Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ Օրբելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հասել են Լոռիի տարածքներին, Տավուշին զուգահեռ՝ հայ-վրացական սահմանազատման գործընթաց էլ է տեղի ունենում, պարզապես լրահոսում շատ մեծ ուշադրություն չի դարձվել՝ հաշվի առնելով հայ-վրացական ոչ լարված հարաբերությունները: Որոշակի սահմանային խնդիրներ կային նաև այստեղ, որոնց լուծումը ևս հօգուտ Վրաստանի է տեղի ունենալու:
  • Միջազգային իրավունքը պետք է կիրառող լինի: ՀՀ անունից բանակցող այս մարդիկ չեն փորձում կիրառել միջազգային իրավունքը, իրենք պարզապես փորձում են հնարել արգումենտներ, որոնք անգամ թշնամի պետությունները չեն կիրառում՝ հիմնավորելու, թե ինչո՞ւ Հայաստանը պետք է տարածքներ հանձնի:
  • Միջազգային իրավունքում ազգային իրավունքին բնորոշ պարտադրելու կառուցակարգ գոյություն չունի, իսկ միջազգային իրավական արգումենտները շատ կարևոր բաղադրիչներ են. դրանք են տվյալ երկրի քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսական, մշակութային, սպորտային կապերը, բոլորը միասին հասնում են այն նպատակին, որը պետությունը դնում է իր առջև: Երբ պետության անունից հանդես եկող անձինք չեն բանակցում կամ բանակցում են զիջումների շուրջ, միջազգային իրավունքը գործում է՝ ի վնաս տվյալ պետության:
  • Մենք տեսնում ենք, որ կառավարության կողմից Տավուշում սահմանազատման աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնցից մեկում ընդգրկվել են համայնքների ղեկավարներ, մյուսում՝ ուժային կառույցների ղեկավար ներկայացուցիչներ, այսինքն՝ այստեղ միջազգային իրավունքի գործընթաց չկա: Չկա՛ միջազգային իրավունքի մասնագետ, քարտեզագետ: Եթե ինչ-որ մեկը վարչապետի աթոռ է զբաղեցնում, դրանից ինքը խելոք չի դառնում, իսկ դրա  արդյունքում էլ սկսած այս գործընթացում միջազգային իրավունքի հարց չկա և փորձ էլ չի արվում դնելու այդ հարցը:
  • Իշխանությունները սահմանազատման և սահմանագծման գործընթացին կեղծ իրավական շղարշ են տալիս: Այնինչ այս գործընթացի համար անհրաժեշտ է, որ նախ տարածքային վեճը լուծվի դատական ատյաններում, հետո միայն սկսվի դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը:
  • Այն մարդիկ, որոնք ասպարեզ են բերել Ալմա Աթայի հռչակագիրը, նրանց գիտելիքը միջազգային իրավունքից նույնիսկ զրո չէ, մինուս միլիոն է… Այդ հռչակագրում չկա այնպիսի բան, որի հիման վրա կարելի էր սկսել նման գործընթաց: Ադրբեջանը երբեք չի ընդունել, որ խորհրդային սահմաններով կարելի է սկսել նման գործընթաց: Ադրբեջանը պնդում է, որ ինքը պետք է վերականգնի իր ընկալած՝ 1918-20 թվականների սահմաններն ու տարածքները, դա նշանակում է Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիքի կես, Սևանա լիճը պետք է լինի սահմանային, Տավուշի գրեթե ամբողջ տարածքը: Այսինքն՝ ըստ Ադրբեջանի՝  Հայաստանը պետք է լինի անկլավ Ադրբեջանի մեջ:  Ադրբեջանը շատ հստակ իրականացնում է Արևմտյան Ադրբեջանը վերականգնելու քաղաքականություն:
  • Այսօր մենք ունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի երկու փաստաթուղթ՝ 1994 թվականի և 2020 թվականի, երկուսում էլ ամրագրված է, որ զորքերը մնում են այնտեղ, որտեղ եղել են փաստաթուղթը ստորագրելու ժամանակ: Նշված գիծը միջազգային իրավունքի տեսակետից ճանաչված է և հավասարազոր է սահմանին: Այսինքն՝ այդ սահմանին զորքի օգտագործումը պետք է գնահատվի՝ որպես ագրեսիա:
  • Կա այսօր շփման գիծ, որն ունի միջազգային իրավական կարգավիճակ։ Գործընթացը սխալ ուղղությամբ է գնում, նախ պետք է կնքվեր համաձայնագիր, որը պետք է անցներ ներպետական բոլոր մարմիններով՝ թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում, դրանից հետո նոր պետք է տեղակայվեին երկու կողմի սահմանապահները: Այսօր այդ գործընթացի մասին խոսք անգամ չկա, այս իշխանությունները խոսում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքները զիջելու մասին։
  • Տարօրինակ իրավիճակ է. մի կողմից՝ Հայաստանն այսօր միջազգային դատարանում վեճ ունի, որով ասում ենք, որ Ադրբեջանը ռասիստական պետություն է, փաստաբանները միջազգային դատարանում բերում են արմենաֆոբիայի օրինակներ, մյուս կողմից՝ մեկ այլ տեղ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է։
  • Քննարկումը փակելու խորամանկ հռետորական գործիք է այն, երբ Փաշինյանն ասում է՝ չի երաշխավորում, որ Ադրբեջանը չի հարձակվի, որ պատերազմ չի լինի։ Եթե մենք դիտարկում ենք Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի տարածքի նկատմամբ, ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում վերաբնակեցնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ամբողջությամբ Ադրբեջանին անցնելու տեսանկյունից թուրքական ազգայնականության լույսի ներքո միաժամանակ շարունակում ենք հանձնվելու մասին հայտարարություններ անել, Ադրբեջանն օգտվելով այս առիթից՝  հասնում է նրան, որ Հայաստանը ֆիզիկապես չկարողանա  դիմադրել ցեղասպանության երրորդ արարին։ Ցեղասպանության առաջին արարը տեղի է ունեցել 1915 թվականին, երկրորդը՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումն էր և հանձնումն Ադրբեջանին, այսպես շարունակվելու դեպքում՝ երրորդը առջևում է…
  • Այսօր պետք է օգտագործել միջազգային իրավական ողջ զինանոցը՝ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար, որը կա, և պետությունը պարտավոր է դրանք կիրառել:
  • Որպես կանոն՝ միջազգային իրավական հարաբերություններում առաջնային գործող մարմինը պետության անունից հանդես եկող իշխանությունն է։ Միջազգային իրավունքը կգործի, եթե այն կիրառենք, այնինչ այս իշխանությունները լրիվ հակառակն են անում։
  • Իրական Հայաստանը հիմնադիր փաստաթղթերով առաջնորդվող պետություն է, դա 1989 թվականի ԳԽ ընդունած որոշումն է, Հայաստանի Հանրապետությունն անկախացել է Արցախի և Շահումյանի հետ միասին։ Սրանք ՀՀ հռչակագրում ամրագրված արժեքներ են։
  • Ակնհայտ սուտը բարձրաձայնվում է ամեն օր, ամեն առիթով, սիրուն, իմաստ չարտահայտող ձևակերպումներով, մինչդեռ այսօրվա իշխանությունները կաշկանդված պետք է լինեն Սահմանադրությամբ, հռչակագրով և օրենքներով, այս իշխանությունները թքած ունեն այդ ամենի վրա։ Ամեն կերպ կասկածի տակ դնելով ինքնիշխանությունը:

Կարդացեք նաև

  • Էս մարդն ամեն ինչ քանդում է: Մարդիկ ասում են՝ Նիկոլին պետք է վռնդել, և երբ վռնդենք, և գա մի նորմալ X մարդ, որն առաջնորդվում է պետության, ազգային  շահով, հավատացե՛ք, պատերազմ չի լինի, այսինքն՝ մենք պատերազմին  այլընտրանք ունենք: 
  • Հայաստանի Հանրապետությունն այլընտրանքային ուղու հնարավորություններ ունի թե՛ միջազգային հարաբերություններում,  և թե՛ ներպետական գործընթացներում։ 
  • Եթե Ադրբեջանը կամ Ադրբեջանի անունից հանդես եկող որևէ մեկն ասել է՝ որ այդ տարածքները չտաս, զորքով մտնում եմ քո տարածք՝ դա ագրեսիա է միջազգային տարբեր կոնվենցիաներով։ 
  • Հայաստանն ունի այլընտրանք, որը վարչապետի աթոռին նստած այս մի հոգու հետ չի լինելու, այս մի հոգին և նրա հետ ևս մի քանի հոգի պետք է փոխվեն։ Հայաստանը ռեալ հնարավորություններ ունի՝ դրա համար պետք է ունենալ Հայաստանի Հանրապետություն՝ այնպիսին, ինչպիսին գրված է մեր Հռչակագրում:
  • Պետք է ունենալ Հայաստան, որտեղ գործում է օրենքը, որտեղ դատական դեպարտամենտը վիդեոյով չի ասում, թե որ դատավորներն են թերացել, որոնք՝ ոչ… Պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ 4 ժամում Սահմանադրություն չեն փոխում… 

Այսօր Հայաստանի  Հանրապետությունում բոլոր մարմինները կոլապսի մեջ են, էլեկտրոնային արդարադատության համակարգը չի գործում,  հայց գրելու գործընթացը երկարել է… որևէ պետական կառույց չի աշխատում: 

  • Պետական պարտքը 12 միլիարդ դոլարից ավելի է… 7 մլրդ նոր պարտք են վերցրել այս 6 տարվա ընթացքում, որևէ գործ չեն արել, Հյուսիս-Հարավ ճանապարհը գոնե չեն սարքել…
  • Հայաստանում սեփականություն ունենալու իրավունքը դրված է կասկածի տակ։
  • Անընդհատ փակվում են ՏՏ ընկերություններ, կոլապսն ամեն տեղ է՝ կադրային քաղաքականությունից սկսած… նախկինում այդքան արագ արտգործնախարարներ չէին փոխվում, հիմա արտգործնախարարության հետքը չկա, պատերազմի մեջ գտնվող երկրում արդեն քանի Գլխավոր շտաբի պետ են նշանակել ու հեռացրել… Սա ցուցանիշ է, նախկինում արտգործնախարարները շաբաթը մեկ չէին փոխվում:
  • Սա պետական համակարգի չգործելու, կոլապսի, ամենակոռուպցիոն երևույթն է։ Քաղաքացին հարկեր վճարելով՝ չի ստանում ծառայություն:
  • Քաղաքացուն դարձրել են տուգանքի մատերիալ։ Ամեն քաղաքացի, եթե իր առօրյայում դիտարկի, կտեսնի՝ Հայաստանի բյուրոկրատիան վերածվել է կոլապսի ենթարկված հսկա հիդրայի։ Բոլոր ոլորտներում ստեղծել են բյուրոկրատական խնդիրներ։
  • Տեսնում ենք ակնհայտորեն, որ պատերազմին կա այլընտրանք, և դա, առաջին հերթին, նորմալ դիվանագիտությունն է։ 
  • Եթե մենք ունենք այսպիսի կառավարություն, որը չի օգտվում հնարավորություններից, ապա պետք է հրաժարական տա։ 
  • Կոնդը տալու ժամանակ մենք պատերազմելու մեր ունակությունն ընդհանրապես կորցրած կլինենք…

  • Այսօր Հայաստանի հյուսիսը պաշտպանելու բնագծեր դեռ ունենք, եթե դա էլ քայքայենք՝ Ադրբեջանին շատ արագ հնարավորություն կտրվի Հայաստանն ամբողջապես բլոկադայի մեջ դնել։
  • ՀՀ տարածքները հանձնելու գործընթացը կանխելու համար ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, մինչև մայիսի սկիզբ պետք է սկսվեն կոնսուլտացիաներ բոլոր քաղաքական ուժերի հետ։ Պետք է չվախենալ ձերբակալվելուց, եթե դա չեղավ՝ ուրիշ գործընթաց կսկսվի, պետք է ստեղծել ժամանակավոր Կառավարություն։ Աշխարհաքաղաքական թեման պետք է հանել օրակարգից: Մնում ենք բազմավեկտոր դաշտում՝ երկիրը խելքի բերելու համար։
  • Սոցիոլոգիական հարցումների արդյունքում հասկանում ենք կարող ուժերի, մարդկային ռեսուրսների ռեյտինգը, դնում ենք վստահության հարցը և զուգահեռաբար կատարում սահմանադրական փոփոխություններ։
  • Երկիրը սահմանադրական ուղի վերադարձնելու հարցն այսօր հրատապ է, եթե այսօր չանենք՝ վաղն ուշ է լինելու։ Պետք է հստակ լինի, թե առաջիկա երկու տարին հստակ գործողությունները որոնք են լինելու։
  • Անհրաժեշտ են իրավական և քաղաքական պրոցեսներ՝ երկրում համերաշխությունը վերականգնելու համար։ Այդ թվում նաև՝ ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատժելու ձևով։ Ընդդիմությունն ունի անվստահության գործընթաց սկսելու գործիք և պետք է օգտվի դրանից:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս