Ինչքա՞ն զիջենք. իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չե՛մ ուզում. Գուրգեն Մելիքյանը հուզվեց

Տավուշում իրավիճակի մասին արևելագետ Գուրգեն Մելիքյանն այսօր հանդես եկավ հայտարարություն-կոչով՝ սրբությամբ պահել հայրենիքի ամեն կտորը, մենակ չթողնել Տավուշն ու տավուշցուն:

«Իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, և մեր հետագա ճակատագիրը լուծվելու է Տավուշում:

Տավուշը մեր դարպասն է. ու այսօր մենք պարտավոր ենք պահելու Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը. այս գյուղերը միայն տավուշցիներինը չեն, այլև ձերն ու իմն են: Դա նույնն է, ինչ որ Արարատը, Կոտայքը, Գեղարքունիքը. յուրաքանչյուրս պարտավոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետր պահել սրբությամբ. մեր տղաները դրա համար են զոհվել, որ հայրենիք ունենանք,- նշեց Գուրգեն Մելիքյանը՝ շեշտելով, որ շատերը գիտեն խաղաղության արժեքը, բայց և գիտեն տղաների թափած արյան գինը,- Ես ամբողջ էությամբ պայքարելու եմ իմ հայրենի ամեն սանտիմետրի համար, առաջացած տարիքը կարևոր չէ ինձ համար, հայրենիքն ամենաբարձր արժեքն է, որ ես պատրաստ եմ կյանքով վճարել այդ հայրենիքի համար»:

Լրագրողներն արևելագետից հետաքրքրվեցին՝ այդ տարածքների հետ կապված հաճախ քննարկման դիսկուրս է դառնում հարցը՝ որն է հայկական, որը հայկական չէ:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ նա նշեց. «Ես կարծում եմ՝ այնտեղ հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են. կարիք չկա՝ մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ որ մերն է: Հիմա Դադիվանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր, այսօր որ պղծում են մեր սրբավայրերը, Ծիծեռնավանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր՝  4-րդ դարի հուշարձան:

Ուղղակի պետք է արձանագրենք ՝ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, ապաշնորհներն են, որ թույլ են տալիս պղծել մեր սրբությունները»:

Արձագանքելով հիշեցմանը, որ ինչպես այսօր՝ Տավուշ, այնպես էլ այն ժամանակ՝ Աղավնո  շատերն էին գնում. բայց տեսանք՝ ինչ եղավ, և պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անել, որ նույնը չկրկնվի, Գուրգեն Մելիքյանը շեշտեց. «Պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասել՝ եթե չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է.  ինչքա՞ն զիջենք:

Իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում»:

Վաստակաշատ մասնագետը ամփոփելով՝ հավելեց, որ լիահույս է, որ Հայաստանը լինելու է, և հզոր Հայաստան է լինելու:

Գուրգեն Մելիքյանը չկարողացավ շարունակել խոսքը. նա հուզվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս