Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրեց տնտեսագետ և գործարար Ալեքսանդրու Մունտեանուին
Մոլդովայի ԵՄ-ամետ նախագահ Մայա Սանդուն տնտեսագետ և գործարար Ալեքսանդրու Մունտեանուին առաջադրեց վարչապետի պաշտոնում, այն բանից հետո, երբ Սանդուի իշխող կուսակցությունը վճռական հաղթանակ տարավ անցյալ ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում։
«Խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո այսօր ես ստորագրեցի պարոն Ալեքսանդրու Մունտեանուին Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու նշանակելու հրամանագիրը», – ասել է Սանդուն Ֆեյսբուքում գրառման մեջ։
Գործողության և համերաշխության կուսակցությունը (PAS) ստացավ 101 տեղերից 55-ը, ինչը բավարար էր ինքնուրույն կառավարություն ձևավորելու և նախկին խորհրդային երկիրը եվրոպական ուղու վրա պահելու համար։
Ակնկալվում է, որ խորհրդարանը հաջորդ շաբաթ կայանալիք քվեարկության ժամանակ կհաստատի Մունտեանուին։
61-ամյա Մունտեանուն քաղաքական փորձ չունի և քիչ է հրապարակային ելույթներ ունեցել։
2016 թվականին նա հիմնադրել է Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում ներդրումներ կառավարող ընկերություն։
Մի քանի տարի ապրել է Ուկրաինայում, նախքան 2022 թվականի Ռուսաստանի ներխուժումից հետո Բուխարեստ տեղափոխվելը։ Ունի Մոլդովայի, Ռումինիայի և Ամերիկայի քաղաքացիություն։ Անցյալում նա, ինչպես Սանդուն, աշխատել է Համաշխարհային բանկում։
Անցյալ շաբաթ հեռուստատեսային հարցազրույցում Մունտեանուն ասել է, որ «զայրացել» է, երբ լսել է, որ մարդիկ Մոլդովան բնութագրում են որպես Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը։ «Ես եկել եմ օգնելու», – ասել է Մունտեանուն ու նշել, – «ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի մենք մինչև 2028 թվականը միանանք Եվրամիությանը»։
Մոլդովան դիմել է ԵՄ անդամակցության համար Ուկրաինայի պատերազմի սկսվելուց և անդամակցության բանակցությունների մեկնարկից հետո՝ անցյալ տարի։

