Անդրանիկ Քոչարյանի առաքելությունը և Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան «պայծառակերպությունը»՝ Սևրի պայմանագրի կարևորումից՝ մինչև «Արևմտյան Հայաստան» ձևակերպման բացառում

Ապրիլի 14-ին «Ազատության» հետ կիրակնօրյա զրույցում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Հայոց ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը:

«Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել, այ հիմա պետք է կենտրոնանալ, իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև՝ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն։ Շատ պարզ է, չէ՞, երբ որ ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանենք, դնենք, և Ցեղասպանության թանգարանի էդ պատը պետք է լրացված լինի էդ ազգանուններով։ Ես էլ երկու կողմից Ցեղասպանության արդյունքում եմ տեղաշարժվել այսօրվա Հայաստան, և այս Հայաստանն է, որ տվեց հնարավորություն նաև հետագայում՝ 46 թվականին, ունենալ ներգաղթ և լուծել կարևոր դեմոգրաֆիական խնդիր»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել էր Քոչարյանը:

Հաջորդ օրը նույն միտքը կրկնել էր նաև ԱԺ ճեպազրույցների ժամանակ:

«Ունենք թանգարան, Ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարևորը՝ պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Հիմա պետք է կենտրոնանանք։ Հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև՝ Ցեղասպանության բացթողումը դարձնել իրականություն։ Պարզ է չէ՞, որ եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»:

Կարդացեք նաև

Բայց միայն այսօր Անդրանիկ Քոչարյանը, չգիտես ինչու, հարկ համարեց զգուշացնել՝ սա ոչ թե Փաշինյանի, այլ իր անձնական մոտեցումն է։

Այս մասին նա կրկին ասել է «Ազատությանը». «Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է, քաղաքական որոշում չկա, Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի»:

Սովորաբար, երբ պաշտոնյան, քաղաքական թիմի կամ կուսակցության անդամը որևէ միտք է արտահայտում, նախապես ընդգծում է՝ սա իր անձնական կարծիքն է, ոչ թե քաղաքական թիմի, քաղաքական ուժի կամ գերատեսչության, բայց Անդրանիկ Քոչարյանի դեպքում ոչ միայն չի ընդգծվել դա, այլև հակառակը՝ նա միանգամից նշել է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել Ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը:

Նա, սակայն, միայն երկու օր անց է վերախմբագրում իր խոսքերը՝ ասելով, որ դա ոչ թե Փաշինյանի, այլ իր կարծիքն է։ Գուցե այստեղ Քննիչ հանձնաժողովի նախագահ լինե՞լն է խոսել՝ Ապրիլյան պատերազմ, 44-օրյա պատերազմ, հիմա էլ՝ 1915 թվականի Ցեղասպանության հանգամանքնե՞րն է ուզում ուսումնասիրել: Դրանից առաջ կարող է նաև քննել՝ ինչո՞ւ անկրակոց հանձնվեցին Քարվաճառը, Աղդամը, Լաչինը, այն, ինչ 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում կարողացել ենք պահել, կամ՝ ինչպես 2021-2022 թվականներին Ադրբեջանն օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքները:

Մի բան էլ կարող ենք հուշել Անդրանիկ Քոչարյանին, օրինակ, ժամանակին ստեղծվել էր Շահումյանի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, որի հետ կապված՝ սկզբում հույս է եղել, թե այն չի կրկնի տարբեր դեպքերի և սադրանքների քննությամբ զբաղված հանձնաժողովի ճակատագիրը, բայց այդ հույսերը չեն արդարացվել, և ոչ մի լուրջ բան այդպես էլ տեղի չի ունեցել: Գուցե մինչև 1915 թվական գնալը և թուրքական օրակարգի շրջանակում ուսումնասիրություններ կատարելը, Շահումյանի անկման քաղաքական պատճառնե՞րը փորձի «ջրի երես» հանել և, ինչպես նշեցինք, արդեն իրենց իշխանության օրոք ունեցած ՀՀ տարածքային կորուստների պատճառնե՞րը: Իսկ գուցե Անդրանիկ Քոչարյանն իր առջև դրված խնդիրը կատարե՞լ է «Ազատությանը» տված հարցազրույցով, այսինքն՝ կամ տեղեկություն է փորձել դաշտ նետել իր սեփական քաղաքական հետաքրքրությունների համատեքստում, կամ՝ Նիկոլ Փաշինյանի՝ փորձ անելով ստուգել հանրության տրամադրությունները, կոնկրետ թեմայի շուրջ տաբուներ կոտրել և դարձնել քննարկման առարկա:

Իսկ ասել, որ Նիկոլ Փաշինյանն այս օրակարգի հետ աղերս չունի, ծիծաղելի է, քանի որ «Ազատությանը» տված Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը դասախոսություն էր կարդում ՔՊ ժողովրդավարական դպրոցում, որտեղ նաև Ցեղասպանությանը, Թուրքիային, Արևմտյան Հայաստանին է անդրադարձել, որտեղ, ի դեպ, Փաշինյանը որոշել էր կիրառել «Մեծ եղեռն» եզրույթը՝ Ցեղասպանության փոխարեն:

«Թուրքիային թույլ է տվել «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը, դեմ չի եղել դրան, որովհետև դա իրեն պետք է՝ ոնց որ մենք ասում ենք՝ «Արևմտյան Հայաստան», տենց էլ Հայաստանը լինի «Արևմտյան Ադրբեջան» կամ «Արևելյան Թուրքիա»: Թուրքիային չենք կարող համարել միամիտ պետություն, ինչի է դա թույլ տալիս: Իրենք քաղաքական մակարդակում՝ ոչ, բայց փաստացի դեմ չեն, որ ասենք՝ «Արևմտյան Հայաստան»», որովհետև դրանով կարող են լեգիտիմացնել «Արևմտյան Ադրբեջանը» և «Արևելյան Թուրքիան»»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» վերնագրով դասախոսության ժամանակ ասել է Փաշինյանը, ըստ էության, դարձյալ իր պատմական և իրական Հայաստանին, կորուսյալ հայրենիքին առնչվող օրակարգի շրջանակում դիմելով մանիպուլյացիայի, որ եթե մենք մեր լեքսիկոնից հանենք «Արևմտյան Հայաստանը», Ադրբեջանը կհրաժարվի իր «Արևմտյան Ադրբեջանի» ծրագրից, իհարկե ոչ: Վաղը նույն պահանջն ավելի ուղիղ տեքստով ասվելու է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, և այսպես շարունակ:

Այսինքն, իր խոսքերով ասած՝ պետք է դադարել ապրել կորուսյալ հայրենիքով կամ «մահացած երեխայով»՝ «Արևմտյան Հայաստան», Արցախ, 2021-2022 թթ. ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացված տարածքներով, վաղը՝ Տավուշով, որ չդժբախտացնենք Փաշինյանի իրական Հայաստանը, որի մասշտաբներն իշխանափոխությունից հետո անընդհատ փոքրացել են:

Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է օրակարգը՝ պատմական Հայաստանից հրաժարվելու և ապրելու իրական Հայաստանով, հիշեցնենք 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանի արած մի քանի հայտարարություն, որը, ըստ էության, հակասում է այսօրվա իր պնդումներին:

– 2019 թ., օգոստոս 5, Ստեփանակերտ 

«Արցախը Հայաստան է, և վերջ». Նիկոլ Փաշինյան

– 2020 թ. օգոստոս 10, Երևան, Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողով

«Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչո՞ւ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում: …Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:

Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:

Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:
Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս՝ որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ՝ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր՝ որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:

… Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:
Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ՝ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»,– իր ելույթում, մասնավորապես, ասել էր Փաշինյանը:

Հավելենք, որ Փարիզի Սևր արվարձանում 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվել է խաղաղության պայմանագիրը։

Պայմանագիրը ստորագրում են մի կողմից՝ Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, ինչպես նաև «Փոքր դաշնակիցները»՝ Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջազը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետությունը և Չեխոսլովակիան։

Հայաստանի ներկայացուցիչը Ավետիս Ահարոնյանն էր։

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, Սևրի պայմանագիրը բաղկացած է 578 հոդվածից, որոնցից Հայաստանին վերաբերում էին հիմնականում վեցը՝ 88-93-րդ հոդվածները։

Պայմանագիրը վերաբերում էր միացյալ՝ ինչպես Արևմտյան, այնպես էլ՝ Արևելյան Հայաստանին։ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և անկախ պետություն։ Հայաստանին էին միանալու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթները, որոնց վերջնական սահմանները գծելու էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սահմանազատումից հետո Թուրքիան պետք է հրաժարվեր Հայաստանին անցած տարածքների նկատմամբ իր բոլոր իրավունքներից և այլն:

168.amգրել էր, որ պատերազմից առաջ Փաշինյանը և նրա թիմն իրենց միասնական երազանքներն ու ազատությունները պաշտպանված էին զգում 42.000 քկմ տարածքի վրա, որն այսօր շատ է փոքրացել, և ինչն այսօր Փաշինյանը տեղավորում է իրական Հայաստան ստեղծելու հետպատերազմյան թեզի տրամաբանության մեջ, որն իր մտքում գուցե վաղուց է եղել, պարզապես իշխանափոխությունից առաջ այլ հայտարարություններ էր պետք անել:

Տեսանյութեր

Լրահոս