Հայտարարությունների վրա կա արտաքին ազդեցություն. իրավապաշտպանը՝ Փաշինյանի՝ լեգիտիմության գծերի մասին
«Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերից հրաժարվելու վտանգներին և հնարավոր հետևանքներին, Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքների ապահովման մարտահրավերներին, գերեվարված հայ զինծառայողների և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության և վերադարձի խնդիրներին:
168.am-ն իրավապաշտպանից հետաքրքրվեց՝
Արդյո՞ք միջպետական գանգատներից հրաժարվելու իշխանությունների խոսույթը նշանակում է, որ այս իշխանությունների ներկայացրած հիմնավորումները Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ, թե այն ուղղված է ոչ թե ՌԴ-ի, այլ ՀՀ-ի դեմ ագրեսիա սանձազերծած միջազգային հանցագործների և Արցախում էթնիկ զտումներ կատարողների դեմ, ընդամենը «փուչիկ» էր:Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղեկացված չէ, կամ լավ չի պատկերացնում իրողությունները, երբ Տավուշի գյուղերի հանձնման մասին իր հայտարարություններում նշում է, որ դրանք մեր «լեգիտիմության գծերը» չեն:
Ի պատասխան՝ Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց. «Վերջին հարցից սկսեմ. այստեղ սխալ պատկերացումների հարց չկա, պարզապես շատ արտահայտություններ թելադրված են, և ես չեմ կարծում, որ դրանց հետևում արտահայտվում է իրական համոզմունքը, կամ դրանց հետևում կան պատմական փաստեր ու իրավական վերլուծություններ: Սրանք քաղաքական հայտարարություններ են, որոնց վրա կա արտաքին ազդեցություն»:
Միջպետական հայցերից հրաժարվելու իշխանությունների վտանգավոր թեզերի ուղիղ հետևանքների մասին խոսելով՝ իրավապաշտպանը նշեց, որ դրանով կլեգիտիմացվեն այն խախտումները, որոնք կատարել է Ադրբեջանը, ձեռքբերումները, որոնք ունեցել է: Այսինքն՝ դրանով ընդունում ենք առկա իրաղությունը և փակում պատմության էջը:
«Այս ամենում կա մեկ այլ վտանգ, եթե ՀՀ-ն հրաժարվում է, և Ադրբեջանը չի կատարում իր խոստումները, որոնք արտացոլված են քաղաքական, կամ, միգուցե, իրավաքաղաքական փաստաթղթում, ապա ինչպիսին պետք է լինի ՀՀ դրությունը:
Ընդ որում, մենք արդեն իսկ ունենք փաստեր, երբ Ադրբեջանը խախտել է այդ պայմանավորվածությունները, և դրա ցայտուն օրինակը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, երբ գերիների վերադարձի մարդասիրական պարտավորությունն Ադրբեջանը չկատարեց: Այսինքն, եթե անգամ հումանիտար խնդիրներով Ադրբեջանը խախտում է իր հանձնառությունները, հասկանալի է, որ քաղաքական, պետական նշանակություն ունեցող հարցերում Ադրբեջանը գործելու է բացառապես իր ազգային շահերով՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Եվ Հայաստանն այս պարագայում հայտնվելու է անպաշտպան վիճակում»,- մանրամասնեց իրավապաշտպանը:
Սիրանուշ Սահակյանն իրավական այս հայցերում նշեց մի կարևոր առանձնահատկություն, որ առկա վեճերը կապված են մարդու իրավունքների խախտումների հետ, և ՀՀ-ն միջպետական գանգատներ է ներկայացրել բացառապես կոնվենցիաների հիմքով, որի շահառուն քաղաքացիներն են: Եթե հայցերի առարկան լիներ տարածքային վեճը և բանակցությունների միջոցով այդ վեճի առարկան սպառվեր, գուցե տրամաբանական կլիներ հայցերից հրաժարվելը: Իրավապաշտպանի կարծիքով, սա նշանակում է, որ կան այնպիսի ճնշումներ, որոնք միակողմանի սպասարկում են Ադրբեջանի մոտեցումները:
Անդրադառնալով միջազգային քրեական դատարանին դիմելու հնարավորությանը, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դրա հնարավորությունն էապես փոքրանում է.
«Սակայն կա մեկ այլ հնարավորություն. Միջազգային քրեական դատարանը կարող է գործել, եթե դատարանի դատախազն իր հայեցողական լիազորություններն օգտագործելով՝ դիմի պալատին, ստանա համաձայնություն և սկսի քննություն ու հետապնդում: Իհարկե, այստեղ շեմերն ավելի ծանր են և գործարկման քայլերն ավելի բարդ են, ինչը խնդիրը դարձնում է դժվար լուծելի, բայց փաստեր, ապացույցներ ներկայացնելու պարագայում հնարավոր է այդ գործընթացների նախաձեռնումն առանց Հայաստանի հայցի»,- պարզաբանեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում