Ավելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղը
Սաուդյան Արաբիայի Արքայի գավաթի խաղարկությունում «Ալ Ահլին» բարդ ու նյարդային պայքարում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ալ Անվարի» նկատմամբ՝ նվաճելով 1/8 եզրափակչի ուղեգիր։ Հանդիպման գլխավոր հերոսը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն էր, ում արդյունավետ գործողությունները փրկեցին թիմին սենսացիոն ձախողումից։
Goal.com-ի արաբական խմբագրությունը հատուկ հոդվածով անդրադարձել է հայ ֆուտբոլիստի տպավորիչ ելույթին՝ ընդգծելով նրա բացառիկ կարևորությունը նոր թիմի համար։
Հայ կիսապաշտպանը հանդիպման սկզբում բախվեց իսկական անհաջողության. առաջին խաղակեսում նրա հարվածներից հետո գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին։ Սակայն Սպերցյանի համառությունն արդարացվեց երկրորդ կեսում։ 61-րդ րոպեին Ֆիրաս Ալ Բուրայկանի փոխանցումից հետո նա բացեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել փոխարինման դուրս եկած Վենդերսոն Գալենոյին։
Արաբական պարբերականը նկատում է, որ Սպերցյանն աստիճանաբար ապացուցում է, որ շատ ավելի արդյունավետ և վճռորոշ խաղացող է, քան թիմից հեռացած ալժիրցի աստղ Ռիյադ Մահրեզը։ Թվերը խոսուն են. Սպերցյանն այս մրցաշրջանում անմիջական մասնակցություն է ունեցել «Ալ Ահլիի» խփած բոլոր 3 գոլերին (100%)՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 1 ասիստ։ Ակնհայտ է, որ նա դարձել է թիմի գրոհների գլխավոր շարժիչ ուժը, թեև գլխավոր փորձությունը դեռ առջևում է՝ ընդդեմ ավելի ուժեղ մրցակիցների։
Չնայած Սպերցյանի, ինչպես նաև Ֆրանսիշկու Տրինկաուի ակտիվությանը, «Ալ Ահլիի» խաղում նկատելի էին տակտիկական լուրջ բացթողումներ, հատկապես՝ պաշտպանություն վերադառնալու արագության հարցում։
Անճնշում խաղացող «Ալ Անվարը» կարողացավ օգտվել այդ բացերից։ Թիմը ոչ միայն երկար ժամանակ անառիկ էր պահում դարպասը, այլև 92-րդ րոպեին Ռեդա Բեն Սայահի ջանքերով կրճատեց հաշվի տարբերությունը։ Տանտերերը մոտ էին նաև հաշիվը հավասարեցնելուն, սակայն մայամցիներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։
Այս սխալների ֆոնին, թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մարինո Պուշիչը դեռ ժամանակի կարիք ունի՝ իր տակտիկական գաղափարները թիմում արմատավորելու և խաղային կայուն ռիթմ գտնելու համար։

