1992թ. Թուրքիայի կողմից Հայաստան մտնելու ռեալ սպառնալիք կար… Մենք պայթեցրեցինք Մեղրիի երկաթգիծը. Մեծ Բրիտանիան այսօր իրականացնում է իր վաղեմի երազանքը՝ Հայաստանի ձեռքով. Խոսրով Հարությունյան

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում մեր սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ առկա է սպառնալիք, այսինքն՝ Սոթք-Խոզնավարից մինչև հարավ բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, և ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ այդ տարածքներից հեռանալու մտադրություն չունեն: Ադրբեջանը ռազմական վերահսկողության տակ է պահում  Հայաստանի սահմանների ապահովությունը երաշխավորող բոլոր հնարավորությունները: Այս ամենի արդյունքում Հայաստանի պետականությունը հայտնվել է կործանարար սպառնալիքների տակ: Բայց նույնիսկ այս սպառնալիքների պարագայում կան ելքեր՝ նույնիսկ ծնկած վիճակից մեջքներս ուղղելու և ոտքի կանգնելու:
  • Դրա համար պետք է սեփական պետության և սեփական ժողովրդի նկատմամբ նվիրվածության զգացում: Եթե կան խնդիրը լուծելու հնարավորություններ, ապա ինչո՞ւ չի արվում: Երկու պատասխան կա՝ կամ իշխանությունները չեն գիտակցում, կամ էլ դիտավորյալ չեն անում:
  • Առկա սպառնալիքներով լի իրավիճակում բանակցող կողմերը պետք է հանդես գան միջազգային իրավունքների հիմքով: Սահմանազատում անհրաժեշտ է, իհարկե, բայց ի՞նչ սկզբունքներով, առ այսօր մենք լսում ենք միայն, որ սահմանազատումը պետք է կատարվի՝ հիմք ընդունելով 1991 թվականին ընդունված Ալմա Աթայի հռչակագիրը, կամ հարկավոր է պարզել, թե որ թվականի քարտեզներով պետք է կատարել սահմանազատումը. երկուսն էլ մեթոդոլոգիական սխալներ են: Մենք իրավունք չունենք գնալ այդ ճանապարհով, որովհետև վերջին 30 տարիների ընթացքում շատ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունեցել:
  • ԵԱՀԿ քարտուղարությունը 2017 թվականի դեկտեմբերին վերլուծական փաստաթուղթ է հրապարակել՝ «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում՝ հրատապ հարցեր և լուծումներ»: Այդ փաստաթուղթը հետխորհրդային հանրապետություններում սահմանազատումն իրականացնելու մասին է: Ըստ այդմ, սահմանազատման հանձնաժողովներն առաջին հերթին պետք է որոշեն գործընթացի սկզբունքները: Իհարկե, Ադրբեջանն առաջնորդվում է դեռևս Հին Հռոմի ժամանակներից եկող սկզբունքով՝ ինչ տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ՝ «վերցրել եմ, իմն է»:
  • ԵԱՀԿ մշակած սկզբունքներից կարևորը՝ ապագա սահմանը չի կարող լինել նոր լարվածությունների պատճառ կամ ռազմական գործողությունների աղբյուր: Հետևաբար՝ առանց այս սկզբունքը հիմք ընդունելու՝ սահմանազատումը սպառնում է կամ նպաստում է հետագայում նոր ռազմական կոնֆլիկտների զարգացմանը:  Հաջորդ սկզբունքը՝ պետք է բանակցել և գալ ընդհանուր հայտարարի, որ սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել անհրաժեշտ ենթակառուցվածքներից՝ արոտավայրեր, տրանսպորտային հաղորդակցության միջոցներ, ջրագծեր, էլեկտրաէներգիա, կապ: Սրա շուրջ ևս պարտադիր պետք է բանակցել: Երրորդ սկզբունքը՝ սահմանազատման ընթացքում կողմերը պարտավոր են հաշվի առնել քաղաքացիների սեփականության իրավունքը, եթե այն ձեռք է բերվել տվյալ երկրի ներքին օրենսդրությամբ:
  • ՀՀ իշխանությունները պետք է մեր՝ Հայաստանի շահերը պաշտպանեն, ուստի այս փաստաթղթի շրջանակներում պետք է աշխատեն և եվրոպական փորձագետներին էլ ընդգրկեն այդ աշխատանքներում:

