Հակաեկեղեցական պայքարը խորհրդային ժամանակաշրջանում․ ինչպես էին փակվում Հայաստանի և Արցախի եկեղեցիները
Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանում սկսվեց կրոնական կյանքի համակարգված սահմանափակման և եկեղեցու հանրային դերի նվազեցման գործընթաց։
1920-1930-ական թվականներից սկսած բազմաթիվ եկեղեցիներ փակվեցին, հոգևորականները ենթարկվեցին հալածանքների, իսկ կրոնական արարողությունները սահմանափակվեցին կամ արգելվեցին։ Եկեղեցիների նկատմամբ քաղաքականությունը միայն դրանով ավարտվում է։
Գյուղերում և քաղաքներում գտնվող բազմաթիվ եկեղեցական շինություններ վերածվում էին աշխարհիկ նշանակության տարածքների։ Դրանք օգտագործվում էին որպես մշակույթի տներ, ակումբներ, գրադարաններ, պահեստներ, երբեմն՝ դպրոցների կամ այլ հասարակական կառույցների համար նախատեսված տարածքներ։

Այդ գործունեության մասին մանրամասն կարդում ենք Խորհրդային Հայաստանում տպագրվող «Անաստված» թերթի տարբեր թվականների համարներում, որտեղ մանրամասն նշվում էին նաև հստակ գյուղերի անուններն ու փակվող եկեղեցիները: Բնականաբար, հոդվածներում մեծ տեղ էր գրավում նաև հորինված հատվածը, որով փորձում էին արդարացնել, թե իբր եկեղեցիները փակվում են նաև գյուղացիների ցանկությամբ: Թերթի 1929 թվականի համարներից մեկում կարդում ենք.
«Անցած ձմեռ մեր գյուղի ողջ հասարակությունը միաձայն որոշեց եկեղեցին դարձնել ժողովրդական տուն և հատկացրեց 200 ռուբլի սարքավորելու համար: Բերել տվեցինք ռադիո բարձրախոս, մի քանի անգամ կինո դրեցինք, տեղի թատրոնական խումբը տվեց մի քանի ներկայացում, այնտեղ փոխադրվեց խրճիթ ընթերցարանը, եղան մի քանի հասարակ ժողովներ….: Բայց այս կուլտուրական առաջադիմությունը փորձեցին խանգարել գյուղի տերտերը, չարչին ու կուլակները, հավաքեցին մինչև 50 ստորագրություն զանազան պառավ կանացից և այլն: Եկան քննության, բայց ստորագրողներից 35 հոգին հայտարարեցին, որ իրենք չեն ստորագրել, տասն էլ հրաժարվեցին իրենց ստորագրությունից: Այժմ եկեղեցին փակ է: Ողջ հասարակությունն այժմ պահանջում է բացել դուռը և դնել հասարակության տրամադրության տակ, կուլտուրական նպատակների համար»: («Անաստված», 1929, N 1-2):

Եթե այս դեպքում գյուղի անուն հստակ չէր նշվում, սակայն տեսանելի էր գործընթացը, ապա նույն թվականի նույն համարում կարդում ենք արդեն Ջաջուռ գյուղի եկեղեցու մասին.
«Ջաջուռ գյուղը ցարական ժամանակներում մատնված էր կրոնի խավարին և ուներ երկու եկեղեցի: Խորհրդային իշխանության տարած կուլտուրական աշխատանքներն այդ գյուղը միանգամայն հեղաշրջեցին, և ահա այդ երկու եկեղեցիները մեկն արդեն վերածված է գյուղխորհրդի շենքի, իսկ մյուս մեծը համայնքի միջոցներով պատրաստվում է ժողովրդական տան համար: Ինքը քահանան ևս իր համաձայնությամբ միացավ համայնքին, և անհամբեր սպասում ենք շենքի վերանորոգման վերջանալուն և կրթություն սովորելու: Գյուղը միանգամայն զերծ է կրոնական բթացնող ազդեցությունից»: (Նույն տեղում):

Եկեղեցիները փակվում էին նաև Հայաստանի հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի հարակից գյուղերում: Վաղարշապատի տարածաշրջանի Խորոնք գյուղի եկեղեցու մասին մասնավորապես կարդում ենք.
«Էջմիածնի գավառի, Սամաղարի շրջանի Այլանլու գյուղի եկեղեցին 1915 թվից մատնված է անգործության: Սկզբներում ուրիշ գյուղերից տերտերներ էին գալիս և ծիսակատարություններ կատարում, բայց ահա չորս տարի է, որ գյուղը կրոնի հետ ոչ մի առնչություն չունի և եկեղեցին միշտ փակ է, այդ հոյակապ շենքը անտերությունից քայքայվում է, այն ինչ գյուղը կարիք ունի կուլտուրական հիմնարկի:
Չքավորական ժողովը, գյուղխորհուրդը և կոմսոմոլը միաձայն որոշեցին եկեղեցին դարձնել կուլտուրայի տուն: Բայց արձանագրությունը դեռ տեղ չհասած, զարթնեցին հանկարծ կուլակները, ձայնազուրկները և զանազան պառավներ ու իրենց ազդեցության տակ ընկած մարդկանց սկսեցին սրել, բորբոքելու և խանգարելու այդ որոշումը: Սակայն մի քանի փտած, նախապաշարմունքների հետևից ընկած մարդկանց չպետք է ուշադրության դարձնել և շուտով եկեղեցու շենքը պիտի վերանորոգել և դարձնել ակումբ, քանի իսպառ չի խարխլել»: (Նույն տեղում):

Նույն գործընթացը իրականացվում էր նաև Արտաշատ քաղաքի և Վարդաշեն գյուղի եկեղեցու նկատմամբ.
«Ղամարլու շրջանի Մեհրաբլու և Զոհրաբլու գյուղերի հասարակությունը ծափահարությամբ եկեղեցու շենքը նվիրեց ակումբին: Դեմ էին միայն 3-4 հոգի ձայնազուրկ կուլակներ: Ակումբի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մասնակցությամբ Բանֆակի ուսանողության, շրջանից եկած ընկերների նվագախմբով: Եղան նվիրատվություններ»: («Անաստված», 1929, N 5-6):

Հատկանշական է, որ թերթելով միայն «Անաստված» թերթի 1920 և 1930-ական թվականների համարները, կարող ենք տեսնել Հայաստանի և Արցախի փակվող եկեղեցիների ամբողջ գործընթացը, տրամաբանությունն ու աշխարհագրությունը: Դա լիարժեք պատկեր է տալիս հասկանալու համար ժամանակաշրջանի եկեղեցիների դեմ արշավի տրամաբանությունը: Այդ ամենի հիմքում կար միայն մեկ նպատակ՝ ոչնչացնել Հայոց եկեղեցին:
Զ. Շուշեցի

