Նիկոլ Փաշինյանի «տակտիկական նահանջները» Տավուշի ուղղությամբ
Արդյոք նախատեսվո՞ւմ է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ, ինչպես վերջին օրերին գրում էր մամուլը, եթե այո, ապա ի՞նչ նշանակության ճանապարհ է այն լինելու:
Դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս հարցին չտալով հստակ և կոնկրետ պատասխան՝ ասաց, որ պետք է սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա լինի, և հիմա քննարկում է գնում, թե որ թվականի քարտեզներով է այն տեղի ունենալու՝ կա 1975 թվականի քարտեզ, կա 1965-ի քարտեզ, կա 1929 թվականի քարտեզ: Սակայն իր խոսքում Փաշինյանը հիմնականում հիշատակեց 1975 թվականի քարտեզը, բնական է, չխոսեց, թե ինչ է ՀՀ-ից անցնելու այդ 1975-ի քարտեզով:
«Մենք հիմա այդ բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք և տեսնում ենք, որ կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից՝ էն 1975 թվականի: Եվ մենք հիմա նայում ենք սցենարներ, քննարկում ենք՝ եթե էսպես ընթանան պրոցեսները, մենք ինչ խնդիր կունենանք, կունենա՞նք, թե՞ չենք ունենա: Եվ եթե հանկարծ ունենանք, ինչպես կարող ենք հաղթահարել այդ խնդիրը: Իմիջիայլոց, 1975 թվի քարտեզով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսը այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է՝ 1990-ականներից, Պառավաքար գյուղի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է, Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ շատ մեծ, բայց էական կտոր,- ասաց Փաշինյանը և հավելեց,- Հիմա ես կարող եմ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ և այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք ու ասենք՝ ոչինչ չենք նկատում: Մենք հիմա ուսումնասիրում ենք, և ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում, ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այն, որ Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք Բերքաբերի, Պառավաքարի հատվածում, դա այդպես է, բայց հաշվի առնելով պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի որդեգրած դիրքը, հայտարարությունները, պահանջներ չդնելու ցանկության կամ անկարողության բացակայությունը, քիչ հավանական է, որ այս տարածքները գործող իշխանությունները, այսպես ասած՝ հետ ստանա, ուստի Փաշինյանի այս հայտարարությունը հակառակ սպասելիքների տեղիք է տալիս, հատկապես, երբ իշխանության ներկայացուցիչներից Արման Եղոյանն ասել էր, որ իրենք ընդունում են 1926 թվականի քարտեզը, բայց իրավիճակը կայունացնելու համար ՌԴ-ն առաջարկել է 1974-ի ռազմական քարտեզը: Սա գալիս է հաստատելու այն, որ 1974 կամ 1975 թվականի քարտեզը ՀՀ-ին, մեղմ ասած, այնքան էլ ձեռնտու չէ, և առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, մանիպուլյացիայի դիմեց, ինչը հաստատեցին նաև ադրբեջանական լրատվամիջոցները՝ ակնարկելով, որ իրենց ձեռնտու է 1974-ի քարտեզը և դրանից հետոյի:
«1982-ին որոշում է կայացվել Ղազախի շրջանից որոշակի տարածքներ տալ Հայաստանին, այդ թվում՝ տարածքներ Քեմերլի (Թխաձոր), Ասլանբեյլի, Գայմագլի գյուղերից, ինչպես նաև»,- գրում է ադրբեջանական կայքերից մեկը՝ նշելով, որ ՀՀ-ին են տրվել նաև տարածքներ Սադարակի շրջանից և Մեղրիի հետ սահմանակից Օրդուբադի շրջանից: Նշված շրջանները մտնում են Ալիևի հրամանով ստեղծված Նախիջևանի տնտեսական շրջանի մեջ:
Ըստ այդմ՝ ըստ ադրբեջանական կողմի, 1974 թվականի քարտեզով այս ամենը վերադարձվելու է իրենց:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել Ոսկեպարի ճանապարհից, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ այն իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան): Ավելին՝ Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։
«Ավելին, դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության երկրորդ կետում Տավուշի մասին հիշատակում եղել է.
«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:
Կարճ ժամանակ անց վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, 168.am-ի տեղեկություններով՝ Լաչինի միջանցքի առնչությամբ սրբագրումների դիմաց, բայց ինչպես տեսնում ենք, այս անգամ էլ գործ ենք ունենալու ոչ թե փոխզիջման, այլ զիջման հետ, քանի որ Տավուշի տարածքներից վերադարձի թեմային անդրադարձ լինելու է:
Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը Lragir.am-ին ասել է, որ եթե սահմանագծում է արվելու 1970-ականների քարտեզներով, նշանակում է՝ ՌԴ գլխավոր շտաբն արդեն գծել է այդ սահմանները՝ առանց մեզ հարցնելու, իսկ եթե քարտեզագծում ենք անելու, ուրեմն քարտեզների գծերի խնդիր կա, պետք է վերանայել այդ քարտեզները։
«Ինչ վերաբերում է Տավուշին, պետք է ասեմ, որ այո, այսօր Ոսկեպարի երկու կողմում ունենք անկլավներ։ Այդ անկլավները նստած են Հայաստանի ճանապարհների վրա։ Դրանցից մեկը նստած է ուղղակի ճանապարհի վրա։ Բայց 1926 թվականի քարտեզի վրա այդ բոլոր տարածքները հայկական են»,- նշել է քարտեզագիրը:
Իսկ Հայաստանի իշխանությունները, ինչպես վերևում նշեցինք, ինքնակամ հրաժարվել են հայամետ քարտեզից, որովհետև դա ձեռնտու չէ Ադրբեջանին, և Ռուսաստանն առաջարկել է 70-ականների քարտեզը, և ոչինչ, որ դա Հայաստանին, բնավ, ձեռնտու չէ: