Եռակողմ հայտարարության մեջ Տավուշի մարզի մասին հիշատակո՞ւմ է եղել

Նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը, բնավ, անհիմն չէր:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել է եռակողմ հայտարարությունից, բայց չի բացառվում, որ այն մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, ինչը, թերևս, կարելի է եզրակացնել նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից:

«Այս պահին Սյունիքում դեմարկացիա է կատարվում, որի շրջանակներում ճշգրտվում է սահմանը։ Ոչ միայն Սյունիքում, կարելի է ասել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա է կատարվում»,- ասել է նա՝ հավելելով, որ որպես հիմք պիտի ծառայեն Խորհրդային Միության ժամանակ ընդունված փաստաթղթերը:

Իհարկե, Տավուշի հետ կապված՝ Արմեն Գրիգորյանն ասում է, պայմանական ասած, այդ դեմարկացիաները կան, ինչը չի կարող ասել  Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մասին: Սակայն, ինչպես վերևում նշեցինք՝  Տավուշի մարզը  հիշատակվել է եռակողմ հայտարարության մեջ, ուստի չի բացառվում, որ ԽՍՀՄ քարտեզը օգտագործվի նաև Տավուշի, ինչո՞ւ չէ՝  Նախիջևանի ուղղությամբ: Տավուշում դրա կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի նաև Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը:

Չի բացառվում, որ այս դեպքում հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը դառնա չեզոք գոտի: Կրկնում ենք՝ սա այն դեպքում կարող է լինել, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը նաև այստեղ տարածվի։ Հուսանք, նման բան տեղի չի ունենա:

Ի դեպ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի, Պառավաքարի հատվածում, բայց հարց է՝ արդյո՞ք ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում «օտար ոտքը» կհանի իր տարածքից:

Հավելենք, որ մեզ չհաջողվեց Տավուշի մարզպետից պարզաբանումներ ստանալ  եռակողմ հայտարարությունից Տավուշի հետ կապված հատվածը հանելու հետ կապված, ինչպես նաև ԽՍՀՄ քարտեզի՝ Տավուշի մարզում կիրառման հեռանկարի կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս