Տավուշի անվտանգություն և ճակատագիր. Փաշինյանական 3 տարբերակ 2015 թվականին

Այս օրերին ՀՀ խորհրդարանում Տավուշի գյուղերի ճակատագիրը տարբեր հարցուպատասխանների օրակարգում է: Երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել.

«Քաղաքական առումով, այո՛, մենք գիտենք, որ այդպիսի անկլավներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում Հայաստանի տարածքում, բայց, կարծում եմ, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ճշտող հարցին, թե՝ ե՞րբ է առաջացել անկլավների հարցը, Արարատ Միրզոյանն արձագանքել էր.

«Ես տեղյակ եմ, և սա քաղաքական պնդում եմ անում, որ եղել են ադրբեջանական անկլավներ, բայց թող մասնագետները որոշեն՝ այդ անկլավներն ինչի՞ հիման վրա են գոյություն ունեցել, իրավունք ունեի՞ն գոյություն ունենալ, թե՞ ոչ, թե՞ իներցիայով բոլորը սկսել են ասել՝ անկլավ, բայց չկա: Եվ խնդրում եմ՝ անկլավների մասին խոսելիս չմոռանալ մի կարևոր դետալ. մենք ունեինք, հայկական անկլավ կար Ադրբեջանական ԽՍՀ-ում՝ Արծվաշենը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ մեկը չի վիճարկում, առնվազն»:

Կարդացեք նաև

Այսօր էլ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կրկնել արտգործնախարարի խոսքը, որ այդ խնդիրը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում՝ շեշտելով, թե «այդ «անկլավները» չեն առաջացել հեղափոխությունից հետո, դրանք միշտ եղել են»:

Հայկ Ղալումյանը վստահեցրել է, որ Տավուշի գյուղերի վերադարձի շուրջ այս պահին բանակցություններում ոչինչ տեղի չի ունենում. «Երբ որ կլինեն, հանրությանը տեղյակ կպահեն»:

Մասնագետները պնդում են, որ ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ չեն եղել, եթե Փաշինյանը պատրաստ է հանձնել Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը, ապա դա ոչ այլ ինչ է, քան ՀՀ տարածքի փոփոխություն, իսկ ՀՀ Սահմանադրությամբ երկրի տարածքի փոփոխություն կարող է կատարվել բացառապես հանրաքվեի միջոցով: Մինչդեռ ՀՀ ԱԳ նախախարը և Տավուշի մարզպետը շարունակում են պնդել՝ «անկլավներ կան և միշտ են եղել»:

Տավուշի մարզպետը նաև մանիպուլյացիայի է դիմում, քանի որ իրականությունը ցույց է տվել, որ հանրությունը Նիկոլ Փաշինյանի գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների մասին իմանում է այն ժամանակ, երբ փաստաթուղթն արդեն ստորագրված է, կամ էլ առնվազն կայացված է փոփոխության ոչ ենթակա որոշումը: Անհասկանալի է, որ հատկապես վերջին շրջանում իշխանությունները սկսել են հրապարակային և համեմատաբար բաց տեքստերով խոսել:

Հայաստանի տարածքում դե յուրե անկլավներ չկան, բայց քաղաքական առումով կան

2022 թվականի մայիսի 25-ին Փաշինյանը Երևանում, իսկ ավելի ստույգ՝ ՀՀ խորհրդարանում հայտարարել էր՝ «դե յուրե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան»:

«Մինչև այս պահը մենք մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»,– ընդգծել էր Փաշինյանը:

Բայց ահա, այս հայտարարությունից մեկ տարի անց՝ 2023 թվականի մայիսի 5-ին, նույն Փաշինյանը Պրահայում «Ազատության» հետ զրույցում հստակ հայտարարել էր՝ պատրաստ է վարելահողերի դիմաց Ադրբեջանին հանձնել Տավուշի գյուղերը, և որպես հիմք բերել էր 1975 թվականի ինչ-որ քարտեզ:

«Ես Ձեզ ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրեց այդ հարցը, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար: Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունն օկուպացիայի տակ է, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել:

Եթե պատրաստ է, այո՛, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա: Մենք ասում ենք՝ եթե դելիմիտացված սահման չկա, դուք ո՞նց եք որոշում՝ մատը որ դնում եք քարտեզի վրա, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զորքը, ասենք, կանգնած է Պառավաքարում իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած:

Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:

Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա»:

Հանուն արդարության պետք է նշել, որ դեռևս 2 տարի առաջ՝ 2021 թվականի հունիսին, ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում Տավուշի մարզ կատարած նախընտրական հանդիպումների ժամանակ Փաշինյանը տեղի բնակիչներին զգուշացրել էր Տավուշի գյուղերի ճակատագրի հետ կապված իր մտադրությունների մասին: Նա նույնիսկ հիշեցրել էր 1999թ. տարածքների փոխանակման մասին փաստաթուղթը, իսկ վերջերս էլ նորից հիշել էր դրա մասին, հավանաբար, սովորության համաձայն՝ փորձում էր Տավուշի գյուղերը հանձնելու պատասխանատվությունը գցել նախկինների «գրպանը»՝ հղում կատարելով շուրջ 24 տարի առաջ շրջանառված, բայց ուժի մեջ չմտած փաստաթղթին:

«Էսօր մարդիկ կան, որ ասում են՝ էս ինչ թեմա են բերել, էս ինչ դավաճանական դավադրություն է, էս որտեղից էս թեման ծագեց: Էս թեման բանակցությունների սեղանին դրվել է 1998-1999 թվականներին: Եվ հետագա բանակցային փաթեթի մեջ դրա մասին ուղղակի հիշատակում չի եղել, բայց բանակցային փաթեթում եղել է հետևյալը. Ղարաբաղի պահով թուղթը ստորագրելուց հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջկառավարական բանակցություններ են տեղի ունենալու, որտեղ այդ հարցը պետք է քննարկվի: Այս թեման միշտ եղել է բանակցությունների օրակարգում, և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում: Ի՞նչ պետք է մենք անենք, ո՞րն է մեր պատկերացումը: Մենք կարծում ենք, որ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն, և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան: Մենք էլ անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ՝ ինչ իրենց հսկողության տակ է՝ մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է՝ մնա մեր հսկողության տակ: Բայց մի այսպիսի խնդիր էլ կա. Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ, կամ էսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարների վարելահողեր կան, որոնք գտնվում են իրենց տիրապետության տակ: Եվ երբ այս թեման եկել է, մենք էլ այս թեման ենք բերել բանակցություններին»,- Բերդում 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական հանդիպմանը հայտարարել էր Փաշինյանը: Եվ որպեսզի տավուշցիները լավ պատկերացնեն հարցի լուծման իր նպատակները, հարկ է համարել նույն օրը նույն միտքը կրկնել նաև Տավուշի մարզի այլ համայնքներում:

Այսպես, Ոսկեպարում հանդիպմանը ներկաներից մեկը Փաշինյանին տեղեկացրել էր.

«Եկեղեցու մոտ մեր գյուղն է, եկեղեցու աջ թևին ունենք հին հայկական գերեզմաններ, հենց մեր պոստի առաջն է, 7-րդ դարի եկեղեցի է: Հիմա սա ճակատագրական հարց է: Ավելին, պոստի առաջը թուրքի տան հայաթը մեր գերեզմանից քար ունենք: Սովետի ժամանակ ծախել են… Եթե, Աստված մի արասցե, մի բան եղավ, մենք էլ ստեղ անելիք չենք ունենա»:

Ինչին Փաշինյանն արձագանքել էր, թե ամեն ինչ անելու են ժողովրդի շահից ելնելով.

«Սահմանային ճշգրտումներ են եղել, մի տեղ վերցրել են, մի տեղ տվել են: Տարբեր թվերին մի տեղ տվել են, մի տեղ՝ վերցրել: Հիմա սահմանը դելիմիտացիա-դեմարկացիա պիտի արվի, որ էդ թեմաները չլինեն: Ճակատագրական բառը ճիշտ օգտագործեցիր, ճակատագրական հարց է»:

Փաշինյանի արձագանքից կարող ենք ենթադրել, որ տարբեր ժամանակահատվածներում ինչ-որ կերպ ինչ-ինչ ճշգրտումներ, ամեն դեպքում, արվել են, որից ՀՀ-ի և Տավուշի անվտանգությունը, այնուամենայնիվ, չի տուժել, որքան կարող է տուժել Փաշինյանի առաջարկած սահմանային ճշգրտումների արդյունքում:

Նույն նախընտրական այցի շրջանակներում 2021 թվականի հունիսի 11-ին Աչաջուրում էլ Փաշինյանը գլուխ էր գովացել, թե Տավուշին վերաբերող կետով պայմանավորված՝ ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ պատասխանելով ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը:

«Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է՝ այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»,- ասել էր նա:

Օնիկ Գասպարյանն էլ Նիկոլ Փաշինյանին նույն ժամանակահատվածում հիշեցրել էր. 

«Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն, որպես դիվանագիտական հնարք՝ միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Տավուշի մասին կետը հանել-չհանելու թեմայից մայիսի 24-ին 168.am-ի հետ հարցազրույցում մանրամասներ էր հայտնել ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Նա, մասնավորապես, նշել էր.

«Ես խոսել եմ Դավիթ Տոնոյանի հետ, իմ իմանալուց հետո, որ նման բան կա: Նշել եմ՝ ինչ կապ ունեն այդ տարածքային պահանջները հրադադարի հետ, և ոչ միայն անկլավների, այլ ընդհանրապես, որ սա դառնում է լրիվ ուրիշ բան: Դավիթ Տոնոյանն ինձ ասեց՝ կապում մնա, ես հիմա միանգամից խոսեմ, գուցե ուրիշ բան էլ լինի: Լսափողը պահած ես լսել եմ՝ ինքը ոնց է խոսում Փաշինյան Նիկոլի հետ: Նա ներկայացրել է այդ ամեն ինչը՝ և՛ տարածքների, և՛ անկլավների հետ կապված, նաև՝ այն պահերի, որ, ասենք, Արցախի տարածքում, ըստ ԼՂԻՄ-ի քարտեզի, իրենք լեզվակներ ունեն մտած: Դրանց հետ կապված ես առաջարկել եմ, որ այն տարածքները, որտեղ գտնվում էր շփման գիծը, բայց նախկինում ԼՂԻՄ-ի տարածքից դուրս էր, դրանք փոխարինենք: Ասել եմ՝ այդ քայլին էլ գնացեք, միանգամից զիջողական կեցվածք մի ընդունեք: Այս մասին լրիվ ես լսել եմ, որ Տոնոյան Դավիթն առաջարկել է: Հիմա թե իմ ասելուց հետո նրա՞ առաջարկն է ազդել, թե՞ Աբազյանին Օնիկ Գասպարյանի ասելը, դե, Աբազյանն էլ երևի ներկայացրած կլինի, գուցե երկուսի ասածը համատեղ է ազդել: Ամեն դեպքում, այդ նախնական տարբերակից անկլավների մասը հանվել է»:

Մայիսի 29-ին 2020 թ . նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրելուն նախորդած գործընթացի մասին մանրամասներ էր հայտնել հրթիռների գործով անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Իմ և իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին»,- իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր Տոնոյանը, դրա տողատակերին և մեսիջներին ավելի ուշ 168.amանդրադարձել էր:

Տոնոյանն իր հայտարարության մեջ հարց էր բարձրացրել նաև՝ ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, այս հարցին Փաշինյանը դեռ պիտի պատասխանի: Այսինքն, ինչպես է, որ դե յուրե ՀՀ-ում անկլավներ չկան, բայց իր քաղաքական փնտրտուքներում Փաշինյանը հանկարծ գտել է դրանք: Թեպետ, ՀՀ արտաքին գործերի նախարարի համար մինչ օրս պարզ չէ՝ «այդ անկլավները ինչի՞ հիման վրա են գոյություն ունեցել, իրավունք ունեի՞ն գոյության ունենալ, թե՞ ոչ, թե՞ իներցիայով բոլորը սկսել են ասել՝ անկլավ, բայց չկա»:

Տավուշի անվտանգություն և ճակատագիր. Փաշինյանական 3 տարբերակ

Տավուշի գյուղերի թեմայի համատեքստում տեղին է հիշեցնել 2015-2016 թվականների «Հայկական ժամանակում» տպագրված հոդվածներից հատվածներ:

2015 թվականին «Մարտական լուրեր Մովսեսից» վերնագրով հոդվածում անանուն հոդվածագիրն անդրադարձել էր Հայաստանի սահմանամերձ շրջաններին ու գրել, որ շարունակում են պատերազմականին շատ մոտ լուրեր ստացվել.

«Ի տարբերություն Ղարաբաղի շփման գծի, Տավուշի մարզում քաղաքացիներն անմիջականորեն զգում են ադրբեջանական զորքերի ակտիվությունը: Խնդիրն այն է, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի մոտակայքում բնակավայրեր չկան, և Ղարաբաղում նրանք չեն կարողանում խոցել հայկական բնակավայրեր: Կարծում ենք նաև այս է պատճառը, որ ադրբեջանցիները ակտիվություն են ցուցաբերում Տավուշի մարզում: Նրանց անհրաժեշտ է, որ պատերազմի շունչը զգա քաղաքացիական բնակչությունը և ոչ միայն բանակը: Միևնույն ժամանակ, Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչները շատ տրամաբանական հարց են բարձրացնում. ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել: Հասկանալի է, որ մարդիկ անդադար սթրես են տանում՝ մահվան անընդհատ սպառնալիքի տակ ապրելով: Մեր տեղեկատվությունը վկայում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչները այս խնդրի կոնկրետ լուծում են պահանջում»:

Այնուհետև հեղինակը իր ընթերցողին առաջարկել էր խնդրի լուծման իր տարբերակները.

«Եվ հարցը, ըստ էության, կարող է լուծվել երեք տարբերակով:

Տարբերակ 1Հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը: Նման իրական հնարավորություն կա, որովհետև մեր բազմաթիվ դիրքեր այս հատվածում գերիշխող են ադրբեջանականների նկատմամբ, և մեր բանակն ունի դիրքային էական առավելություն:

Տարբերակ 2 – Կայուն խաղաղություն է ձեռք բերվում բանակցությունների ընթացքում: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Գերմանիա, որտեղ, ըստ ամենայնի, հանդիպումներ կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Տարբերակ 3 – Կրակոցների, հարձակումների երկարատև շարքի հետևանքով սահմանապահ գյուղերը կամաց-կամաց կդատարկվեն, որովհետև մարդիկ իսկապես չեն կարող ապրել դեշեկայի կրակահերթերի տակ:

Պրոցեսները ցույց են տալիս, որ մեծ հաշվով՝ Հայաստանը պետք է ընտրի այս երեք տարբերակներից մեկը: Լավագույնը, իհարկե, երկրորդ տարբերակն է: Բայց Ադրբեջանի գործողությունները կասկածի տակ են դնում դրա ռեալությունը: Երրորդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է ուղղակի: Եվ պրոցեսների այսպիսի շարունակության դեպքում կարծես թե առաջին տարբերակին այլընտրանք չի լինելու: Տեղի զինվորականները մեր թղթակիցների հետ շփումների ընթացքում ասում են, որ այս հատվածի ադրբեջանական դիրքերը գրավելը իրատեսական է ռազմական առումով: Իսկ թե նման գործողությունը ի՞նչ ռազմաքաղաքական և աշխարհքաղաքական հետևանքներ կառաջացնի՝ դա արդեն քաղաքական հաշվարկի հարց է»:

Հաջորդ՝ 2016 թվականին «Հայկական ժամանակ»-ում տպագրված՝ «Որդի Խաչատուրովի արկածները» վերտառությամբ հոդվածի հեղինակը նախ անդրադարձել էր 2016 թվականի հուլիսի 7-ի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին, որի համաձայն՝ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով.

«Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Յուրի Խաչատուրովի տեղակալ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը և զրուցակից ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ըստ էության, կասկածի տակ էին դրել Գրիգորի Խաչատուրովի մասնագիտական կարողությունները:

«Եվս մի կարևոր հանգամանք. երրորդ բանակային կորպուսն իր մեջ ներառում է Տավուշի մարզի ողջ զորամիավորումները: Իսկ Տավուշը, ինչպես գիտենք, պաշտպանական առումով բավականին վտանգավոր հատված է: Ադրբեջանը հայկական սահմանները հենց այդ հատվածից է պարբերաբար գնդակոծում և երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հենց երեկ ադրբեջանական զինուժը մոտ մեկ ժամ հրաձգային զենքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա»:

Իր հերթին՝ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը լրացրել էր.

«Ես էլ եմ լսել Գրիգորի Խաչատուրովին առնչվող այդ պատմությունները: Եվ եթե այդ տարածքում նա ինչ-որ պահի չկարողանա արդարացնել իրեն, ապա ծանր արդյունքներ կբերի թե՛ նշանակողի, թե բոլորիս համար: Նշանակելն իրենց գործն է, թող նշանակեն, բայց եթե նա սխալվի, կունենանք լուրջ խնդիրներ: Բայց ես չեմ ցանկանում, որ իրենց այդ նշանակումների պատճառով մենք նորից անտեղի զոհեր ունենանք»:

Հուլիսյան մարտերից առաջ, դրա ընթացքում և հետո արդեն գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասնագիտական հզոր կարողությունների մեջ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը համոզվեցին՝ արձանագրելով դիրքային լրջագույն հաջողություններ, և, որ Տավուշի անվտանգությունը հուսալի ձեռքերում է:

Մասնավորապես, 2019-ի օգոստոսի 19-ին այսօր արդեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում ոգևորված գրառումներ էր անում, նախ՝ «Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունն ապահովված է, Չինարին էլ չի կարող գնդակոծվել», այնուհետև գրառումը թեթևակի սրբագրել էր՝ «Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը»:

Իշխանական մամուլը ևս խմբագրականներ էր գրել այս մասին:

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որը 2018թ.-ի դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը, սահմանի տվյալ հատվածներում ակտիվորեն նախաձեռնել էր ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում:

Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»,– մասնավորապես գրել էր «Արմենպրեսը»:

Այսինքն, այն, ինչ 2015-ին գրել էր Փաշինյանի ընտանեկան թերթը, թե՝ «այս հատվածի ադրբեջանական դիրքերը գրավելը իրատեսական է ռազմական առումով», գեներալ Գրիգորի Խաչատուրովի՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար եղած ժամանակ տեսանք ոչ թե ադրբեջանական դիրքեր գրավելով, այլ դիրքային լրջագույն բարելավումների տեսքով, թեպետ կորպուսում Օնիկ Գասպարյանի օրոք էլ անվտանգության ամրապնդման անհրաժեշտ միջոցառումներն արվել էին, որոնք Փաշինյանին վստահություն էին ներշնչել և հիմք էին դարձել արձանագրելու՝ «Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը ոչնչացնելու հնարավորություն կա»:

Ինչ եղավ հետո: 2021 թվականի հուլիսի 7-ին Փաշինյանն ազատվեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից. նրա պայմանագիրը ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում չերկարաձգվեց:

Բայց Փաշինյանը սրանով չսահմանափակվեց. «փողերի լվացման» ժամկետանց, ըստ որոշ իրավաբանների բնորոշման՝ կարված գործով հրահանգեց կալանավորել գեներալին՝ սա ևս Փաշինյանի քաղաքական հաշվարկների տրամաբանության մեջ է: Եվ եթե 2015-ին Փաշինյանն առաջարկում էր ընտրել Տավուշի խնդրի լուծման 2-րդ տարբերակը՝ «կայուն խաղաղություն», ապա այսօր նրա առաջարկած խաղաղության դարաշրջանը հանգեցնելու է այդ ժամանակ շրջանառության մեջ դրած 3-րդ տարբերակի իրականացմանը՝ «հարձակումների երկարատև շարքի հետևանքով սահմանապահ գյուղերը կամաց-կամաց կդատարկվեն, որովհետև մարդիկ իսկապես չեն կարող ապրել»:

Իսկ այդ հարձակումներից չենք կարող խուսափել, եթե Տավուշում զիջումների ճանապարհով կորցնենք մեր անվտանգային դիմադրողականությունը: Դե, իսկ ռազմական զսպող գործողությունների միջոցով խնդրի լուծման հնարավորությունները Փաշինյանը շարունակում է սպառել ամենատարբեր մեթոդներով, այդ թվում՝ մեկուսացնելով փորձառու զինվորականներին:

Տեսանյութեր

Լրահոս