Կարդացեք նաև

  • ԵԱՀԿ փաստաթղթում ևս առկա է քարտեզի հանգամանքը, սակայն ոչ ամենակարևորը: Ահա այդ սկզբունքներն անտեսելով են ձախողվում ՀՀ գործող իշխանությունները: Այս սկզբունքների հիմքով են սահմանազատման գործընթացը սկսել Բելառուսն ու Լիտվան:
  • Հայաստանյան իշխանությունները որդեգրել են պարզ մի սկզբունք՝ տանք, զիջենք՝ գուցե փրկվենք:
  • Որ ո՞վ փրկվի՝ Փաշինյա՞նը, թե՞ հայ ժողովուրդը: 
  • Թերևս, ավելի շուտ խոսքն իրենց փրկվելու մասին է:
  • Հետխորհրդային ամբողջ շրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունը տարածաշրջանում պայմանավորված էր հենց Արցախի հանգամանքով, եթե արցախյան հակամարտությունը չլիներ, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը դժվար թե ինչ-որ մեկին հետաքրքրեր: Կորցնել Արցախը և մտածել, թե կպահպանենք աշխարհաքաղաքական կարևորությունը, դա նշանակում է՝ պարզապես լինել կույր մտոք:
  • Հայաստանի համար խնդիրները սկսվեցին հատկապես, երբ 44-օրյա պատերազմից հետո այս իշխանությունները դեկտեմբերին հետ քաշեցին մեր զորքերը, իբր Սյունիքը ռազմական սպառնալիքի տակ չթողնելու համար, իսկ այսօր Սյունիքը գոյաբանական խնդիր ունի: Առանց սահմանազատում անելու ինչո՞ւ որոշեցին Գորիս-Կապան ճանապարհը հանձնել Ադրբեջանին:    
  • Նիկոլ Փաշինյանի համար պետական բյուջեն սեփական քաղաքական իշխանությունը պահելու նպատակներին ծառայեցնելու համար է:
  • Տավուշի բնակավայրերը զիջել՝ նշանակում է զիջել ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները՝ ճանապարհ, ջրամատակարարում, գազատար: 
  • Ինչո՞ւ Տավուշ, որովհետև ադրբեջանցիները հաջողություն են ունեցել այն բոլոր հատվածներում, որտեղ մենք պաշտպանական ամուր դիրքեր չունեինք, Տավուշը միակ տեղն է, որը դեռ 90-ականներից ապահովված է պաշտպանական հնարավորություններով: Տավուշի այդ գյուղերը հանձնելուց հետո Ադրբեջանի համար դրանք դառնալու են ռազմական հենակետեր և սպառնալու են Տավուշի սահմանի պաշտպանական կարողություններին: Սյունիքից մինչև Տավուշ մենք կունենանք խիստ խոցելի սահման, և Հայաստանը կդառնա Ադրբեջանի բոլոր պահանջներին հլու-հնազանդ ենթարկվող պետական կառույց:
  • Գործող իշխանության հնարքը՝ տարածքային ամբողջականության պահպանման թվային արտահայտությունն է մեջբերվում: Իրականում տարածքային ամբողջականությունը կապ չունի քառակուսի կիլոմետրի հետ, դա նշանակում է զերծ մնալ տարածքի փոփոխությունից:
  • Տիգրանաշենը որպես անկլավ հանձնելով Ադրբեջանին՝ հնարավորություն են տալիս սպառնալիքի տակ պահել դեպի Արարատի մարզ գնացող ողջ ուղղությունը, որը պատճառ է դառնալու նոր պատերազմի: Տիգրանաշենը դառնալու է ռազմական հենակետ, և մի կողմից՝ Ջերմուկի վերին հատվածը, մյուս կողմից՝ Տիգրանաշենը բավարար է, որպեսզի դեպի հարավ գնացող տրանսպորտային բոլոր ուղիները կասեցվեն: 
  • Սյունիքը կամաց-կամաց կհայաթափվի, և Ալիևը մեքենաներով և ոչ թե՝ տանկերով կմտնի Սյունիք:

  • Ալիևը 44-օրյա պատերազմի արդյունքներն օգտագործելու է և ոչ մի քայլի առաջ չի կանգնելու Հայաստանին նսեմացնելու համար, խաղաղության պայմանագիր չի կնքելու՝ մինչև վերջին կտորը չպոկի: Սա ադրբեջանական քաղաքականությունն է: Սալյամիի քաղաքականություն՝ կտոր-կտոր վերցնելու են:
  • 1992 թվականին ստորագրված ՀՀ-ՌԴ պայմանագիր՝ սահմանապահ զորքերի մասին. այս պայմանագրի անօրինականության մասին խոսողները դա օգտագործում են որպես առիթ՝ մեկ անգամ ևս խոսելու ռուսական զորքերը Հայաստանից դուրս հանելու մասին: 1992 թվականին Թուրքիան մոբիլիզացրել էր ուժերը, և կար Հայաստանի տարածք մտնելու ռեալ սպառնալիք, և այդ ժամանակ գեներալ Շապոշնիկովը հայտարարություն արեց՝ եթե թուրքական զորքերը գնան այդ ճանապարհով, նշանակում է՝ նրանք նախաձեռնում են երրորդ համաշխարհային պատերազմը: Թուրքերը հասկացան, որ պրոբլեմներ կունենան ռուսական զորքերի հետ: Հետևաբար՝ սահմանին կանգնած ռուսական զորքերի ներկայությունը 1992թ. գործնականում օրինականացնելու հրատապ անհրաժեշտություն կար:
  • Ամերիկյան «Ռենդ» գործակալության՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին վերլուծության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանին կաջակցեն, բայց անվտանգության երաշխավոր չեն դառնալու: Ինչպես նշվում է ամերիկյան այդ վերլուծության մեջ՝ ԱՄՆ-ը այս տարածքում բացարձակապես որևէ հետաքրքրություն չունի, բացի նրանից, որ Ռուսաստանին դուրս հանեն տարածաշրջանից, և դա անելու են Թուրքիայի միջոցով: Այն, ինչ ասում են Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և մյուսները, նշանակում է, որ Թուրքիան կարող է ստանձնել Հայաստանի երաշխավորի դերակատարությունը:

«ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը» սառը ցնցուղ Վաշինգտոնից. հեղինակավոր «Ռենդ»-ը նման բովանդակությամբ հոդված էր հրապարակել: Նաև ասվում է. «Անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի աջակցությունը մեկ գիշերվա ընթացքում Հայաստանի համար ռազմական զսպող գործոն չի ստեղծի։ 

Նույնիսկ գործարքի պաշտոնականացումից հետո, ռազմական տեխնիկայի տեղափոխումը և այն արդյունավետ օգտագործելու համար հայ զինվորականների ուսուցումը կպահանջի ժամանակ, որը Երևանը կարող է իրեն թույլ տալ վատնել, քանի որ Բաքուն պոտենցիալ նոր ռազմական ներխուժում է նախապատրաստում: Ուստի այս ռազմական քաղաքականությունը պետք է իրականացվի՝ տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար անհապաղ քաղաքական գործողություններին զուգահեռ:

Նախ, Միացյալ Նահանգները պետք է աշխատի Եվրամիության հետ, որի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դրական հարաբերություններ է զարգացնում Բաքվի հետ՝ տարածաշրջանում երկխոսությունը խթանելու և հնարավոր խաղաղ կարգավորմանը միջնորդելու համար: Պետդեպարտամենտը կարող է դիվանագիտական ​​«պրյանիկ» առաջարկել խաղաղության ուղղությամբ զգալի առաջընթացի հասնելու համար։ Օրինակ, եթե համաձայնագիրը պարունակի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը պահպանելու իմաստալից դրույթներ, ապա Միացյալ Նահանգները կարող է հեռացնել Ադրբեջանին կրոնական ազատությունների հատուկ դիտման ցուցակից: Թեև առաջարկը հիմնականում խորհրդանշական է, այն Բաքվին հնարավորություն կտա թոթափելու միջազգային խարանը, որ կրում է այդ կոչումը»:

  • Այս տարվա մյունխենյան այցելությունը բեկումնային էր, պատահական չէր, որ Փաշինյաննն այդ այցի շրջանակներում հանդիպեց Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Դրանից հետո Հարավային Կովկասի անվտանգության հարցով բոլոր շահագրգիռ կողմերը սկսեցին բաց տեքստով խոսել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Հայաստանի իշխանությունները: Մյունխենում տեղի ունեցած այս հանդիպման ընթացքում, կարծում եմ, քննարկվել է Հայաստանից, այդ թվում՝ նաև տարածաշրջանից  Ռուսաստանի դուրս գալու հարցը, հավանաբար այդպիսով նրանց կհաջողվի Թուրքիայի և Ադրբեջանի տանդեմի միջոցով մինչև Կենտրոնական Ասիա ձևավորել լուրջ խնդիրներ Ռուսաստանի համար:
  • Ռուսաստանի դեմ քաղաքականության հիմնական ճարտարապետը բրիտանացիներն են: Բրիտանիան ունի հնարավորություն իրականացնելու իր վաղեմի երազանքը: Որքան Ռուսաստանը հաջողություններ է ունենում ուկրաինական ֆրոնտում, այնքան Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժեղանում են, պահանջները խստանում են: Նպատակը՝ Ռուսաստանին ցանկացած գնով դուրս մղել Հայաստանից: Այս կոնտեքստում Արևմուտքի կողմից Հայաստանին դերակատարում է վերապահված՝ դուրս մղել Ռուսաստանին, և նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ կկատարվի դրանից հետո Հայաստանի հետ: Իսկ տարածաշրջանում Թուրքիան կդառնա քաղաքական, ռազմական  դերակատար:
  • Արցախը կորցնելը Ռուսաստանի համար նույնն է, ինչ սեփական ոտքին կրակելը: Եվ միայն այն, որ հիմա բանակցում են, որ ռուս խաղաղապահները մնան Արցախում, նշանակում է, որ Արցախի միջոցով Ռուսաստանը կարող է մնալ տարածաշրջանում, և հարցը շարունակում է մնալ օրակարգում: 
  • Ո՞վ է իրականում ցանկանում պատերազմ, ո՞ւմ է ձեռնտու: Ռուսաստանին այս տարածաշրջանում պետք չէ պատերազմ, նրան պետք չէ նոր ճակատ բացել, այն դեպքում, երբ Ուկրաինայում պատերազմը դեռ շարունակվում է: Մեծ Բրիտանիան է ուզում պատերազմ այս տարածաշրջանում: Ռուսաստանի կոկորդն ուզում են սեղմել:

  • Ինչքան Ռուսաստանի հաջողություններն ուկրաինական ֆրոնտում ցայտուն դառնան՝ այնքան լարվածությունը և Ռուսաստանի դեմ դժգոհությունը, հակառուսական տրամադրություններն ակտիվանալու են: Աշխարհաքաղաքական այդ խնդրի լուծման հերթական փուլը Հայաստանին է վերապահված: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե՝ Ռուսաստանից սպառնալիքի դեպքում կաջակցեն Հայաստանին, գործնականում նշանակում է, որ կարող են աջակցել միայն Թուրքիայի միջոցով: Իսկ թուրքական ռազմական ներկայությունը Հայաստանում նշանակում է վերջ՝ Հայաստան չկա: Այսինքն՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը կհասնի իր երազանքին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի տեղակալ Ջեյմս Հիպպին հայտարարել էր, որ Լոնդոնը ճանաչում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցել Երևանին «Ռուսաստանի սպառնալիքների» դեպքում:  «Մեծ Բրիտանիան այս որոշումը դիտարկում է՝ որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում, և կաշխատի իր եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու ՀՀ-ին ՌԴ սպառնալիքի դեպքում»,- ասել է փոխնախարարը։ Հիպպին ընդգծել է, որ Թագավորության պաշտոնյաները կշարունակեն սերտորեն համագործակցել Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

  • Ով տիրապետում է Սյունիքը, նա տնօրինում է ամբողջ տարածաշրջանը, հետևաբար՝ Ռուսաստանի համար ևս կարևոր նշանակություն ունի Սյունիքը, և շարունակում է պնդել, որ պետք է կատարել տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը:
  • 1992 թվականին Մեղրիի երկաթուղին դարձել էր լուրջ սպառնալիք, և ես Անվտանգության խորհրդին առաջարկել եմ թույլ տալ կառավարությանը պայթեցնել Մեղրիի երկաթգիծը. թույլտվությունը ստացել եմ, մենք պայթեցրեցինք Մեղրիի երկաթգիծը, և այդ պրոբլեմը վերացավ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը:
  • Մեղրու երկաթգիծը գործարկել՝ նշանակում է՝ Հայաստանը ինչպես նստած է տարածաշրջանի մայթեզրին, շարունակելու է նստած մնալ մայթեզրին:

Հայաստանի տարանցիկ հնարավորություններն օգտագործելու համար ապաշրջափակման կոնցեպտի հիմքում պետք է դրված լինի Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Հրազդան-Երևան երկաթգիծը:

  • Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 9-րդ կետը դրված է՝ ի հակակշիռ Լաչինի միջանցքի: Վստահ եմ՝ այդ կետն առաջ է քաշել Ալիևը: Եվ, քանի որ Փաշինյանը համաձայնել է, Ռուսաստանը որոշել է, որ այդ դեպքում ինքը պետք է վերահսկողությունն իրականացնի: Արցախի հայաթափվելուց հետո Լաչինի միջանցքի ֆունկցիոնալ կարողությունը զրոյացված է: Եռակողմ հայտարարությունը չէ մեզ համար աքիլեսյան գարշապար, աքիլեսյան գարշապարը Հայաստանի իշխանություններն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս