«Իրենց խամաճիկային եկեղեցի է պետք, նոր Սահմանադրություն և զիջումներ, կհրաժարվեն նաև ընտանեկան ու մյուս արժեքներից, որոնք բնորոշ են մեր ազգին ու պետությանը». Աշոտ Ղուկասյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստում ներկայացրել է առաջիկա 5 տարիների Կառավարության ծրագիրը և հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր՝ «Չորրորդ Հանրապետության» փուլ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, հունիսի 7-ին երկրում տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Հայաստանում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը։ Այսպիսով՝ թևակոխում ենք պատմության այն փուլը, որն անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»։ Այս Հանրապետությունը Երրորդ Հանրապետությունից տարբերվում է նրանով, որ, ըստ էության, այն հիմնադրվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ, իսկ «Չորրորդ Հանրապետությունը» ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Պատմաբան և դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանի բնորոշմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է «Չորրորդ Հանրապետության» մասին, այդ ամենը միայն իրեն ու իր շրջապատին է հասկանալի։
«Նիկոլ Փաշինյանը ելնում է, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից, դրանով փորձում է Հայաստանում ստեղծել ինչ-որ մի կառույց, որը պետք է ենթակա լինի թուրք-ադրբեջանական ղեկավարությանը։ Ավելին, «Չորրորդ Հանրապետություն» հռչակելով՝ փորձում է ՀՀ տարածքները զիջել Ադրբեջանին, դրանով ցույց է տալիս, որ «Իրական Հայաստանը» նոր է ստեղծվում՝ իր նոր տարածքներով։
Վաղը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի՝ ««Չորրորդ Հանրապետությունը» նոր է ստեղծվել, հետևաբար՝ նոր Սահմանադրություն պետք է լինի», և այդ լոզունգով էլ իրեն ձեռնտու տարբերակով կգրի նոր Սահմանադրությունը։ Վստահաբար՝ հանելու են Անկախության հռչակագիրը, և Հայաստանն ամբողջությամբ կդնեն Ադրբեջանի հսկողության տակ։ Ահա սա է Նիկոլ Փաշինյանի ամբողջ գաղափարախոսության իմաստն ու նպատակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ղուկասյանը։
Պատմաբանի խոսքով՝ Երրորդ Հանրապետությունը բնավ «Իրական Հայաստան» չէ, որը պայքարում էր ՀՀ ամբողջական տարածքի ու ինքնիշխանության համար, ուստի այդ գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանի կողմից արհեստածին ստեղծված և Հայաստանը կործանման տանող գաղափարախոսություն է։
Աշոտ Ղուկասյանը նաև վստահ է՝ «Չորրորդ Հանրապետությունում» Առաքելական եկեղեցին ու մյուս արժեքները չեն լինելու։
««Չորրորդ Հանրապետություն» կոչվածով այդ մարդը փորձում է հրաժարվել բոլոր արժեքներից, առաջին հերթին՝ Առաքելական եկեղեցուց։ Փորձելու է ստեղծել նոր եկեղեցի, որը կլինի այդ հանրապետության ղեկավարի կամակատարը, այսինքն՝ իրեն հլու-հնազանդ կառույց կլինի։
Սրանով հրաժարվում են մեր 1700-ամյա Առաքելական եկեղեցուց։ Կաթողիկոսի դեմ այս արշավը նաև նման նպատակ է հետապնդում, իրենց խամաճիկային մի կառույց է ընդամենը պետք։ Կհրաժարվեն նաև ընտանեկան ու մյուս արժեքներից, որոնք բնորոշ են մեր ազգին ու պետությանը։
Ինձ հիմա այն հարցն է հուզում, թե ինչ է պետք անել. մեր ժողովուրդը խելացի ու բանական է, ինչպե՞ս կարող էր այդ ամենը թույլ տալ։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընտրություններով ժողովուրդը թույլ տվեց «Չորրորդ Հանրապետություն» ստեղծել։ Ժողովուրդը կարող է դրա կասեցմանը հասնել միայն միասնական պայքարի արդյունքում»,- ընդգծեց Աշոտ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ 2024 թվականի մայիսի 28-ի Հանրապետության օրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին. դրանից առաջ այդ գաղափարախոսության մասին խոսել էր նաև 2024 թվականի ապրիլին՝ Կառավարության նիստի ժամանակ։
Արդեն մի քանի ամիս անց՝ օգոստոսին, Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն էր ձոնել իր այդ գաղափարախոսությանը՝ վերնագրելով այն «Իրական Հայաստան»։

