Նոր հանդիպում MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ․ ՀՀ-ն շարունակում է մնալ արևմտյան ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում

Նախօրեին Գերմանիայում մեկնարկեց Մյունխենի Անվտանգության 60-րդ միջազգային համաժողովը։ Անվտանգության հարցերով այս հեղինակավոր ֆորումին այս տարի ևս մասնակցում են տասնյակ պետությունների 180 բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրեթե 50 երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ, սակայն Ռուսաստանի, Իրանի կառավարությունները միջոցառմանը հրավիրված չեն։

Համաժողովի հիմնական թեմաներն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Սոմալիում, Սուդանում և Հայիթիում տեղի ունեցող պատերազմներն են։

Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Սկսվել են նրա երկկողմ հանդիպումներն արևմտյան գործիչների հետ, որոնց շարքում ուշագրավներից մեկը նախօրեի հանդիպումն էր Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում որևէ այլ մանրամասն չի հաղորդվում, իսկ բրիտանական ծառայությունը Մուրի հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններ չի տարածում, ուստի, ինչպես և կարելի է ենթադրել, բարդ է որևէ պաշտոնական, գուցեև ոչ պաշտոնական շրջանակից ստանալ տեղեկություն, թե ինչ են քննարկում Փաշինյանն ու աշխարհի ամենաուժեղ հետախուզական ծառայության ղեկավարը՝ Էրդողանի ընկեր Մուրը։

Կարդացեք նաև

Հարկ է հիշեցնել՝ Ռիչարդ Մուրը դարձավ 2020 թվականին նշանակված MI6-ի այն ղեկավարը, որը վերջին 24 տարիների ընթացքում առաջին անգամ այցելեց Հայաստան։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ, ապա դեկտեմբերի 16-ին Մուրը ժամանել էր Երևան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել էին Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ էր կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների: Այս հանդիպումների վերաբերյալ ևս բրիտանական կողմն այն ժամանակ որևէ հաղորդագրություն չէր տարածել։

MI6-ի ղեկավար Մուրի համար Հարավային Կովկասն ամենևին էլ «անծանոթ» ու «հեռու» տարածաշրջան չէ։

Նախ կարևոր է նաև նշել, որ Ռիչարդ Մուրը ծնվել է դիվանագետների ընտանիքում, որոնք աշխատել են Ռուսաստանում, և նա իր մանկության մի շրջան անցկացրել է ՌԴ-ում և հետագայում միշտ սիրով է հիշել իր կյանքի այդ փուլը։

1987թ․ Մուրն աշխատել է Անգլիայի հատուկ ծառայություններում, ապա 1990-ական թթ․ երկու փուլով աշխատել Թուրքիայում Բրիտանիայի դեսպանատանը, ապա աշխատել նաև Պակիստանում և Իրանում, սակայն նրա ամենաառանցքային նշանակումներից մեկը եղել է 2014 թվականին, երբ նա դարձավ Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը և շարունակեց իր առաքելությունը մինչև 2017 թվական։

Մուրը լիարժեք տիրապետում է թուրքերենին, ինչպես դեսպան, այնպես էլ հետախուզության տնօրեն աշխատած շրջանում հաճախակի թուրքերեն գրառումներ է արել և անում իր «X»-ի էջում։

2016 թվականի ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո Ռիչարդ Մուրն աջակցել էր Էրդողանին, իր հարցազրույցներից մեկում փաստացի կրկնելով Էրդողանի պնդումն այն մասին, որ հեղաշրջման նախաձեռնողն ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի նախագահի քաղաքական հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենն է։ Դրանով նա դարձավ առաջին արևմտյան գործիչը, ով նման բան արեց և աջակցեց Էրդողանին՝ մեղադրելով գյուլենականներին։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո նա տարածաշրջան այցելած առաջին արևմտյան պաշտոնյաներից մեկն էր։ Մուրը պատերազմից երկու օր անց՝ նոյեմբերի 11-ին, որպես հետախուզական ծառայության ղեկավար, այցելել էր Անկարա, որտեղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի հետ քննարկել էր նաև Արցախյան հարցը։ Ռիչարդ Մուրը փորձագիտական շրջանակներում հայտնի է՝ որպես հակառուսական, հակաիրանական և թրքամետ գործիչ։

2020 թվականի 44-օրյա ողբերգական պատերազմից հետո մինչ այսօր մի շարք փորձագիտական ու լրագրողական շրջանակներում հիմնավոր կարծիք ու վերլուծություն էր շրջանառվում, թե Մեծ Բրիտանիան զգալի ազդեցություն է ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով։ Իսկ որոշ փորձագետներ գտնում են, որ Լոնդոնն Անկարայի ձեռքով փորձում է հետխորհրդային տարածքում իրականացնել «Մեծ Թուրան» նախագիծը՝ ի վնաս ռուսական շահերի։ Այս վարկածի ներքո հարմար տեղավորվում է Մուրի էրդողանամետ քաղաքականությունը։ Բրիտանական կառավարությունը լոբբինգ է իրականացրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությունը, զերծ մնալով երկրի ներքին գործերին միջամտելուց, աջակցելով Էրդողանին 2016-ի հեղաշրջման փորձի ժամանակ և չքննադատելով Անկարայի ադրբեջանամետ դիրքորոշումն Արցախյան հակամարտության թեժ փուլի ժամանակ։ 44-օրյա պատերազմը որակվում էր նաև՝ որպես Անկարայի ու Լոնդոնի հաղթանակ։ Կա ընկալում, որ Թուրքիան մասամբ ծառայում է Հարավային Կովկասում բրիտանական շահերին, իսկ Բրիտանիան Թուրքիային տեսնում է Հարավային Կովկասը ղեկավարող տերության դերում։

168am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում արևմտյան հետախուզական կառույցների ուշադրությունը Հայաստանի նկատմամբ էականորեն աճել է, ինչը պայմանավորված է Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու գերակա նպատակով և աշխարհաքաղաքական վերաձևումներով։ Վերլուծաբանը հիշեցրեց, որ Հայաստան էր այցելել նաև ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը։

«Գլոբալ առումով հեշտ է ենթադրել, թե ինչու է աճել այս կառույցների հետաքրքրությունը։ Դա պայմանավորված է այն հույսերով, որոնք Արևմուտքն ուներ այս պատերազմի ու դրա հետևանքների, ՌԴ ազդեցության հետ կապված։ Ղարաբաղյան հակամարտության լուծումն ուղիղ կապվում էր Անդրկովկասում ՌԴ ներկայության ընդհատման հետ։ Սա աշխարհաքաղաքական ծրագիր էր։ Ներկայումս ՀՀ-ում ՌԴ ազդեցությունն ինչ-որ առումով նվազել է, սակայն ռեգիոնում ընդհանուր ՌԴ ազդեցությունը մեծ փոփոխություններ չի կրել, փոխարենը՝ ավելացել է նաև Իրանի ազդեցությունը։ Չեմ կարծում, թե սա ոգևորում է արևմտյան գործիչներին։ Այդ, այսպես կոչված, շրջադարձի գործընթացում սկսվեց նաև ՀՀ-Բրիտանիա համագործակցություն, ՀՀ-ԵՄ հարաբերություններում փոփոխություններ, ՀՀ-ն փորձում է ռազմական նոր մատակարարներ գտնել Եվրոպայում, այս ամենն այդ գլխավոր արևմտյան օրակարգի մի մաս է»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ըստ նրա, տրամաբանական է, թե Ադրբեջանը, Թուրքիան ինչ են ստանում այս զարգացումներից, բայց հայկական կողմի օգուտները հասկանալի չեն։

Նրա գնահատմամբ՝ դրանում Հայաստանի համար ոչ թե օգուտ, այլ կորուստ կա։

«Ի՞նչ է ձեռք բերում Հայաստանն իր այդ շրջադարձի ու դրանով պայմանավորված՝ այս ռեգիոնալ գործընթացների արդյունքում։ Կարծում եմ՝ ոչինչ, եթե չասենք, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում Հայաստանի համար։ Ուստի, քանի դեռ կան ռազմական գործողություններ Ուկրաինայում, աշխարհաքաղաքական պայքար, բոլոր ռեգիոններում կա Արևմուտքի ցանկությունը՝ վերացնելու ՌԴ ազդեցությունը, արևմտյան նմանատիպ գործիչների ու նրանց ծրագրերի ազդեցությունը նկատվելու է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս