Թարմացնելով Փաշինյանի հիշողությունը. Ո՞վ առաջինը խախտեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և ի՞նչը կարող էր փոխել դրա բովանդակությունը
Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Հ1-ով Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ժամանակ հարցին՝ «Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակն ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծ մասամբ հենց Հայաստանի պատճառով չեն կատարվել», պատասխանել է.
«Ես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: Այսինքն՝ դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, թող մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն:
Ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»:
Պ. Ղազարյանի լրացմանը՝ «մեզ մեղադրում են, թե մենք ուզում ենք «ջրել» այդ հայտարարությունը», Փաշինյանը շարունակել է.
«Կներեք, բայց ես ասացի, եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք՝ այդ հայտարարությանն առնչվող տարածքում ի՞նչ է կատարվում: Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Հիմա եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ: Կներեք, ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ»:
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ «իրենք ասում են, որ նրանք ավելի շատ դիտորդներ են, ոչ թե խաղաղապահներ», Փաշինյանը պնդել է, որ «դրանով իրենք զրոյացնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»:
Ինչ էլ հայտարարած լինեմ, դա չի փոխելու եռակողմ հայտարարության բովանդակությունը
Նախքան 2020թ. նոյեմբերի 9-ի կամ 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության վերաբերյալ Փաշինյանի պնդումներին կետ առ կետ անդրադառնալը, հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ իր արած որևէ հայտարարություն չի փոխում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունը, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ 6-րդ կետի:
«Այսինքն, այդ տեքստում չկա գրած, որ եթե ՀՀ վարչապետն անի այս կամ այն բնույթի հայտարարություններ, տեքստի բովանդակությունը համապատասխանաբար կփոխվի: Ինչ էլ հայտարարած լինեմ, դա չի փոխելու եռակողմ հայտարարության բովանդակությունը: Սա է ամբողջ պատմությունը: Այսօրվա ասուլիսում ձեր տված որևէ հարց, կամ իմ տված որևէ պատասխան էլի չի փոխելու: Մենակ մի բան կարող է փոխել այդ հայտարարության տեքստը՝ եթե ես ասեմ, որ մենք դուրս ենք գալիս, հետ ենք վերցնում մեր ստորագրությունը այդ հայտարարության տակից: Մենք նման բան չենք հայտարարում»,- շարունակել էր Փաշինյանը:
Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, որևէ ձևակերպում չի փոխում եռակողմ հայտարարության էությունը: Գուցե: Այլ հարց է, որ լեզվական ցանկացած սայթաքում, ինչպիսին Փաշինյանը մեկ անգամ չէ, որ թույլ է տվել, օգտագործվել է Ադրբեջանի կողմից, օգտագործվում է և դեռ օգտագործվելու է: Սայթաքումներ, հայտարարություններ, որոնք թանկ են նստել Արցախի վրա, և որոնք թանկ են նստելու Հայաստանի վրա, ինչին 168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է, այդ թվում՝ Հայաստանի կադաստրի թուղթ չունենալու հետ կապված: Փաշինյանի և նրա թիմակիցների՝ ՔՊ-ականների բազմաթիվ հայտարարություններ, խոսույթներ թշնամին ոչ միայն իր երկրի ներսում է օգտագործում մեր պետության դեմ, այլև՝ միջազգային ատյաններում:
Դեռ չենք խոսում 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում կատարված խմբագրումների մասին: Նիկոլ Փաշինյանն ինքն էր Պետրոս Ղազարյանին տված մեկ այլ հարցազրույցում նկատել՝ «կարող է թվալ, թե բառերի, ստորակետի փոփոխությամբ շատ բան չի փոխվում, բայց իրականում, բայց պետք է, որ հղումները ճիշտ արվեն»:
Այսինքն, ըստ էության, Փաշինյանը հաստատում է այն պարզ ճշմարտությունը, որ մեկ բառի, ստորակետի փոփոխությունը կարող է բովանդակություն փոխել, հակառակորդին մանևրելու հնարավորություն տալ, Հայաստանին զրկել որոշումներ կայացնելու հնարավորությունից և Ադրբեջանի դոմինանտությունն ավելացնել, այդ թվում՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, ինչը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության նախնական տարբերակում արված խմբագրումների արդյունքում:
2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության առաջին խախտողը՝ Նիկոլ Փաշինյան
Ինչ վերաբերում է իրադարձությունների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կամ 10-ի հայտարարությունը «ջրելուն»: Եռակողմ հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ դրա առաջին կետը, որը հստակ սահմանում է՝ «2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», խախտել է Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարության ստորագրումից մոտ 1 ամիս առաջ միանձնյա որոշել էր Սյունիքից զորքերը հետ քաշել, Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը:
2020-ի դեկտեմբերի 17-ին, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Սյունիք կատարած այցի ընթացքում այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը 1 օր ժամանակ էր տվել՝ բոլոր դիրքերից պետք է հետ քաշվեն զորքերը:
Մինչդեռ ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, թե իբր Վաղարշակ Հարությունյանը Սյունիք է մեկնել՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։
Դեկտեմբերի 18-ին 168.am-ի հարցին՝ մամուլում և սոցցցանցերում լուրեր են շրջանառվում, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին, ռազմական գերատեսչությունից պարզաբանել էին.
«Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին: Ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարը չի ստորագրել, չէր կարող ստորագրել մի փաստաթուղթ, թեկուզ՝ գաղտնի, որը վերաբերում է ՀՀ-ի, մասնավորապես՝ Սյունիքի սահմաններին»:
2020-ի դեկտեմբերի 20-ին, սակայն, «Զինուժ մեդիա»-ի հարցերին ի պատասխան՝ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել էր, որ Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը՝ մեր սահմանապահ զորքերի հետ միասին:
«Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,- պնդել էր Հարությունյանը՝ ասելով,- Գորիս–Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»:
Վաղարշակ Հարությունյանը վերոնշյալ հայտարարությունից և սյունիքյան այցից օրեր առաջ՝ դեկտեմբերի 12-ին, մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ էլ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուն էր եկել Հայաստան:
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հայաստանյան այցի ավարտին Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
Պաշտպանության նախկին նախարարի, ըստ էության, իրարամերժ հայտարարություններից հետո 2021թ. փետրվարին, համացանցում տարածվել էր ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։
Փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։
Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են Հայաստանը և Ադրբեջանը՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Այսինքն, այնպես, ինչպես վերևում բացատրում էր Վաղարշակ Հարությունյանը:
Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:
Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմիններն ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու իր իրավունքը։
Ի դեպ, վերևում նշված իրադարձություններից և այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հայտարարություններից առաջ, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը ԱԽ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր.
«Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»:
Ի դեպ, 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ArmLur.am-ը հրապարակել էր Սյունիքում զորքերի հետքաշման որոշման շուրջ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցների ցանկը, որոնց թվում են եղել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, այդ ժամանակահատվածում ՏԿԵ նախարար, այսօր՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի արդեն նախկին հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը:
168.am-ի տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:
Իսկ արդեն 2021թ. հոկտեմբերի 27-ին նույն Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Սյունիքում զորքի հետքաշման հրամանն անձամբ ինքն է տվել, իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այն ընդամենը կատարել է:
«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, նախարարը գրավոր է տվել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը: Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել»,– մանրամասնել էր Փաշինյանը՝ հաստատելով վերևում մեջբերված փաստը:
Չմոռանանք, որ 2021թ. հունիսին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել էր այն տեղեկությունները, որ 2020թ. նոյեմբերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:
«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի վերջին՝ 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է: Ինքը զանգահարել ա, ինձ ասում ա, որ «ես Սյունիքում եմ, և էստեղ դժվար իրավիճակ ա»: Ես հարցնում եմ՝ «ի՞նչ դժվար իրավիճակ ա», դե, ասում ա, կարծեք թե, բառացի չեմ ասում, բայց մոտավորապես եմ ասում՝ «կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք»: Ես էլ ասել եմ՝ «մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները»,- պատմել էր Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, հենց 2020թ. նոյեմբերի 20-ին էր Դավիթ Տոնոյանը հայտարարել, որ դադարեցնում է պաշտոնավարումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Արդեն իսկ 2023 թվականի մայիսին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշել էր. «Այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների հետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»:
