«Սա նշանակում է առանձին կրոնական հաստատություն, ուղղություն հիմնելու հայտ ներկայացնել». Արշակ սրբազան
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ Կառավարությունում հանդիպման գնացած սրբազանների մասին, նշեց՝ չգիտի, այդ սրբազանների նկատմամբ իշխանությունը որևէ շանտաժ կիրառե՞լ է, թե՞ ոչ։
«Բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է, դավաճանությունը մեր խոստովանությունների, մեղքերի խոստովանության ցուցակում չկա արձանագրված՝ որպես մեղք։ Գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև դավաճանությունը հավաքաբար խորհրդանշում է այդ ամբողջ մեղքերի միասնությունը, դավաճանությունն ուխտադրժություն է։
Ես երեք ասպեկտ եմ տեսնում՝ մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլև իրենք իրենց, դավաճանել են այն ամենին, ինչը պատկանում է իրենց անցյալին, դավաճանել են այն ամենին, ինչին հավատում են։ Սա ուղղակի ինքնաժխտում է, ժխտել սեփական կենսագրությունը, սեփական պատկանելությունը։ Կանոնական լեզվով ասած՝ դա նաև հերձված է, հերձվածության դասական օրինակ։
Մեզ երբեմն թվում է, որ պատարագների ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ մի պատարագի հատվածի զեղչումն է, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Սա ժխտումն է նվիրապետական կարգին, եկեղեցական իշխանությանը, սեփական պատկանելությանը։ Սա նշանակում է, դու եկեղեցու պատկանելությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է առանձին կրոնական հաստատություն, ուղղություն հիմնելու հայտ ներկայացնել։
Բայց սա դեռ բավարար չէ, դու այդ հայցը ներկայացնում ես՝ ապավինելով այնպիսի քաղաքական իշխանության աջակցությանը, որն ըստ էության չունի որևէ լեգիտիմություն, որոնք էլ բարձրագոչ թափահարեն ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը»,- նշեց Արշակ սրբազանը։
Նա ընդգծեց՝ այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացում օրվա իշխանության հետ, կիսում են նրանց քայքայիչ, պետականակործան քաղաքականության պատասխանատվությունը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
