Ճգնաժամ գյուղատնտեսությունում. ո՞ւր են տանում միլիարդավոր ներդրումները

Երկար տարիների անկումից հետո, երբ անցած տարի գյուղատնտեսության մեջ որոշ աճ գրանցվեց, իշխանություններն առիթը բաց չէին թողնում ասելու, որ իրենց իրականացրած ծրագրերը սկսել են արդյունք տալ։ Թե ինչպիսի արդյունք են տվել այդ ծրագրերը, երևում է արդեն այս տարի. Անցած տարվա առաջին կեսի աճից հետո, այս տարվա առաջին կեսին գյուղատնտեսության մեջ կրկին անկում է գրանցվել։ Ընդ որում, անկման տեմպը շատ ավելի մեծ է, քան անցած տարվա աճն էր։

Անցած տարվա առաջին կեսին ոլորտում 7.3 տոկոս աճ էր արձանագրվել, այս տարվա առաջին կեսին անկումը հասնում է գրեթե 12 տոկոսի։

Թե ո՞ւր մնացին գյուղատնտեսության մեջ կառավարության իրականացրած ծրագրերը, որոնք իբր արդեն սկսել էին արդյունք տալ, դժվար չէ հասկանալ։

Այդ ծրագրերի «արդյունքն» այս տարի արձանագրված 12 տոկոսանոց անկումն է։

Կարդացեք նաև

Այն պարագայում, որ վերջին տարիներին մշտապես խոսում են պետական բյուջեի միջոցների հաշվին տասնյակ ու հարյուրավոր միլիարդ դրամների ներդրումների մասին։

«Եթե 2021 թվականին պետությունը գյուղատնտեսության վրա ծախսում էր մոտ 21 մլրդ դրամ, ապա արդեն 2023, 2024 և 2025թթ. այս ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի քան 40 մլրդ դրամ եղել է 2023-ին, 2024-ին՝ կրկին 40 մլրդ դրամ: Նախատեսում ենք 42-43 մլրդ դրամ ծախսել գյուղատնտեսության վրա 2025 թվականին»,- մեկ տարի առաջ գլուխ էր գովում էկոնոմիկայի նախարարը։

Խոսքը հարկատուների վճարած հարկերից տարեկան ավելի քան 100 մլն դոլարի աջակցության ծրագրերի մասին է։

Այս հայտարարությունից առաջ էլ նույն էկոնոմիկայի նախարարն ասում էր, թե իրենց իշխանության գալուց հետո, 7 տարվա ընթացքում գյուղատնտեսության մեջ իրականացված ներդրումները 7 անգամով ավելացել են։

Թվում է, թե դրանից հետո ՀՆԱ-ում գյուղատնտեսության բաժինը պիտի ավելանար։ Բայց նվազել է, այն էլ՝ շատ էական։ Եթե նախկինում գյուղատնտեսությունը ՀՆԱ-ում ուներ ընդհուպ 15-16 տոկոս մասնաբաժին, հիմա իջել է ընդամենը 8-9 տոկոսի։

Այդքան գումարներ ծախսելուց հետո, գյուղատնտեսությունը կորցրել է կշիռը տնտեսության մեջ։ Դա նշանակում է, որ կատարված հատկացումներն, իրականացված ծրագրերը չեն տվել ցանկալի արդյունքը։

Նվազել է ոչ միայն գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ, այլև ընդամենը մեկ տարի գրանցված որոշ աճից հետո, գյուղատնտեսությունը կրկին հայտնվել է խոր անկման մեջ։ Մինչդեռ՝ անցած տարվա այս նույն շրջանում, երբ գյուղատնտեսության մեջ որոշ աճ էր գրանցվել, Նիկոլ Փաշինյանը խոսում էր գյուղատնտեսության կայուն զարգացման փուլ թևակոխելու մասին։

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ մենք բավականին վայրիվերումներից հետո, ոնց որ թե գյուղատնտեսության ոլորտում թևակոխում ենք կայուն զարգացման փուլ»,- կառավարության նիստում ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչքանո՞վ է գյուղատնտեսությունը թևակոխել կայուն զարգացման փուլ, վկայում են այս տարվա ցուցանիշները։ Տարվա առաջին կեսին 12 տոկոսանոց անկում է գրանցվել, որն աննախադեպ բարձր է անգամ նախորդ տարիների համեմատ։

Այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում շատ ավելի մեծ փորձություններ են սպասում գյուղատնտեսությանը։ Նիկոլ Փաշինյանի ջանքերով՝ գյուղացին ու գյուղմթերք աճեցնողը կորցրել է իրացման հիմնական շուկան, իսկ նոր շուկաները բացվել են միայն իշխանությունների երևակայության մեջ։

Էկոնոմիկայի նախարարը պարբերաբար կրկնում է, թե նոր երկրների հաշվին ընդլայնվել են գյուղատնտեսական մթերքների իրացման շուկաները, արդեն 25 երկիր գյուղմթերք են իրացնում՝ ռուսական շուկայի փակումից հետո։ Բայց չի ասում, որ խոսքը շատ հաճախ ձևական ու սիմվոլիկ արտահանումների մասին է, որոնք գրեթե ոչինչ չեն տալիս գյուղացուն։

Մի օրինակ բերենք, որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է. Այս տարվա մայիսից մինչև հուլիսի 29-ը, այսինքն՝ շուրջ 3 ամսվա ընթացքում Հայաստանից ԵՄ երկրներ է արտահանվել ընդամենը 845 հազար հատ և 10 տոննա ծաղիկ։ Այն պարագայում, երբ մինչև ռուսական շուկայի փակումն ամսական մի քանի միլիոն հատ ծաղիկ էր արտահանվում ռուսական շուկա։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ ասել է հայկական գյուղարտադրանքի արտահանման երկրների ընդլայնումը։

Մոտ ապագայում, եթե չհաջողվի շտկել այս իրավիճակը, անհնարին կլինի փրկել Հայաստանի գյուղատնտեսությունը ծանր կորուստներից։ Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների հասնող կորուստների մասին է։ Ընդ որում, դրանք կլինեն ոչ միայն գյուղմթերքի, այլև վերամշակող արտադրության տեսքով։ Այսօր արդեն գյուղացիները բողոքում են որոշ ապրանքների մթերումների հետ կապված խնդիրներից ու հատկապես ցածր գներից։ Վաղն այդ խնդիրները շատ ավելի են սրվելու, առավել ևս՝ խաղողի մթերերում շրջանում։

Այս ամենն ուղղակիորեն հանգեցնելու է հայկական գյուղատնտեսության ոչնչացման։ Իրացման շուկա չունեցող գյուղացին վաղը դադարելու է գյուղատնտեսությամբ զբաղվել։ Իսկ չաճեցված հայկական գյուղմթերքին փոխարինելու է թուրքականը։

Վաղուց արդեն Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում բացելու Թուրքիայի հետ սահմանը, որպեսզի ավելի ակտիվացնեն թուրքական ապրանքների հոսքը։ Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ արդեն այս տարի թուրքական ներմուծման լուրջ ակտիվություն է նկատվում դեպի Հայաստան։

Թուրքական ապրանքների հոսքը գրեթե կիսով չափ ավելացել է։

Գյուղտնտեսությունը հեղափոխական տեմպերով զարգացնող ՔՊ-ականների իշխանությունը  գյուղատնտեսությունը կանգնեցրել է լրջագույն խնդիրների առաջ, որոնք սպառնում են գյուղացուն թողնել առանց եկամուտ։ Ու սա այն պարագայում, երբ գյուղատնտեսության մեջ զբաղված է Հայաստանի զբաղված բնակչության ընդհուպ 30-35 տոկոսը։ Այդ մարդկանց եկամուտները ձևավորվում են հիմնականում գյուղատնտեսության մեջ։ Մինչդեռ այսօր նրանք կանգնած են իրենց այդ եկամուտները կորցնելու ու ապրուստի հիմնական միջոցից զրկվելու վտանգի առաջ։

Իսկ ի՞նչ է անում անում իշխանությունը՝ գյուղացուն պաշտպանելու համար. կերակրում է հայկական գյուղմթերքով եվրոպական շուկաները ողողելու կեղծիքներով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31