Իրանի մտահոգությունն այն է, որ ՀՀ արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի այլ երկրների հաշվին․ ՀՀ-ում Իրանի դեսպան
«Զրուցել ենք այդ հանդիպման վերաբերյալ ՀՀ իշխանությունների հետ»,- այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը։
Դեսպանը նշեց, որ ՀՀ իշխանություններն իրենց ասել են, որ այդ հանդիպումն ամբողջովին տնտեսական բնույթ է կրում, ինչպես նաև ԼՂ ժողովրդի համար աջակցություն ստանալու համար է։
«ՀՀ իշխանությունները մեզ տեղեկացրին, որ այդ հանդիպումը որևիցե երրորդ երկրի դեմ չէ, ուստի Իրանը դեմ չէ դրան։ Հայաստանի իրավունքն է տնտեսական զարգացման ուղիներ փնտրելը և իր խնդիրները լուծելը։ Մեր մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասը չվերածվի աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, և որպեսզի ՀՀ արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի այլ երկրների հաշվին, և ՀՀ իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ ՀՀ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումն ուղղված չէ Հայաստան-Իրան հարաբերություններին։ Մենք ՀՀ-ի հետ ունենք լավ ու ռազմավարական հարաբերություններ»,- ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։