168.am-ը մանրամասն ներկայացրել էր Սյունիքի շուրջ պատերազմական և հետպատերազմական զարգացումների վերաբերյալ փաստերի ժամանակագրությունը: Ըստ այդմ՝ սահմանափակվենք այսքանով:
Նիկոլ Փաշինյանը հիմա, Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, հարցնում է՝ «եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ»:
Մենք նույն Փաշինյանին պատասխան հարցադրում անենք՝
- եռակողմ հայտարարության 2-րդ կետով Աղդամի շրջանն առանց կրակոցի հանձնված չէ՞ Ադրբեջանին,
- 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը, մեծ հաշվով, կատարված չէի՞ն,
- 6-րդ կետի համաձայն՝ Քարվաճառի շրջանն առանց կրակոցի հանձնված չէ՞ Ադրբեջանին:
Եվ եթե նշված կետերում ինչ-որ բան խախտվել է կամ ժամկետից շուտ իրավիճակ փոխել, ապա դրանում իր պատասխանատվության բաժինը Նիկոլ Փաշինյանն ունի:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձի մասին 7-րդ կետին և դրա իրականության մեջ լինելուն, ապա, նայած, թե որ տեսանկյունից դրան նայենք, որովհետև ադրբեջանցի փախստականները վերադառնում են՝ արցախահայության բռնի տեղահանման գնով: Այո, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման մասին 8-րդ կետը լիարժեք կատարված չէ, եթե հաշվի առնենք, որ Բաքվում ունենք գերիներ, և դեռ 2020 թվականի պատերազմի արդյունքում անհայտ կորածներ, մյուս կողմից՝ Ադրբեջանը կարող է մանևրել և ասել, որ այդ գերիները 2020 թվականի պատերազմի արդյունքում չեն:
Իսկ ապաշրջափակման մասին 9-րդ կետի կատարմանն Ադրբեջանը վաղուց սկսել է հասնել ռազմական ճանապարհով և այն վերջնագծին է հասցնելու:
Նիկոլ Փաշինյանը լավ կլինի պատասխանի՝ ինչո՞ւ եղան այնպիսի իրադարձություններ, որոնք «ջրեցին» կամ անիմաստ դարձրեցին նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարությունը, և ինչո՞ւ է հիմա այդ մասին խոսում: Եվ եթե եռակողմ հայտարարությունը «ջրված է», արդյո՞ք դա նշանակում է, որ կողմերի պարտավորությունները ևս «ջրված» են, թեպետ Հայաստանը, ի շահ Ադրբեջանի, մեծ հաշվով, կատարել է իր պարտավորությունները:
Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ակնարկել էր, որ 2020թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը զինադադարի փաստաթուղթ էր:
«Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում»,- ընդգծել էր նա:
Նիկոլ Փաշինյանը, թերևս, այս առումով է համարում, որ 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարությունը «ջրված» է:
Այս համատեքստում նշենք, որ դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցին՝ Պուտինն ասում է, որ Հայաստանն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, քանի որ ՀՀ ղեկավարը հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, նշել է.
«Նախ այդ թեման քննարկվել է շատ, առնվազն 2022 թվականի սեպտեմբերից հետո: Բայց եկեք պրոցեսներն իրոք գույքագրենք, փաստացի գույքագրենք: Երբ 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այդ հայտարարությունները հրապարակային են, այդ հայտարարություններն այսօր էլ կան սոցիալական ցանցերում, եթե չեմ սխալվում՝ վիդեո տարբերակով, ես այդ հայտարարությունների մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն այդպիսի հայտարարություն է պատրաստվում անել, իմացել եմ մամուլից»:
Վերևում մեջբերված հայտարարություններից մեկում Փաշինյանը հորդորում է՝ հղումները ճիշտ անեն, մինչդեռ հենց ինքն է անտեսում իր իսկ հորդորը:
2020թ. նոյեմբերին Պուտինն ասել էր հետևյալը.
«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»:
Այսինքն, Պուտինը նախ՝ հղում է տվել միջազգային հանրությանը, երկրորդ՝ ասել է, մեծ հաշվով, այն, ինչ ոչ մեկ անգամ ասել է Փաշինյանը՝ չկա մի պետություն, որ ճանաչել է Արցախի անկախությունը, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Հիմա ումի՞ց՝ ի՞նչ է պահանջում Փաշինյանը, փոխարենն ընդունի, որ հենց ինքն է առաջինը խախտել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը և վատ օրինակ ծառայել: