Դրանք Հայաստանին նայում են՝ ինչպես տարածք, որի հաշվին կարելի է լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները. Լարիսա Ալավերդյան

«Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այս հայտարարությունը Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը համարում է Բաքվի հերթական ագրեսիայի նախերգանք:

«Պետք է ինչ-որ ձևով «շնորհակալ» լինել Բայրամովից, որովհետև նա փորձում է բացել ՀՀ քաղաքացիները աչքերը,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը, ապա անդրադառնալով «100 տոկոս» ձևակերպմանը՝ նկատեց,- Դա պատահական չի ասվում, քանի որ, այո՛, այդ պայմանագիրը 100 տոկոսով այլ է լինելու, քան խաղաղության պայմանագիրը, 100 տոկոսով լինելու է այլ իրավիճակ»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը մասնավորապես ասել էր. «Մեկ ամսվա ընթացքում մեր կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։

Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»:

Կարդացեք նաև

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ է ակնարկում Բայրամովը, ի՞նչ հարցեր դուրս կմնան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրից, Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Դա նախևառաջ այդ հնարած անկլավների հարցն է: Սկզբից պնդում էին, որ հենց վաղը պետք է լինի սահմանագծում ու սահմանազատումը, այժմ ասում են՝ կարելի է կնքել և առանց դրանց, ինչը նշանակում է, որ կան խնդիրներ հենց այն պահանջներում, որոնք Ադրբեջանն անթաքույց ներկայացնում է Հայաստանին»:

Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն սահմանին մոտ տարածքների մասին է, այլև ՀՀ ներսում գտնվող, որոնց հանդեպ Ադրբեջանն ունի անհիմն նկրտումներ:

Հստակեցմանը՝ այսինքն լինելու է միջանկյալ փաստաթո՞ւղթ, որից հետո դարձյալ լինելու են բանակցություններ դարձյալ ոչ հօգուտ Հայաստանի՞, իրավապաշտպանն արձագանքեց.

«Չի կարող լինել հօգուտ Հայաստանի, քանի որ դրանք ոչ թե բանակցություններ են, այլ անհավասար հանդիպումներ. թելադրողի դերում հանդես է գալիս Ադրբեջանը՝ ուժ ստանալով Թուրքիայից, և ՀՀ քաղաքականապես անմեղսունակ թիմը, որը հլու-հնազանդ լսում է եվրոպական կամ այլ ինչ-ինչ ժամանակավոր մարմինների: Դրանք նայում են արդեն Հայաստանին՝ ինչպես տարածք, որի հաշվին կարելի է լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները»:

Տեսանյութեր

Լրահոս