Ինքն ուզում է ասել, որ գեղի միակ տղան ինքն է. չեմ բացառում, որ առաջիկայում քրեական գործեր հարուցվեն Արցախի՝ Հայաստանում գտնվող քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչների հանդեպ. Նաիրա Զոհրաբյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հարցազրույց էր տվել ֆրանսիական Le Figaro-ին: Հարցին՝ «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», Արցախի Հանրապետության նախագահը պատասխանել էր. «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, որի համաձայն՝ կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմունքներով մնում են իրենց պաշտոններում»։
Սամվել Շահրամանյանի այս հայտարարությունը խիստ անհանգստության պատճառ է դարձել իշխանական թիմում, որի տարբեր մանր ու մեծ ներկայացուցիչներ շտապեցին պարտակել, կոծկել Արցախի մասին իրողությունը:
Առաջին արձագանքը Նիկոլ Փաշինյանինն էր, որը Կառավարության նիստի ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանում կա մի կառավարություն, որը նստած է դահլիճում:
«Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է՝ որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է։ Եվ հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Ես ուզում եմ, որ էս ուղերձը հստակ լինի բոլորի համար»,- նախազգուշացրել էր նա:
Այս նախազգուշացումները, սպառնալիքներն «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին չեն զարմացրել: 168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ այս դրվագին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման իշխանամուտից մինչ օրս երկրում կատարվող իրողությունների համատեքստում. «Հիշում ե՞ք՝ 2018 թվականի «թավշյա տեռորից» հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր անկախ դատական համակարգի մասին, նշում էր, որ իրավապահ համակարգը երբևէ այսքան անկախ չի եղել, բայց ես չգիտեմ մի երկիր՝ գուցե բացառությամբ աֆրիկյան երկրների, որտեղ հանիբալիզմը դեռևս ավանդույթ է, որտեղ դատական համակարգն այնքան կախյալ լինի իշխանությունից, որքան Հայաստանում:
Եթե ժողովրդավարության այս ճգնաժամը, խոսքի համար մարդկանց կալանավորելը՝ ինչպես արեցին ընդամենն օրեր առաջ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեպքում (Նարեկ Սամսոնյանի դեպքում ուղղակիորեն խախտելով միջազգային բոլոր կոնվենցիաները՝ գետնին պառկեցնելով և բռնություն գործադրելով անձի հանդեպ, որը որևէ դիմադրություն ցույց չէր տալիս), լիներ նախկին իշխանության, իրենց սիրած ձևակերպմամբ՝ «Սերժի վախտ», ապա ժամերի ընթացքում Հայաստանին դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից, ՀՀ-ն կընկներ տոտալ սանկցիաների տակ»:
Քաղաքական գործիչն այս օրերին Եվրոպայում է և, իր փոխանցմամբ՝ տարբեր ձևաչափերով քննարկումների է մասնակցում, ու, ինչպես ոչ վաղ անցյալում, այսօր ևս ցավով արձանագրում է՝ եթե Նիկոլ Փաշինյանն անգամ ուղիղ եթերում մարդ էլ ուտի, այս փուլում Արևմուտքը դա համարելու է ժողովրդավարության վերջին թրենդ, և որևէ սանկցիա այս իշխանության հանդեպ չի կիրառելու:
Պատճառների մասին՝ նախկին պատգամավորը մանրամասնեց. «Արևմուտքը շատ մոտ է իր երազանքին. մենք տեսնում ենք Ռուսաստանին ուղիղ հայտարարված պատերազմը: Սա Արևմուտքի պատերազմն է ընդդեմ ՌԴ-ի՝ Նիկոլի ձեռքով, որովհետև Հայաստանն Արևմուտքին պետք է որպես ռազմական պալիգոն՝ առանց Ռուսաստանի: Սա է խնդիրը»:
Խոսելով կոնկրետ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը հաջորդած Փաշինյանի արձագանքի մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ այդ «հաթաթան» հասկանալի է՝ հատկապես այն դիպվածից հետո, երբ փողոցում կանգնեցրին Արցախի նախագահի շարասյունը:
«Ինքն ուզում է ասել, որ գեղի միակ տղան ինքն է, միակ ասողն ինքն է, որ մի ամբողջ երկիր կախված է իր և իր ընտանիքի տրամադրությունից ու որոշումներից: Ես չեմ բացառում, որ, այո, առաջիկայում քրեական գործեր հարուցվեն կոնկրետ Արցախի՝ Հայաստանում գտնվող քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչների հանդեպ: Իրենց համար բարոյական կարմիր գծեր չկան. հնարավոր է՝ մեկի ջեբը պլան գցեն և այդ գործով մարդուն տանեն-կալանավորեն: Սա բեսպրեդել է, ժողովրդավարության ճգնաժամ, կայուն քայլերով հաստատվող բռնապետություն»:
Արցախի վտարանդի կառավարությունն ի՞նչ սպառնալիք ու խնդիր կարող է ստեղծել ՀՀ անվտանգության համար՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց. «Երբ Նիկոլն ասում է՝ սպառնալիք է, նա նկատի ունի, որ դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ամեն ինչն այդպես պետք է հասկանալ:
Երբ Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց գրկի մեջ նռներ էին լցրել և ասում էին՝ Աղդամը մեր հայրենիքն է, իրենք չէին սխալվում. նկատի ունեին Ադրբեջանը, այլապես հնարավոր չէ, որ դրանից մեկ-երկու տարի հետո իրենք տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեն և ասեն՝ ոչ միայն Արցախն է Ադրբեջան, այլև՝ Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, և այսօր արդեն՝ Ոսկեպարը: Իսկ դրանից հետո չբացառեք, որ Իջևանը կլինի Ադրբեջան, հետո՝ Կասկադը կդառնա հին պատմական Ադրբեջանի մաս:
Եվ երբ ինքն ասում է՝ սպառնալիք է, խոսում է Ալիևի անունից: Այո՛, Ալիևն ուզում է ջնջել Արցախի հայկականության հետ կապված ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց, որոնք նույնականացվում են Արցախի հետ՝ կլինի Արցախի նախագահ, կլինեն Արցախի պատգամավորներ, կամ՝ մարդիկ, որոնք խոսում են Արցախից»: