Բանակի ճակատագրական ընտրությունը… Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել իր իսկ անօրինական հրահանգները կատարած զինվորականներին

2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Տավուշի մասին կետ կար, որը հետո հանվել էր:

Թե ում շնորհիվ կամ ջանքերով է դա արվել՝ Դավիթ Տոնոյանի՞, Օնիկ Գասպարյանի՞, Տիրան Խաչատրյանի՞, Արմեն Աբազյանի՞, թե՞ այլ մեկի, տեսակետները և պատմությունները տարբեր են, որոնց 168.am-ն անդրադարձել է։ 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս մասով իր ճշմարտությունն էր առաջ քաշել: Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ Տավուշին վերաբերող կետով պայմանավորված՝ ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Կարդացեք նաև

«Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»,- 2021-ի նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել էր Փաշինյանը:

Նույնը պնդումը Փաշինյանն արել էր 2023 թվականի մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ՝ «ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի»:

«Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի,- շեշտել էր Փաշինյանը, որից հետո շարունակել էր,- Մեր քաղաքական թիմի անդամներն ասում էին, որ պետք է ինստիտուցիոնալ որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները պետք է ձայնագրվեն, նաև հեռախոսային բոլոր խոսակցությունները: Ինչի՞ չի դա արվել, և այլն, և այլն: Դե, ինստիտուցիոնալ էնքան բան չի արվել: Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, արձանագրվել, այլապես շատ մարդիկ շատ բաներ խոսալու ոչ մի տարբերակ չէին ունենա»:

Ի՞նչ է ստացվում՝ նման կարևոր քննարկման կամ խոսակցության փաստական ապացույց Փաշինյանը չունի՞, գուցե ունենալը ձեռնտու չէ՞, իսկ գուցե ունի, բայց դրա հրապարակումն իրե՞ն ձեռնտու չի: Ո՞վ գիտի, գուցե մի օր աղավաղված այս քննարկումից էլ «սլիվներ» լինեն, այնպես, ինչպես ԱԽ գրասենյակն էր արել և աղավաղված հրապարակել 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ, իսկ Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել իր ամբողջական ելույթը, հատկապես, երբ ԱԽ-ն արդեն գնացել էր փակ հանդիպմանը հնչեցված խոսակցության գաղտնազերծմանը: Բայց Նիկոլ Փաշինյանը դրան այդպես էլ չգնաց:

Ինչպես վերևում նշեցինք, թե ում շնորհիվ և ինչ պայմաններում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հանվել Տավուշի մասին կետը, էական չէ, հատկապես, երբ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո 168.am-ը բազմիցս զգուշացրել է, որ Տավուշի մասին կետը հանվել է միայն 2020 թվականի զինադադարի եռակողմ այս հայտարարության մեջ, բայց ոչ Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածություններից, և, որ դրանց ինչ-որ պահի փորձելու են «օրենքի ուժ» հաղորդել, և թե ինչ ենք կորցնելու, եթե ԽՍՀՄ քարտեզը հասնի Տավուշ:

Այսինքն, ավելի քան 3 տարի պարբերաբար մեր մասնագիտական պարտականությունների շրջանակում տեղեկացրել ենք հանրությանը սպասվելիք անվտանգային սպառնալիքների և տարածքային կորուստների մասին, բայց տեղի բնակիչները նախընտրել են հավատալ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներին, կամ այն, որ ամեն ինչ արվելու է պատմության մեջ առկա իրավական հիմքի վրա:

Իսկ այսօր առանց որևէ իրավական հիմքի, առանց քարտեզների շուրջ համաձայնության, կամ՝ Ադրբեջանի համար նախընտրելի քարտեզներով, և ոչ թե՝ 1926 թվականի քարտեզով, որով, ըստ մասնագետների, անկլավների հարցը փակվում է, Նիկոլ Փաշինյանը Տավուշից տարածքներ է պատրաստվում հանձնել, որի մասին իր պատրաստակամությունը շատ հստակ արտահայտել էր 2023 թվականի մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Միաժամանակ, այստեղ, ըստ էության, առաջին անգամ շատ հստակ Փաշինյանը խոսել էր Տավուշից զորքի հետքաշման մասին:

«Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:

Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:

Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»,- ասել էր Փաշինյանը:

Ինչ է արվում հիմա,  և ինչ կարող է տեղի ունենալ: Ըստ էության, ականատես ենք լինելու Տավուշի հատվածից զորքի միակողմանի հետքաշման, ինչպես եղավ Սյունիքի դեպքում՝ Փաշինյանի միանձնյա որոշմամբ, և մոտ 20 դիրք ենք կորցնելու միայն Ոսկեպար-Կիրանց հատվածում: Ավելին՝ մենք կորցնում ենք Հայաստանի հյուսիսարևելյան պաշտպանական ամուր գիծը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նախ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով ազատվեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից, և հիմա արդեն գործը հասել է 3-րդ բանակային կորպուսին և հյուսիսարևելյան պաշտպանական գծին, որտեղ դեռ նախկին իշխանության օրոք խոշորացվել էին կրակային միջոցների տրամաչափը, կատարվել ինժեներական ծավալուն աշխատանք, ավելացվել դիրքերի թիվը, ստեղծվել հրետանու կրակից պաշտպանվելու հավելյալ հնարավորություններ, կատարելագործվել դիտարկման համակարգը:

Այսինքն, եթե կար ժամանակ, որ շեշտը դրվում և ամրապնդվում էր պաշտպանությունը, ապա առնվազն 2017-ին հենակետերը լրակահավորում էին ակտիվ մարտ վարելու նպատակով:

Ինչպես 2017 թվականին «Հայ զինվորին» տված հարցազրույցում ասել էր այդ ժամանակ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Խաչատուրովը՝ «մեր դիրքերը ոչ թե թաքնվելու, այլ կռվելու համար են»:

Նույն հարցազրույցում Գրիգորի Խաչատուրովը նշել էր նաև. «Հանրապետության հյուսիսարևելյան սահմանները հսկող զորամիավորումը ինքնուրույն միավոր է: Հարկ եղած դեպքում պետք է կարողանա գործել առանց օժանդակ ուժերի և միջոցների ներգրավվածության, համընթաց և ներդաշնակ:

Մենք անընդհատ ուսումնասիրում ենք, թե ինչ է անում հակառակորդի բանակը, ինչպես է ձևափոխվում, որոնք են նրա թույլ և ուժեղ կողմերը, ըստ այդմ էլ հստակեցնում ենք մարտական հաշվարկների գործողությունները: Հակառակորդը գլխին հարված ստանալուն պես սթափվում է: Մեր այդ հարվածը պետք է ժամանակին և շատ ուժգին լինի: Թող մեծամտություն չհամարվի` պատրաստ ենք»:

Եվ հենց սա չէր կարող ներվել և չներվեց գեներալ Խաչատուրովին, և ոչինչ, որ ընդդիմադիր և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ պատկերացնում էր, թե ինչ անվտանգային հզոր խնդիր է լուծել բանակային այս զորամիավորումը, ինչ անվտանգային ռիսկեր են նվազեցվել դիրքային բարելավումների արդյունքում, և ինչ խնդիրների առաջ ենք բախվելու դիրքերի հանձնման դեպքում:

Ի դեպ, 2021 թվականին ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում նշվում էր. «ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուս, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»: Այսինքն, անվտանգային հարցերում անզիջում էր 3-րդ բանակային կորպուսը:

Այսօր զորամիավորման հրամանատարությունը քննություն ունի հանձնելու՝ ենթարկվել Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմա՞նը, որն անօրինական է, թե՞ օրենքին և սահմանադրական պահանջին։ 

Մասնավորապես, Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Արդյո՞ք մեկ քաղաքական ուժի օրակարգը սպասարկելը, որով բախվում է սահմանադրական պարտականությունների հետ, քաղաքական չեզոքության խախտում չէ, որի արդյունքում վտանգվում է քաղաքացիների անվտանգությունը նաև:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ «միանձնյա ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ղեկավարման և զինծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է, որը հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար»:

Իսկ «միանձնյա ղեկավարությունը դրսևորվում է հրամանատարի (պետի)` իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու զինվորական կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ»:

Իրականությունն արդեն ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանն իր համար քաղաքական հարմար պահի անգործության մեջ է մեղադրում և անազատությունից զրկում այն զինվորականներին, որոնք իրեն ենթարկվելով՝ համապատասխան գործողություններ չեն իրականացրել՝ կանխելու ադրբեջանական առաջխաղացումները և հետո նրանց ՀՀ տարածքից հեռացնելու:

Եվ չի բացառվում, որ մի օր 3-րդ բանակային կորպուսի պաշտպանության տակ գտնվող դիրքերի հանձնման համար Փաշինյանը մեղադրի հրամանատարությանը՝ անօրինական հրամաններ տալու համար՝ ասելով, որ իրադրությունը ճիշտ չեն ներկայացրել իրեն, և այլն:

Այնպես որ, հայ ժողովրդի, Տավուշի համար այսօրվա ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում Փաշինյանն իր ոչ ադեկվատ որոշումների պատասխանատվությունը դարձյալ դնելու է զինվորականության վրա: Այսինքն, ԳՇ-ն, 3-րդ բանակային կորպուսը չպետք է անօրինական քաղաքական հրաման կատարի, կամ՝ առնվազն պետք է հրաժարական տան՝ գոնե ինչ-որ չափով պաշտպանելով, տվյալ դեպքում, զինվորականի իրենց պատիվը:

Նիկոլ Փաշինյանն այսօր բանակին և գյուղացուն հանել է իրար դեմ, և ամեն ինչ անում է, որ, առհասարակ, հանրությունը վերջնականապես դադարի բանակի հետ հույսեր կապել, առանց այն էլ՝ 44-օրյա պատերազմից հետո զինվորականության հանդեպ ատելության մթնոլորտ է:

Իհարկե, չի բացառվում, որ զինվորականության չհանձնվելու դեպքում Փաշինյանն Ադրբեջանի «ձեռքով» Տավուշի ուղղությամբ հուլիսյան մարտերի նման մի բան կազմակերպի, ինչի մասին, ըստ էության, ակնարկել է՝ հուշելով անգամ, թե գիտի՝ ինչով կավարտվի դա: Սրան էլ պիտի պատրաստ լինել: Եվ հենց սրա համար բանակը պիտի կանգնի գյուղացու կողքին, գյուղացին՝ բանակի:

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությանը, ապա հավելենք, որ 44-օրյա պատերազմի օրերի ռազմական ղեկավարությունը պետք է հստակ պատասխանի հետևյալ հարցին՝ ինչի՞ դիմաց է Տավուշի վերաբերյալ կետը հանվել այդ հայտարարությունից, կամ՝ ի՞նչ պայմանով, ի՞նչ հեռանկարով:

Ի դեպ, 2023 թվականի մայիսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ հատկապես հարցադրում էր արել՝ «ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց», այնուհետև շարունակել էր, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իր պաշտոնանկությունից հետո, իր հետ որևէ առնչություն չունի:

«Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,- ընդգծել էր նա:

Իսկ ո՞ւմ հետ աղերս ունի, ԳՇ նախկին ղեկավարության օրոք այս հարցի վերադարձի առիթ եղե՞լ է, արդյո՞ք ԳՇ նախկին ղեկավարության օրոք՝ նոյեմբերի 20-ից հետո, «անկլավների» հարցն օրակարգ մտել է և ե՞րբ, և ի՞նչ է արվել: Այս հարցերի պատասխանը, թերևս, պետք է տա ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Ի դեպ, 2021 թվականի հունիսի 11-ին Աչաջուրում Փաշինյանը Օնիկ Գասպարյանին մեղադրելով 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Տավուշի տարածքները տալու մեջ, ըստ էության, խոսել էր նաև Տավուշի հետ կապված գեներալ-գնդապետի իրավունքների մասին:

«Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»,- ասել էր նա:

Եվ այսօր ժամանակն է, որ գեներալ-գնդապետ, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն օգտվի այս իրավունքից և առնվազն խաթարի իր լռությունը: Նույնը վերաբերում է նաև գեներալ-մայոր, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Թեմուր Շահնազարյանին, ով շատ լավ է հիշում արցախյան առաջին պատերազմի օրերին Տավուշում տիրող իրավիճակը, մարտական գործողությունները: 3-րդ բանակային կորպուսը նաև նրանց զինվորական կենսագրության մեջ իր տեղն ունի, դեռ մի կողմ ենք դնում Տավուշից լինելու փաստը:

Ի վերջո, կա լռելու և գործելու ժամանակ, իսկ նժարին ՀՀ ԶՈւ ամենամարտունակ զորամիավորման և ՀՀ հյուսիսարևելյան պաշտպանական գծի ճակատագիրն է, դրանով նաև՝ Տավուշի մարզի և Հայաստանի, և եթե 44-օրյա պատերազմի վերաբերյալ հնարավոր եղավ ասել, որ «մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, և անհավասար պայքարում հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ», հիմա՞ ինչ եք ասելու…

Իսկ Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել զինվորականներին՝ իր իսկ անօրինական հրահանգները կատարելու համար, երբ այս առումով փակված չէ դեռ 44-օրյա պատերազմի պարտության էջը…

Տեսանյութեր

Լրահոս