Հրատապ թեմա. Սիրանուշ Սահակյանը՝ Հայաստանի առջև ծառացած իրավական խնդիրների մասին. ՈւՂԻՂ
«Ցանկացած ներխուժում Տավուշի մարզի բնակիչներին դարձնելու է նաև ռազմական թիրախ, և այստեղ մենք կարող ենք ունենալ մարդկային էական կորուստներ, բայց սրանից զատ՝ կան այլ խնդիրներ ևս,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը և հավելեց,- Ադրբեջանական զորքերը, ինչպես գիտեք, մշտապես ունենում են այնպիսի տեղակայում, երբ վերահսկողության տակ են վերցնում կենսական նշանակության օբյեկտներ՝ ջրամբարներ, էլեկտրակայաններ, կամ բնականոն կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, հիվանդանոցներ: Եվ այս կենսական նշանակության օբյեկտները թիրախավորելով՝ պարտադրում են բնակիչներին լքել իրենց բնակավայրերը։ Այստեղ գույքային իրավունքների խնդիր էլ գոյություն ունի․ այս անձինք ունեն պաշտպանված սեփականության իրավունք, նաև սեփական բնակավայրում ապրելու իրավունք»:
Ի դեպ, սեփական բնակավայրում ապրելու իրավունքի մասին իր դիտարկումներում իրավապաշտպանն ընդգծեց՝ այդ խնդիրն առկա է նաև արցախցիների առումով, քանի որ, անկախ նրանից, թե Արցախի հետ կապված ինչպիսի քաղաքական լուծումներ կարող են տրվել, այնտեղ գտնվող հայերն իրենց բնակավայր վերադառնալու, իրենց էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք ունեն. սա տեղավորվում է միջազգային իրավունքի ներքո:
Անդրադառնալով երաշխիքներին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Այս տարածքները գտնվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։ Մարդու իրավունքների այս խախտումները կարող են որակվել նաև միջազգային հանցագործություններ: Եվ Հայաստանի Հանրապետության կողմից Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կտա արձագանքել այս խախտումներին՝ խնդիրը ներկայացնելով Միջազգային քրեական դատարանի ուշադրությանը։
Այստեղ, իհարկե, կան այլ բնույթի հարցեր, որոնցում կա քաղաքական տարր. որքանո՞վ Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելուց զատ՝ իրական քայլեր կձեռնարկի Միջազգային քրեական դատարանն այս տարածաշրջանում գործողության մեջ դնելու համար»:
Նա հավելեց՝ Միջազգային քրեական դատարանն ավելի կոշտ և ներազդող մեխանիզմ է՝ համեմատած Միջազգային արդարադատության դատարանի հետ. «Այն առումով, որ այնտեղ քննարկվում է պետության պատասխանատվության խնդիր, իսկ ՄՔԴ-ում բարձրացվում է անհատների քրեական պատասխանատվության հարցը, և, որպես կանոն, այդ անհատները բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարության մաս են։ Ու եթե Հայաստանը գտնվում է ճնշման ներքո, որպեսզի հրաժարվի պետության պատասխանատվություն ենթադրող մեխանիզմներից, կարծում եմ՝ վախն այնքան մեծ է, որ նրանք՝ Հայաստանի իշխանությունները, ձեռնպահ կմնան այնպիսի իրավական գործընթացներից, որի արդյունքում Ադրբեջանի ղեկավարը կամ նրա ենթակայության ներքո գործող այլ կարևոր պաշտոնյաներ հայտնվեն Միջազգային քրեական դատարանի առջև»։
Մանրամասները՝ տեսանյութում