Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խմբագրումներից մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարած պարամետրերի բալանսավորում
168.am–ը մի քանի անգամ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ կետերի խմբագրումներին, մասնավորապես, Լաչինի միջանցքի հետ կապված: Բայց առկա պայմաններում հարկ ենք համարում հանրագումարի բերելով, ևս մեկ անգամ ներկայացնել՝ ինչպես դրանք, այնպես էլ՝ հետագա զարգացումներն ու հաջորդած եռակողմ, քառակողմ հայտարարությունները:
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խմբագրումները
Եվ այսպես՝
Առաջին, նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.
«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը, սակայն շրջանցելու է Շուշին։
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу.):
Արդեն խմբագրված տարբերակում այդ հատվածը հետևյալ տեսքն է ստացել.
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.):
Երկրորդ, հիշատակված կետի նախնական տարբերակում խոսք չի եղել Լաչինի միջանցքի՝ ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ լինելու մասին, այն հետո է ավելացվել:
Երրորդ, ըստ ռուսական մամուլում հրապարակված նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակի՝ 7-րդ կետում գրված է եղել հետևյալը.
Կողմերի համաձայնությամբ, Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
(По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Степанакертом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута).
Արդեն խմբագրված տարբերակում, որն ամփոփվել է 6-րդ կետում, Ստեփանակերտը փոխարինվել է Լեռնային Ղարաբաղով:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
(По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута).
Թվում է, թե «մանրուքներ են», բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է, ինչի հետևանքները տեսնում ենք այսօր Արցախի և ՀՀ-ի շուրջ քաղաքական, աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումներով:
Ի դեպ, 168.am-ը գրել էր նաև, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետում ևս փոփոխություն է արվել:
Սկզբում 9-րդ կետն այս տեսքն է ունեցել.
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
(Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения обеспечивает транспортное сообщение между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России)
Բայց ստորագրվել է արդեն խմբագրված հետևյալ տարբերակը
Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
(Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России).
Նախնական տարբերակում նշված է «Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը»:
Ապահովել նշանակում է՝
– Որևէ բանի իրականացման, կենսագործման անհրաժեշտ պայմաններ ստեղծել:
Իսկ խմբագրված և արդեն ստորագրված տարբերակում նշված է «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»:
Երաշխավորել՝
– Երաշխավորություն տալ ինչ-որ բանի համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսք է եղել նաև Տավուշի մասին, «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:
(Агдамский район и территории, удерживаемые Армянской Стороной в Газахском районе Азербайджанской Республики, возвращаются Азербайджанской Стороне до 20 ноября 2020 года.)
Հետագում հայտարարության խմբագրված օրինակում այս ձևակերպումն ընդհանրապես հանվել է:
2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը և դրան նախորդած հայաստանյան զարգացումները
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում հաստատվել է երկրորդ եռակողմ հայտարարությունը, որտեղ առանձին անդրադարձ չէր եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին, որը խախտվել էր հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք էր Սյունիքի համար: Որևէ արձանագրում չէր եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, հստակ չէր դրվել գերիների հարցը։
Ի դեպ, մոսկովյան հանդիպմանը մի շարք ներքաղաքական զարգացումներ էին նախորդել:
Մասնավորապես, 2021-ի հունվարի 8-ին «Հայրենիքի փրկության շարժումը» տարածել էր շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով նա դիմել էր ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ, պարզաբանումներ տալ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք և այնտեղ ստորագրելիք փաստաթղթի վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.
«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին,
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին,
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին
Հարգելի՛ պարոնայք,
Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել:
Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։
Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։
Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:
Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:
Հունվարի 9–ին Hraparak.am-ը գրել էր, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտպանության նախարարին, և, որ նրանց ավտոմեքենաները տեսել են Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։
Նույն օրը ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել էին գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Իսկ 2021թ. հունվարի 10-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ տեղեկացրել էր, որ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափել են հանդիպումից, ինչը խորացրել է իրենց մտահոգություններն ու կասկածները, ԱԳ նախարար Արա Այվազյանը, սակայն, ընդունել էր իրենց հետ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու առաջարկը:
Հունվարի 10-ին ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները դարձյալ հանդիպել են, այս անգամ՝ ՀՀ Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերում:
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից 1 օր հետո Վազգեն Մանուկյանը դարձյալ հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես նշվում էր.
«Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր:
Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար:
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի»:
Ինչպես Պուտինը խախտեց Փաշինյանի «միջանցքային տրամաբանության» խոստումը
Իսկ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարները ևս մեկ համատեղ հայտարարություն էին ընդունել Սոչիում, որտեղ, ըստ էության, դարձյալ շեշտը դրվել էր ապաշրջափակման, բայց նաև՝ սահմանագծման գործընթացի վրա:
Ի դեպ, ի հակադրումն Նիկոլ Փաշինյանի պնդումներին, թե միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկելու, 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ մասնավորապես, հայտարարել էր.
«Մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ՝ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը: Կարծում եմ, որ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետներին, որոնք աշխատում են դրա շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Մյուս շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել ենք»:
Շարունակելով եռակողմ հայտարարությունների թեման՝ հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր դարձյալ եռակողմ հայտարարություն:
168.am-ը գրել էր, որ Փաշինյանը չի կարողացել հասնել նրան, որ Սոչիի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի. Ադրբեջանն արգելել է:
Ինչը հաստատել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում:
«Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի, սակայն այն տեղ չի գտել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել: Բայց կա 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթին հղում, որտեղ, եթե չեմ սխալվում, 3 անգամ արձանագրում կա Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի մասին: Արձանագրում կա շփման գծի մասին, արձանագրում կա խաղաղապահ առաքելության մասին, նաև՝ Լաչինի միջանցքի: Այսինքն, այդ արձանագրումները նոյեմբերի 9-ի փաստաթղթից են գալիս, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի մասին: Լեռնային Ղարաբաղը կա, ուզեն թե չուզեն, տեքստերում ներառվի թե չներառվի»,- նշել էր Մարուքյանը:
Արցախի հարցի լիովին դուրսմղումը խաղաղության պայմանագրի գործընթացից նոր տեսք ստացավ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման շրջանակում, իսկ այսօր արդեն Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը բանակցում են հարաբերությունների կարգավորման շուրջ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Ավելին, Ադրբեջանի նախագահն այսօր օկուպացված Շուշիում մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ համաձայնության գալու լավագույն տարբերակն ուղիղ բանակցություններն են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առանց միջնորդների:
Այն, ինչի մասին Նիկոլ Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը խոսում էր 44-օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո: Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերին 8-ին նա խորհրդարանում հայտարարել էր.
«Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել։ Հաջորդ քայլը պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով»:
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիայի հայտարարությունը, ըստ էության, հրադադարի փաստաթուղթ էր, որի հենց առաջին կետում հստակ նշված է՝ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», սակայն հրադադարը ոչ միայն չպահպանվեց, այլ դրանում ներառված կետերը կատարեց միայն Հայաստանը: Եվ այսօր Ալիևը Շուշիում հայտարարում է, որ այն ոչ հրադադարի փաստաթուղթ էր, ոչ էլ խաղաղության: Միևնույն ժամանակ անդրադառնալով վաշինգտոնյան բանակցություններին՝ Ադրբեջանի ղեկավարը հույս էր հայտնել, որ «Վաշինգտոնում բանակցությունները կտան եթե ոչ՝ արդյունք, ապա՝ գոնե տեսանելի առաջընթաց»:
Ի դեպ, 2023 թվականի հունվարի 10-ի ասուլիսին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե որ դեպքում կարող է փոխվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը:
«Մենակ մի բան կարող է փոխել այդ հայտարարության տեքստը՝ եթե ես ասեմ, որ մենք դուրս ենք գալիս, հետ ենք վերցնում մեր ստորագրությունը այդ հայտարարության տակից: Մենք նման բան չենք հայտարարում»:
Իսկ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երկրի ռազմավարական անվտանգության ապահովմանը, նորից կրկնել է, որ դա կարող է ապահովել միայն խաղաղությունը, բայց… «կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի լինեն ՀՀ ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որոնք ընդունելի չեն ՀՀ ժողովրդի համար»: Եվ Փաշինյանը, սովորության համաձայն, նորից խոստումներ տվեց՝ ամեն ինչ անել, որպեսզի հարցի «իրատեսությունը, ընդունելիությունը, էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել և մոտեցնել իրար»: