Օ՛Բրայենի այցը՝ Հայաստան, Ֆիդանի այցը՝ ՌԴ, Ալիևի այցը՝ Թուրքիա․ ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ
Մինչ հայաստանյան հասարակությունը կենտրոնացած է ներքաղաքական զարգացումների և Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման վրա, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հարավկովկասյան ռեգիոնում և դրա շուրջ։ Նախօրեին տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախապես չհայտարարված աշխատանքային այցը Թուրքիա, որի օրակարգը սկսվեց օդանավակայանում Ալիև-Էրդողան հանդիպմամբ այնպես, ինչպես օրերս Պուտինի Բելառուս կատարած այցի ժամանակ։ Բնականաբար, հանդիպումն օդանավակայանում նրանց բուն հանդիպումը չէր։
Թյուրքական մամուլի փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացն ու ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։
Մինչ Անկարայում բանակցում էին Էրդողանն ու Ալիևը, Ռուսաստանում էր Թուրքիայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ներկայումս ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ով ՌԴ-ում հանդիպեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, իսկ այսօր՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ, արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկել են Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակ։ Ֆիդանը մասնակցում է Նիժնի Նովգորոդում կայանալիք BRICS ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Սակայն հանդիպումների օրակարգը բավականին ընդգրկուն է՝ ոչ բնորոշ պարզապես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին։ Ֆիդան-Նարիշկին հանդիպմանը կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` խաղաղության պայմանագրի կնքման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները: Ֆիդան-Շոյգու հանդիպմանը քննարկվել էր ուկրաինական կարգավորումը, ինչպես նաև Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը:
Իսկ Հայաստանում է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության կնքմանը, ինչպես նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, նկատի ունենալով տարածաշրջանի կապուղիների բացման անհրաժեշտությունը, որից ամերիկացի դիվանագետը խոսում է վերջին ամիսների ընթացքում։
Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաների խոսքով, կողմերը մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Օրերս ՀՀ ԱԳՆ-ն նույնիսկ ակնարկեց, որ այն հնարավոր է ստորագրել մեկ ամսից։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գլոբալ դիմակայությանը զուգահեռ՝ հետաքրքիր է հետևել այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում հարակից ռեգիոններում։ Վերլուծաբանի կարծիքով, թուրք-ադրբեջանական հարաբերությունների բնույթը ևս փոփոխվում է, Ադրբեջանի դերակատարությունը փոխվում է, բնականաբար, որոշ դերակատարների հետաքրքրությունն այդ երկրի նկատմամբ ևս փոխվում է, և դա անհրաժեշտություն է առաջացնում անընդհատ դիրքորոշումներ համաձայնեցնելու համար։
Ըստ նրա, Ալիև-Էրդողան վերջին հանդիպման օրակարգն իրականում բավականին ընդլայնված էր, որը, կարելի է ենթադրել, որ ներառում էր հայ-ադրբեջանական գործընթացն իր բոլոր ճյուղերով, ինչպես նաև ավելի լայն օրակարգ՝ հարաբերություններ Ռուսաստանի, Իրանի, ԲՐԻՔՍ-ի հետ, մերձավորարևելյան ռեգիոն։
«ՌԴ-ն ավելի ակտիվ երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ, նոր թեմաներ են ի հայտ գալիս, նոր հետաքրքրություններ, ինչպես նոր հյուպատոսությունների բացման հարցը Ղարաբաղում, վստահաբար այս հարցը քննարկվել է Ալիև-Էդողան ձևաչափում, ինչպես խաղաղապահների ելքի հարցը, Իրանում նախագահական ընտրություններն են առջևում, Մերձավոր Արևելքում իրադարձությունները բավականին բուռն են, ինչպես նաև Հարավային Կովկասը՝ իր բոլոր խնդիրներով, գտնվում են Ալիև-Էրդողան քննարկումների սեղանին։ Սրանք բոլորը քննարկման ենթակա թեմաներ են։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարարի այցին ՌԴ, ապա այդ այցը ևս պետք է դիտարկել մի քանի մակարդակում դիրքորոշումները կարևոր հարցերում համաձայնեցնելուն ուղղված այց՝ Նարիշկինի, Շոյգուի և Լավրովի մակարդակով։ Կարծում եմ՝ ոչ մի առանձնահատուկ բան, աշխատանքային քննարկումներ են, ինչպես միշտ, բնականաբար՝ հարցերի շրջանակը ևս ռեգիոնալ է»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի այցին Հայաստան, ապա, Լուկիանովի խոսքով, ԱՄՆ-ը իր շահերն ունի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որոնք պարզորոշ ներկայացվում են, և նպատակը ՌԴ-ին, ինչպես նաև՝ Իրանին «շարժվելու» որևէ դաշտ թույլ չտալն է։
«Կարծում եմ՝ այդ այցի նպատակն է՝ ծանոթանալ ՀՀ-Ադրբեջան գործընթացին, ոգևորել և առաջ մղել գործընթացը, որպեսզի համաձայնեցնումներն արագ տեղի ունենան, իսկ համաձայնագիրն արագ ստորագրվի, տեսնել, թե ինչ փուլում են կողմերը։ Այս իրադարձությունները միմյանց կապող զուտ մեկ իրադարձություն չկա, այլ աշխարհաքաղաքական զարգացումներն են ինտենսիվ, կան գործընթացների համար թրիգերներ, Հարավային Կովկասի ապագան աշխարհաքաղաքական կենտրոնների տեսանկյունից կախված է Ադրբեջան-ՀՀ բանակցությունների ապագայից, ուստի, երբ կողմերն ավելի վստահ են խոսում համաձայնագրի ստորագրման մասին, ապա դա հետաքրքիր է գրեթե բոլորին»,- ասաց Լուկիանովը։