Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանի քարոզչական մեքենան թիրախավորել Գրիգորի Խաչատուրովին
«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուս, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- ասվում է ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում:
Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցը ստահոդ տեղեկություն է տարածում, թե իբր «մայիսի 27-ի գիշերը հայկական հետախուզադիվերսիոն խումբը ներթափանցման փորձ է կատարել Ալիբեյլի և Յուխարի Օյսյուզլյու սահմանապահ գյուղերի ուղղությամբ»:
Մինչդեռ մայիսի 27-ի առավոտյան հենց ադրբեջանական կողմն է Չինարի գյուղի մոտակայքում հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակել:
Իսկ ինչպես 168.am-ին հայտնել էին ՀՀ ՊՆ-ից, 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները կրակային վարժանքներ են անցկացրել:
Ինչ վերաբերում է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի՝ Փաշինյանին չենթարկվելուն, ապա նշենք, որ հենց իշխանություններն են ժամանակ առ ժամանակ տարբեր մեթոդներով և անձանց միջոցով արշավ իրականացրել գեներալի դեմ: Մասնավորապես, այս տարվա մարտի 29-ի առավոտյան Բերդի զորամասում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի մեջ, ըստ 168.am-ին հասած հավաստի տեղեկությունների, ռուսաստանաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի «մատն էր խառը»:
Նա փորձել էր իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել է 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել:
Նպատակը՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:
Ի դեպ, ռուսաստանաբնակ բլոգեր Բաղդասարյանը միջադեպի մասին անմիջապես գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ Գրիգորի Խաչատուրովի հասցեին մեղադրանքներով «համեմված», թե պետք է հեռացնել բանակից գեներալին:
Մեկ այլ գրառման մեջ բլոգերը, ըստ էության, ընդունել էր իր միջամտությունը տեղի ունեցածին՝ «երբ մի ամբողջ բատալյոն լսում է ժուռնալիստի խորհուրդը, ոչ թե Յուրի Խաչատուրովի որդուն»:
Որոշ ժամանակ հետո Բաղդասարյանը հեռացրել էր իր գրառումները:
Հիշեցնենք նաև, որ մոտ երկու տարի առաջ Տավուշի մարզում՝ Գրիշա Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ իրականացված օպերացիայի արդյունքում, Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան, այսօր անցնում է մեր սահմանով, մինչ այդ անցնում էր Ադրբեջանի սահմանով:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեկն է այն գեներալներից, ով ստորագրել էր ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ, և երբ պարզ դարձավ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով» ազատված է ԳՇ պետի պաշտոնից, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտարարություն էր տարածել և հաստատել իր պահանջը:
«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:
Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:
Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- նշված էր Խաչատուրովի հայտարարության մեջ :
Հավելենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր:
Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․
«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:
Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, սակայն, ինչպես վերջերս համոզվեցինք Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ըստ էության, Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել էր բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, որն արդեն, կարելի է ասել, «թղթի վրա է»:
Ավելի վաղ գրել ենք, որ եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու: Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:
Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):
Այսօր, սակայն, շատերը վստահ են, որ 3-րդ բանակային կորպուսը՝ Գրիշա Խաչատուրովի գլխավորությամբ, Տավուշից դիրքերի կորուստ թույլ չի տալու: Սրանում ոչ մի կասկած, պարզապես նման հարցերն այսօր որոշվում են քաղաքական և դիվանագիտական դաշտում՝ փակ գաղտնի ռեժիմով: