Չի բացառվում՝ Իսրայելի ճնշումների տակ Ադրբեջանը փորձի լոկալ բախումներ հրահրել Իրանին սահմանակից վայրերում՝ Մեղրիի, Կապանի հատվածում՝ որպես պարտքի մարում. Վիտալի Մանգասարյան
168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում քննարկման առարկա դարձած անվտանգային և աշխարհաքաղաքական մի քանի հարցերի:
– Ապրիլի 14-ին «Ազատության» հետ զրույցում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստովանել է, որ իրենց իշխանության օրոք ՀՀ զինված ուժերը պատրաստ չեն լուրջ զորավարժությունների անցկացմանը, որ ինքնանպատակ չպետք է լինեն դրանք: Այսինքն, զորավարժություն կանեն այն ժամանակ, երբ զորքերի առջև դրված խնդիրները կլինեն լուծված, երբ նոր տեխնիկան հնարավորություն կունենան զորքերում կիրառելու: Մյուս կողմից, Քոչարյանը հայտարարել է, որ նախկինների օրոք եղած զորավարժությունների մասին «թղթի վրա շատ հաճելի է կարդալ՝ անցկացրեցին, էսքան մարդ մասնակցեց, տեխնիկա, բայց դրա հիմնական փորձարկումները ստուգվում են ռազմական գործողությունների ընթացքում»: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն ընդունում է 44-օրյա պատերազմից հետո լուրջ զորավարժություններ չանցկացնելու փաստը, և արձանագրում, որ մոտ 4 տարի դրան պատրաստ լինելու համար ոչինչ չեն արել:
– Անդրանիկ Քոչարյանը, իհարկե, իր խոսքում նշում է, որ զինված ուժերի առջև խնդիրներ կան դեռ լուծելու: Իսկ գուցե նաև քաղաքական ղեկավարությո՞ւնը պատրաստ չէ, գուցե այլ տեսանելի և ոչ տեսանելի խոչընդոտնե՞ր կան, որոնց պատճառով մենք չենք կարողանում իրականացնել զորավարժություններ:
Պետք է ասեմ նաև, որ տարբեր ժամանակահատվածներում մենք տարբեր զորավարժություններ ենք անցկացրել ՀՀ-ում և Արցախում, օրինակ, 2014-ի նոյեմբերին Արցախում՝ «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները, որին ՀՀ զինված ուժերից ներգրավվել էին ավելի քան 17.000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա:
Իսկ, ընդհանուր առմամբ, Արցախի ՊԲ այս զորավարժությանը մասնակցել էր ավելի քան 30.000 զինծառայող, այդ թվում՝ զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոց, այդ թվում նաև՝ Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա: Չմոռանանք նաև ՀՀ-ում «Շանթ-2015» զորավարժությունները և այլն:
Նախկինում մեր զորավարժությունները վտանգ էին ներկայացնում հակառակորդի համար, այս համատեքստում հիշենք 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին և վերևում նշված զորավարժությունների համատեքստում Մի-24 ուղղաթիռի խոցումը Ադրբեջանի զինուժի կողմից: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանի պնդումը, որ նախկինում զորավարժությունները թղթի վրա են եղել, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև այս կերպ փորձում են քողարկել իրենց անգործությունը:
Մյուս կողմից, Անդրանիկ Քոչարյանը վերջին շրջանում առնվազն 2 անգամ հայտարարություն է արել, և հաջորդ օրն իր իսկ կատարած հայտարարությունը խմբագրել, հերքել՝ մեկը վերաբերում էր ԳՇ-ին, որ իբր ԳՇ-ն է առաջարկել սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից, հետո ասաց, որ նման բան չի եղել, մյուսն էլ՝ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի ցուցակի հետ կապված, որ սկզբում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Հայոց ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, հետո հերքեց և ասաց, որ դա իր անձնական տեսակետն է, Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Անդրանիկ Քոչարյանը հերքի նաև զորավարժություններին առնչվող հայտարարությունը:
– Անդրադառնանք Իրան-Իսրայել կոնֆլիկտին, ինչպես նաև՝ Ադրբեջանի՝ Իսրայելին 44-օրյա պատերազմի հաղթանակի համատեքստում պարտքերը մարելու խնդիրներին, ինչի մասին բազմիցս զգուշացրել եք մեզ հետ զրույցներում:
– Ադրբեջանը շատ մեծ պարտք ունի վճարելու Իսրայելին, հատկապես 44-օրյա պատերազմում իր ունեցած հաջողությունների համար, սա, կարծում եմ, գաղտնիք չէ: Եվ նույնիսկ ադրբեջանական տեղեկատվաքարոզչական ռեսուրսներով է այս ամենը երևում: Այլ հարց է՝ ինչպես և երբ է Ադրբեջանը փորձելու մարել իր այդ պարտքը:
Ստեղծված իրականության մեջ, երբ տարածաշրջանում այսպիսի կոնֆլիկտ է հասունանում՝ Իրան-Իսրայել, հնարավոր է, որ Իսրայելը հենց այս փուլում Ադրբեջանից իր այս պարտքը պահանջի: Միաժամանակ շատ լավ հասկանալով, թե Ադրբեջանի՝ Իրանի հետ առճակատման գնալն ինչ կործանարար հետևանքներ կարող է ունենալ, կարծում եմ, ավելի շուտ Իսրայելն Ադրբեջանին փորձելու է դրդել, որ նա Հայաստանին ճնշելու տարբերակով անուղղակի «նեղացնի» Իրանին:
Հիշենք Գորիս-Կապան ճանապարհի հանձնման պատմությունը, երբ կտրվեց Հայաստան-Իրան մեր ամենակարևոր ճանապարհներից մեկը, և որը Իրանի վրա ճնշում գործադրելու տրամաբանության մեջ էր: Ըստ այդմ՝ չի բացառվում, որ հենց Իսրայելի ճնշումների տակ Ադրբեջանը փորձի լոկալ բախումներ հրահրել Իրանին սահմանակից վայրերում՝ Մեղրիի, Կապանի հատվածում՝ փորձելով հաճոյանալ Իսրայելին և ցուցադրել, որ կամաց-կամաց փորձում է իր պարտքը մարել: Բայց Ալիևը շատ լավ հասկանում է, որ առնվազն այս փուլում, եթե գնա մասշտաբային առճակատման տարածաշրջանում, ապա դա, մասնավորապես, Իրանի կողմից չի հանդուրժվելու: Ալիևը միամիտ չէ, և հաշվի է առնում բոլոր սցենարները, նաև այն, որ կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ լայնամասշտաբ և երկարատև մարտական գործողությունների հրահրումը, այդ թվում՝ իր երկրի ներսում, հատկապես, եթե ՀՀ-ում կոմպետենտ իշխանություն լինի:
– ՀՀ-ում Իրանի դեսպանը Երևանում հանդիպումներից մեկի ժամանակ հատուկ շեշտել է, որ հայ զինվորները 44-օրյայի ժամանակ սպանվել են իսրայելական զենքից, ինչի հետ կապված ադրբեջանական կողմը որոշակի դժգոհություն էր հայտնել: Ի՞նչ մեսիջ էր սա պարունակում, եթե կարելի է այդպես ասել:
– Հայտնի փաստ է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը մեծ կորուստներ է ունեցել իսրայելական արտադրության զենքերից, ԱԹՍ-ներից, և նույնիսկ սրա մասին ՀՀ իշխանություններն են ակնարկել: Կարծում եմ՝ բացի նրանից, որ իրանական կողմը սուբյեկտիվ դրդապատճառներ ունի Իսրայելի հետ իր հարաբերությունները պարզելու կոնտեքստում, այստեղ նաև օբյեկտիվ իրողություն կա, որ իսրայելական հրահանգիչներն իրենց դերակատարումն են նաև ունեցել Ադրբեջանի բանակի կարողությունների մեծացման գործում, և դա փաստ է:
– Ի դեպ, ՀՀ-ում Իրանի դեսպանն ասել է նաև, որ իրենց մտահոգում է մի բան՝ ՀՀ արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի այլ երկրների հաշվին։
– Իրանը տարածաշրջանում տնտեսապես և ռազմական կարողություններով ուժեղ պետություն է, և, բնականաբար, մեր երկրում էլ ունեն իրենց շահերը, և փորձում է իր ազդեցությունը մեծացնել, ինչը խոշոր խաղացողների պարագայում տրամաբանական է: Եվ պարզ է, որ Իրանին պիտի հետաքրքրի ՀՀ արտաքին հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, արևմտյան երկրների հետ, որոնք հնարավոր է տեղի ունենան ի հաշիվ Հայաստան-Իրան հարաբերություններին, ուստի դեսպանը նման հայտարարություն է անում: Կարծում եմ, որ այս փուլում ՀՀ-ի և Իրանի շահերն ավելի շատ են համընկնում, քան այլ խոշոր խաղացողների շահերն են, և մենք պետք է խորացնենք Իրանի հետ հարաբերությունները՝ թե ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, և թե տնտեսական: Պետք է ամուր կապեր ձևավորենք Իրանի հետ, և սա ոչ միայն այն պատճառով, որ նրանք մեր տարածաշրջանում իրենց շահերն են հետապնդում և առաջ տանում, այլ, որ Իրանը մեր հարևանն է, և առնվազն մեր քայլերով չպետք է վնասենք այդ հարաբերությունները և դրանք բարդացնենք:
– Եվ վերջում՝ թեպետ որոշ չափով խոսեցինք, բայց ամեն դեպքում, գլոբալ առումով՝ ի՞նչ սպասել ՀՀ-ի շուրջ և դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։
– Մենք պետք է հասկանանք, որ նրանք պատրաստվում են ՀՀ-ի դեմ հաջորդ մեծ հարվածին: Այս փուլում դիվանագիտական ճակատում են մարտի մտնում և փորձում ճնշում գործադրել և հայկական կողմից տարբեր զիջումներ կորզել: Սա արտահայտվում է Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը վերադարձնելու պահանջով, կամ՝ սա արտահայտվում է Թուրքիայի՝ ՀՀ-ին, թերևս, ներկայացված, Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի անունները հրապարակելու պահանջով: Վերջին օրերին տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները լծվել են այս գործին: Եվ Ադրբեջանը աշխարհաքաղաքական հարմար պահի պատրաստվում է մարտական գործողությունների միջոցով լուծել իր առջև դրված խնդիրը, որը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով սա է՝ ՀՀ-ն նրանք պատկերացնում են առանց հայերի: