։
Կոմերցիոն տաղավարում տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը, պայմանագրեր կնքել։
ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չեն Մինն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ձեռնարկատերերին, ովքեր տարիների ընթացքում հետաքրքրություն են ցուցաբերել Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև աջակցել երկու երկրների գործնական և բարեկամական համագործակցությանը։
«Այս տարի լրացել է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգանում են առողջ ու կայուն կերպով, և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը շարունակում է նոր արդյունքներ բերել։ Մենք գտել ենք փոխգործակցության ճիշտ ճանապարհը՝ հիմնված հավասարության, փոխօգնության և փոխշահավետության վրա՝ անկախ պետությունների չափերից։ Երկար տարիներ Չինաստանը եղել և մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, հիմնական արտահանման շուկան և ներմուծման աղբյուրը։
Ընթացիկ տարվա կեսին երկկողմ առևտրի ծավալը հասել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 41,9 տոկոսով։ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է»,- նշեց փոխդեսպանը։
Չեն Մինի խոսքով՝ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը, արևային էլեկտրակայանների և ենթակայանների արդիականացումը, սինթետիկ կաուչուկի գործարանը, անշեղորեն առաջ են ընթանում։ Երկու երկրներն արդեն կիրառել են առանց վիզայի ռեժիմը և անցյալ տարի 20 հազար չին զբոսաշրջիկ այցելել է Հայաստան:
Այս տարվա սեպտեմբեր 3-ից China Southern Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել Ուրումչիից Երևան, որպեսզի ավելի հեշտացվի մարդկանց տեղաշարժը երկու երկրների միջև։
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր ավելի քան 20 ընկերությունների մասնակցություն Չինաստանի 6-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ ցուցադրելով այնպիսի հայկական ապրանքներ, ինչպիսիք են կոնյակը, գինին, մեղրը, չրերը և պահածոները։
Հայաստանն այժմ հաստատել է իր մասնակցությունն այս տարվա Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին, իսկ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը նույնպես պատրաստվում է մասնակցել ձեռնարկությունների համար նախատեսված առևտրային ցուցահանդեսին։
Ձեռնարկատերերը կարող են օգտագործել Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսը որպես հարթակ՝ ընդլայնելու արտահանումը և Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը:
«Չինական կողմը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանից իր գործընկերների հետ՝ ամրապնդելով քաղաքական վստահությունը, խորացնելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, ամրապնդելով մշակութային փոխանակումները՝ միասին կառուցելով երկկողմ հարաբերությունների պայծառ ապագա։ Հուսով եմ, որ այստեղ ներկա գտնվող ձեռներեցները կշարունակեն նպաստել Չինաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չեն Մինը։