«Եթե զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով՝ բացարձակապես որևէ քննադատության, թթու խոսքի չէի արժանանալու. Ես չեմ հեռանալու». Արշակ սրբազան

«Իմ հեռանալու, իմ ծառայությունը կասեցնելու պահանջը կապված է տեսագրությունների հետ, որոնք հրապարակվեցին։ Քանի որ այդ ամենը տեսագրությունների հետ ուղղակի առնչվում է, ասեմ՝ տեսագրությունը, որը շրջանառվել է, դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել, անգամ Քննչական կոմիտեն, որը «բարյացակամ» է տրամադրված մեր նկատմամբ։ ՔԿ-ն ընդունում է, որ դրանք ինչ-որ ապօրինի տեսագրություններ են»,- այս մասին այսօր Մայր Աթոռում հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Ըստ սրբազանի, որևէ մեկը չկա, որ, օրինակ, ասի, թե այդ տեսագրություններն ինքն է պատրաստել, հորինել, և այլն, չկա, «անտեր ինչ-որ տեսագրություն է»։  Նաև այդ գործով չկա որևէ անձ, որը կհաստատի ու կասի՝ դա այդպես է։

«Դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում, հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ, ես էլ լավ գիտենք, եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, ապա բացարձակապես որևէ քննադատության կամ որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Հետևաբար՝ այս երևույթն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ։

Ուրեմն՝ Քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի «իրազեկվածի» հաղորդման հիման վրա, և ես հրավիրվել եմ հանդիպման։ Երբ ես գնացի այդ հանդիպմանը, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չէ բացահայտել, և դուք պարտավոր եք այդ նախաքննական գաղտնիքները չբացահայտել։ Պարզվում է, որ այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես, սա նման է մեկ դարպասով ֆուտբոլի խաղի, ինչ-որ մարդիկ իմ ձեռքերը կապում են, և որոշները փորձում են հարվածել։

Կարդացեք նաև

Հանկարծ պարզվում է, որ այդ նախաքննական գաղտնիքը կարող է հայտնվել 3-րդ, 4-րդ անձանց ձեռքում։ Ես դրանից չեմ նեղսրտում ու ոչ էլ երկյուղում եմ։

Մեկ օրվա ընթացքում նշանակվում է փորձաքննություն և մեկ օրվա ընթացքում արդյունքները փոխանցվում են այդ փորձաքննության հետ կապ չունեցող անձանց, մեր եպիկոպոսներից մեկին»,- նշեց Արշակ սրբազանը։

Նա շեշտեց, որ այդ տեսանյութի հետևանքով իր ընտանիքի անդամները տհաճ իրավիճակում են հայտնվել՝ համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց ընտանիքի անդամներն էլ միանշանակորեն այդ ամենը ժխտում են։

«Քանի որ մեր այսօրվա դիսկուրսն իջել է այս մակարդակի, ես բոլոր հարցերին կպատասխանեմ, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ խուսափում եմ։

Իհարկե, ես կարող էի խնդրել դադարեցնել իմ ծառայությունը, բայց այդ դեպքում, մտավախություն ունեի, որ պետք է ջուր լցնեմ այն մարդկանց ջրաղացին, ովքեր ստեղծել են այս հերյուրանքը, իրենց նպատակը դա է։

Եթե շարունակեմ իմ պաշտոնավարումը, տպավորություն պետք է ստեղծվի, որ բացարձակապես արհամարհած ունեմ հանրային ընկալումները, կարծիքը։ Այս հարցին ժամանակի մեջ կանդրադառնամ։ Բայց կարող է հասնել պահը, երբ ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, բայց ես դա պետք է գնահատեմ ու տեսնեմ, եկեղեցական իշխանությունը պետք է գնահատի, թե դա անհրաժեշտ է։ Հիմա ըստ էության առաջարկվել է, որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ, իրավական լեզվով ասած՝ խափանման միջոց է կիրառվում։

Երբ գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից օգտակար է, ես պատրաստ եմ ցանկացած քայլ անել, ոչ միայն պաշտոնավարումս դադարեցնել, այլ ընդհանրապես կարգս թողնեմ, որևէ խնդիր ես չունեմ։ Բայց ես չեմ պատրաստվում անել մի քայլ, որը ենթադրել կտա, որ այն, ինչն ինձ վերագրվում է՝ ճիշտ է»,- ընդգծեց Արշակ սրբազանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսները հանդիպումից մեկ օր անց հայտարարել էին, որ Արշակ սրբազանը պետք է դադարեցնի իր ծառայությունը, քանի որ, ըստ նրանց՝ իշխանական կայքերում հայտնված տեսանյութում եղած անձն Արշակ սրբազանն է։

Տեսանյութեր

Լրահոս