«Վեհափառը մենակ չէ. Եկեղեցին համախմբված է Վեհափառի շուրջ. աջակիցների բանակը մեծ է». Արշակ սրբազան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած, այնուհետև հայտարարություն տարածած եպիսկոպոսների մասին, և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Վեհափառը մենակ է մնացել, նկատեց.

«Իհարկե, Վեհափառը մենակ չէ։ Տեսաք, որ 10 եպիսկոպոս է հայտարարություն արել, իսկ Վեհափառի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը տեսանելի դարձնելու համար պարտադիր չէ, որ այդ բոլոր եկեղեցականները հայտարարություն անեն։ Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են Վեհափառի շուրջ։ Եթե անգամ Վեհափառը մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է՝ որևէ մեկը, որևէ ձևով չի կարող համարել, որ Վեհափառը պաշտոնաթող է և հրաժարվել է գահից։ Բայց նորից եմ ասում, Վեհափառին աջակցողների բանակը մեծ է, նրա շուրջ են այն եկեղեցականները, որոնք ուխտն ու հավատարմությունը պահում են»։

Արշակ Սրբազանի խոսքով՝ այն, ինչ արվել է այդ սրբազանների կողմից՝ դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթաքույց քայլ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին  Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել էր մի քանի եպիսկոպոսների հետ, դրա վերաբերյալ կարճ տեսանյութ էր հրապարակվել, սակայն հանդիպման բուն բովանդակության մասին որևէ հրապարակում մինչև այս պահը չի արվել։

Կարդացեք նաև

Հանդիպումից հետո այդ եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, պահանջելով Արշակ սրբազանի հրաժարականը։

Հանդիպմանը մասնակցել էին 9 եպիսկոպոսներ։ Նրանց թվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց  ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս