«Կարող է թվալ՝ բառերի, ստորակետի փոփոխությամբ շատ բան չի փոխվում…». Էրդողան-Փաշինյան զրույցի ազդեցությունը
Նիկոլ Փաշինյանը լեզվական հերթական «սայթաքումն» է թույլ տվել. Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նա ասել է. «Տեղի է ունեցել հետևյալը. Հայաստանը և Ադրբեջանը 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում, ի զարգացում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցած պայմանավորվածության, արձանագրել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար՝ Հայաաստանը՝ Ադրբեջանի 86.600 քկմ-ն, Ադրբեջանը՝ Հայաստանի 28.000…»:
Եվ միայն Պետրոս Ղազարյանի հուշումից հետո Փաշինյանն ուղղեց սխալը և 28.000-ը դարձրեց 29.800 քկմ տարածքային ամբողջականություն:
Արդյո՞ք սա իրապես լեզվի սայթաքում էր, թե՞ ենթագիտակցությունում թաքնված ճշմարտությունն է ասվել կամ գաղտնազերծվել, եթե հեշենք, որ Նիկոլ Փաշինյանի լեզվական սայթաքումները մեզ վրա հաճախ շատ թանկ են նստել, կամ իրականություն են դարձել:
Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքը հենց նույն հարցազրույցում դիտողություն է անում երկար տարիների հարցազրուցավար Ղազարյանին՝ շեշտելով՝ «կարող է թվալ, թե բառերի, ստորակետի փոփոխությամբ շատ բան չի փոխվում, բայց իրականում, բայց պետք է, որ հղումները ճիշտ արվեն»: Այսինքն՝ Փաշինյանը հաստատում է այն, ինչի մասին 168.am-ը գրել և զգուշացրել է ոչ մեկ անգամ, երբ անդրադարձել էինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի խմբագրումներին, որ մեկ բառի փոփոխությունը կարող է Հայաստանին զրկել որոշումներ կայացնելու հնարավորությունից և Ադրբեջանի դոմինանտությունն ավելացնել, այդ թվում՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, ապա Ադրբեջանի և ոչ մի պաշտոնյա, այդ թվում՝ երկրի նախագահը, երբևէ հրապարակային չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ լինի դա 29.800 քկմ, թե մեկ այլ թիվ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ ասել է: Ուշադրության արժանի մեկ այլ հանգամանք՝ Փաշինյանի հարցազրույցը և լեզվական սայթաքումը, տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո, համենայն դեպս, հարցազրույցը Հանրայինի եթերով հեռարձակվել է վերը նշված հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը տարածվելուց հետո:
Փաշինյանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշված էր՝ «զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»: Չոր պաշտոնական հաղորդագրություն:
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն Էրդողանի հետ զրույցի առնչությամբ շատ բան չավելացրեց, միայն ասաց՝ «Էրդողանի հետ խոսակցությունը խիստ պաշտոնական էր, ես կարող եմ ասել, որ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Կարևոր է, որ փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, այդ նրբությունների, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»:
Թե ինչ նրբությունների և դիրքորոշումների մասին է խոսքը, և ավելի կոնկրետ ինչ թեմաներ են շոշափվել, հայկական կողմը չի գաղտնազերծել՝ պաշտոնական և ոչ պաշտոնական: Սակայն ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը որոշ ակնարկներ արել է:
«Փաշինյանը մեկ անգամ չի ասել, որ Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ասում էր՝ 29.800 քկմ և այլն: Բայց այս խնդրի քաղաքական, պատմական և իրավական ասպեկտը նրանում է, որ երկու երկրների միջև սահմանը պետք է հաստատվի համապատասխան բանակցությունների միջոցով,- նշել է դիվանագետը և հավելել,- Ադրբեջանի սահմանը կլինի այնտեղ, որտեղ կկանգնի ադրբեջանցի զինվորը, հատկապես, երբ մենք հիմքեր ունենք: Օրինակ, նրանք դեռ չեն ազատել անկլավները և էքսկլավները: Այսինքն, Հայաստանին պատասխան հարված հասցնելու համար հնարավորություններ և իրավական հիմքեր շատ կան: Եվ անդրադառնալով Էրդողանի հետ Փաշինյանի զրույցին, կարծում եմ, որ այնտեղ ներկայացվել են նաև այստեղից որոշ դիրքորոշումներ»:
Այս պնդումն ադրբեջանցի դիվանագետն արել էր նաև այս տարվա հունիսին, որտեղ անգամ, չգիտես ինչու, նկատել էր, թե ՀՀ իշխանությունները հստակ չեն ներկայացրել իրենց դիրքորոշումը՝ ո՞րն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Ըստ նրա՝ սահման ասվածն իր մեջ 2 կոմպոնենտ է պարունակում, և միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը կիրառելի է այն պարագայում, «երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից»:
«Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետության դեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- շեշտել էր ադրբեջանցի դիվանագետը և հավելել՝ ՄԱԿ-ը ճանաչում է պետությունը, և ոչ թե՝ այս կամ այն սահմանները:
«Եվ Ալմաաթյան հռչակագրում ևս ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»,- ընդգծել էր Զուլֆուգարովը:
Իսկ վերջին հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը նշել է նաև, որ Թուրքիան ոչ թե որպես միջնորդ է զրուցել Փաշինյանի հետ, այլ կոնկրետ պահանջներ է ներկայացրել, չնայած որ Թուրքիան միշտ էլ ձգտել է միջնորդական դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իսկ 44-օրյա պատերազմի օրերին, երբ արդեն խոսք էր գնում խաղաղապահների տեղակայման մասին, ադրբեջանական կողմը բարձրացրել է թուրքական զինուժի տեղակայման հարցը:
Պատերազմից 3 տարի անց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մեր տարածաշրջանում ՌԴ-ին կարող է փոխարինել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, քանի որ, ինչպես Զուլֆուգարովն է նշել հիշատակված հարցազրույցում, ԱՄՆ-ը նման մտադրություն չունի, և արևմտյան ուժերին կարող է ներկայացնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Սրանք առանձին քննարկման թեմաներ են, որոնց մենք դեռ կանդրադառնանք:
Դառնանք նորից Փաշինյան-Էրդողան վերջին հեռախոսազրույցին՝ հավելելով, որ ըստ թուրքական և ադրբեջանական մեդիայում առկա հրապարակումների՝ երեք օր շարունակ ՀՀ դե ֆակտո վարչապետը փորձել է կապ հաստատել Թուրքիայի նախագահի հետ, ինչը մնացել է անպատասխան, և փաստորեն հարցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը հստակեցնելուց հետո է կայացել Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը: Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ Էրդողանն Ալիևի հետ հստակեցրել է Փաշինյանին ներկայացվելիք պահանջները և «նուրբ» հարցերի շրջանակը:
Հուլիսին 168.am -ը գրել էր, որ Տավուշի գյուղերը մտնում են 86.600 քկմ-ի մեջ, և Ալիևը Փաշինյանից պահանջել է կատարել «Բ» կետը:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին հարցազրույց էր տվել China Media Group-ին, որը հեռարձակվել էր հուլիսի 22-ին, որտեղ նա անդրադարձել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցին՝ կարծիք հայտնելով, որ այն կարող է ստորագրվել մոտ ապագայում.
«Որովհետև Հայաստանը ստիպված եղավ շատ կարևոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև նրանք դա պաշտոնապես հաստատեցին նախորդ տարի հոկտեմբերին, իսկ այս տարվա մայիսին ՀՀ իշխանությունները հստակեցում մտցրեցին այդ հարցում, քանի որ մենք պահանջել էինք հստակ ասել, որ Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի մաս: Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, ինչն իր մեջ ներառում է Ղարաբաղը և ՀՀ տարածքում ադրբեջանական 8 անկլավները: Սա, իրապես, կարևոր հայտարարություն է, ինչը մնում է ամրագրել թղթի վրա և ստորագրել: Այսինքն, Հայաստանն ասել է «Ա»-ն, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, մնում է անցնեն «Բ» կետին և ստորագրեն այդ համաձայնագիրը»,- շեշտել էր Ալիևը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուղիղ հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ «86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»:
Գրեթե նույն ժամանակահատվածում Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ավելի կոնկրետ էր անդրադարձել Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին՝ նշելով, որ ինքը պատրաստ է հանձնել Տավուշի գյուղերը:
«Ես Ձեզ ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրեց այդ հարցը, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար: Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունն օկուպացիայի տակ է, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել: Եթե պատրաստ է, այո՛, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. մենք ասում ենք՝ պիտի սահմանի հարց դրվի և դիտարկվի, իրենք ասում են՝ սահման չկա, դելիմիտացված սահման չկա: Մենք ասում ենք՝ եթե դելիմիտացված սահման չկա, դուք ո՞նց եք որոշում՝ մատը որ դնում եք քարտեզի վրա, դա Ադրբեջանի տարածք է: Հիմա Ադրբեջանի զորքը, ասենք, կանգնած է Պառավաքարում իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած:
Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975 թվականի քարտեզներով, բայց մեր դիրքորոշումն այն է, որ պետք է իրավական հիմքերը նայենք:
Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:
Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:
Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:
Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:
Փաշինյանի հայելային հետքաշման մասին, այսպես ասած, «իդեա ֆիքսը» խիստ կասկածելի է և վտանգավոր: Հիմա էլ Ադրբեջանը հստակ հայտարարում է՝ իրենց սահմանն այնտեղ է, որտեղ իրենց զինվորն է կանգնում և կանգնելու: Այսինքն, ՀՀ ավելի քան 150 քկմ տարածքից նրանք այլևս չեն հեռանալու, փոխարենը՝ նոր տարածքներում ամրանալու նպատակներ ունեն:
Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հենց առաջին կետում ամրագրված է. «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Այս հայտարարությունը ստորագրելուց մոտ մեկ ամիս հետո Նիկոլ Փաշինյանը հանրությունից գաղտնի Սյունիքից զորքերի հետքաշման հրահանգ էր տվել, որը հայելային չէր և հայտարարության խախտում էր:
Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում և հետո Նիկոլ Փաշինյանի տված բանավոր խոստումներին, ապա դրանք պահի թելադրանքով գրեթե միշտ վերաշարադրվել են: Ըստ այդմ կարո՞ղ ենք ենթադրել, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցն էլ հերթական պահն էր, Փաշինյանն իրեն այլևս չի տեսնում 29.800 քկմ-ի վարչապետը, ինչպես պնդում էր հուլիսին, այլ ավելի փոքր տարածքով հայկական պետության:
Ի վերջո, ինչպես ապրիլին գրել էր 168.am-ը, 2019 թվականին Փաշինյանի կառավարությունն իր ազատությունները 42.000 քկմ տարածքի վրա էր տեսնում:
2019 թվականի հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել էր N զորամաս, որտեղ կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում նա իր ելույթում մասնավորապես նշել էր.
«Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42.000 քկմ տարածքի վրա:
Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»:
Թե ինչպես Փաշինյանի Կառավարության պաշտպանված երազանքների 42.000 քկմ տարածքը դարձավ 29.800, այդ հարցի պատասխանը թողնում ենք իրենց:
Վաղը սեպտեմբերյան մարտերի մեկ տարին է, որի ժամանակ ունեցանք ավելի քան 200 զոհ և տարածքային զգալի կորուստներ: Ադրբեջանը 3 ուղղություններում իրականացրել էր բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ, որոնք սկսվել են ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, դրանք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով և անօդաչուների կրակային աջակցությամբ: Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել էր ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, և, որ այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր, իսկ Ջերմուկ քաղաքից մինչև սահման՝ նախքան այդ ռազմական գործողությունների սկսվելը, հակառակորդի հեռավորությունը եղել էր 11-12 կմ:
Էրդողան-Փաշինյան վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերյան մարտերի տարելիցի նախօրեին: Եվ ճակատագրի հեգնանքով Փաշինյանն Էրդողանի հետ խոսել էր նաև սեպտեմբերյան բուն մարտերից առաջ՝ 2022 թվականի հուլիսին…: