Անդրանիկ Քոչարյանի՝ խառնվելու մեսիջներն ու «սրբագրությունը»
Ապրիլի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Տավուշից սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու հեղինակ էր հռչակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին:
«Պարզ է, չէ՞, որ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, ու գտել է այդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»,- ընդգծել էր նա՝ տպավորություն ստեղծելով, որ արդեն իսկ որոշակի գործընթաց կա:
Նշենք, որ մինչ այս էլ իշխանական պատգամավորը հայտարարել էր, որ ԳՇ-ն պետք է մտածի, թե ինքն ինչպես պիտի մտնի, օրինակ, Կիրանց գյուղ, երբ «ադրբեջանական տարածքները» հանձնվեն Ադրբեջանին:
Այսօր էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը փորձել է սրբագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վերաբերյալ ապրիլի 8-ի իր ձևակերպումը, որ ԳՇ-ն է առաջարկել Տավուշից սկսել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը:
«Ես մի քիչ խառնել էի, որովհետև ճեպազրույցների միջոցով նման բաները հերթականությամբ ճիշտ շարելը մի քիչ դժվար է: Բնականաբար, այդպիսի խնդիրները քննարկվում են սահմանազատման հանձնաժողովում, և ես ուզում էի երևի ասել, որ ԳՇ-ի կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքների կազմակերպման դեպքում: Կարծում եմ, որ առանց Զինված ուժերի, ԳՇ-ի կարծիքի՝ աշխատանքների էֆեկտիվ կազմակերպումը կլինի անհնար: Գլխավոր շտաբի մասը հասկացանք, չէ՞, այսինքն, հանձնաժողովն իր աշխատանքները կատարում է, իսկ դրանց ճիշտ կազմակերպման համար պետք է ունենալ տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակացություններ: Իսկ ԳՇ եզրակացությունը պետք է լինի ամենակարևորներից մեկը: Ես համոզված եմ, որ առանց դրա հնարավոր չէ աշխատանքներ անել»,- նշել է Քոչարյանը՝ խուսափելով պատասխանել հարցին՝ ով է առաջարկել սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից, նա հիշեցրել է, որ այդ թեմայով ԱԺ-ում փակ լսումներ են լինելու:
Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, այն անձը չէ, որ ուղղակի բառեր նետի դաշտ՝ առանց մեսիջների և տողատակերի, և այստեղ մի քանի մեսիջ և տողատակ կարող է լինել:
Առաջին, այստեղ Անդրանիկ Քոչարյանը փորձում է, այսպես ասած, ճիշտ հերթականությամբ շարել Գլխավոր շտաբի և Մհեր Գրիգորյանի հանձնաժողովի գործառույթները: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն ընդամենը ԳՇ պետի վրայից վերցրել է Տավուշից սահմանագծումը սկսելու հեղինակը լինելու մեղքը:
Երկրորդ, մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսի Տավուշից, օրեր անց էլ գնացել Ոսկեպար ու այդ որոշման ճիշտ լինելը փորձել էր բացատրել այնտեղ: Իսկ ավելի ուշ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Ադրբեջան-Հայաստան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չկա:
Եվ այս առումով Անդրանիկ Քոչարյանը գուցե մեսիջ է հղում, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունն անելիս հաշվի չի առել Գլխավոր շտաբի կարծիքը, կամ, որ ԳՇ-ն չի էլ իմացել Փաշինյանի որոշման մասին, այսինքն, Զինված ուժերի եզրակացությունը պիտի հաշվի առնել կամ չանտեսել, այլ հարց է, թե որքանով այդ եզրակացությունը կարող է անկաշկանդ լինել և սուբյեկտային: Մյուս կողմից, Քոչարյանը երեկ հայտարարել էր, որ որոշակի աշխատանքներ սկսվել են, արդյո՞ք դրանք սկսվել են ԳՇ-ի համապատասխան եզրակացության առկայության պայմաններում, թե՞ ոչ: Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե հանձնաժողովի շրջանակում լինի համաձայնություն, և այն գործի դրվի, այդտեղ կա նաև ԳՇ առաջնային եզրակացությունը:
Երրորդ, չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանի՝ ԳՇ-ին թիրախավորած հայտարարությունը դժգոհություն առաջացրած լինի ՊՆ-ում և ԳՇ-ում, և նա զանգ ստացած լինի: Բայց այն, որ Անդրանիկ Քոչարյանը գիտի՝ որտեղ ինչ պետք է խոսել, ինչ տեղեկություն դաշտ նետել, դա էլ է փաստ, պարզապես երբեմն դրանից հետո առերևույթ սրբագրումների կարիք է լինում:
2023 թվականին նման մի դեպք էլ եղել էր կրակել-չկրակելու հրամանի հետ կապված:
2023 թվականի ապրիլի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ադրբեջանական խախտումներին, որի հետևանքով հայկական կողմը զոհ էր ունեցել, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր.
«Մենք էլ ենք կրակում։ Ամենակարևոր բանը եկեք արձանագրենք. այն, ինչ մերն է, մերն է։ Եթե կրակեն, մենք կրակելու ենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Եթե առաջ մենք ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ»:
Ավելի ուշ «Ֆակտորի» հետ զրույցում նա սրբագրել էր իր խոսքերը, ինչո՞ւ չէ՝ բառախաղի դիմել՝ ասելով, որ նկատի է ունեցել հոգեբանական գործոնները։
«Ով ասեց՝ հրամանով չէին կրակել, հոգեբանական բարդույթ ունեինք, որը հաղթահարված է: Դա կոչվում է հետպատերազմյան բարդույթ, այսինքն՝ կաշկանդված էին, շփոթված՝ զինվորից մինչև հրամանատար: Այսօր պատկերը լրիվ այլ է»,– պարզաբանել էր Քոչարյանը:
Իսկ 2024 թվականի ապրիլի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական կրակոցներին երբ է հայկական կողմը պատասխանելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է՝ երբ դրանք լինեն այնպիսին, որոնք լռեցնելու համար պետք է կրակահերթեր արձակվեն:
«Չկրակելու հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գնահատում է, որ պետք է պատասխանի, ինքն այդ պատասխանը կտա: Մենք ունեցել ենք հետպատերազմյան իրողություններ, երբ առաջին անգամ մենք ծավալուն պատասխան տվեցինք ՀՀ ԶՈՒ 2-րդ կորպուսի՝ Վարդենիսի ուղղությամբ, հետո եղավ Ջերմուկը, հետո եղավ ավելի լուրջ պատասխան՝ դարձյալ Վարդենիսի ուղղությամբ, որից հետո կիրառվեցին զինատեսակներ մեր արտադրության»,- ասել է նա:
Ինչպես հասկացանք, Անդրանիկ Քոչարյանը ծանոթացել է 168.am-ի հրապարակումներին, որտեղ հիշեցրել էինք ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքի պահանջները, մասնավորապես այն, որ միանձնյա ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ղեկավարման և զինծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է: Դա հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար: Իսկ կանոնագրքի համաձայն՝ միանձնյա ղեկավարությունը դրսևորվում է հրամանատարի (պետի)` իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու զինվորական կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ:
Բայց, կրկնում ենք, հրամանատարը (պետը), նախքան հրաման տալը, պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը թեպետ նշում է, որ չկրակելու հրաման գոյություն չունի, բայցև ակնարկում, որ պատերազմից հետո ինչ-որ պահի դե ֆակտո նման բան եղել է: Իսկ վերջին օրերին ադրբեջանական կրակոցները մեծ վտանգ չեն պարունակում, կամ չեն ուզում վախեցած երևալ…