«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ավելի շատ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայմանն էր վերաբերում». Դավիթ Տոնոյանի հեռացման պատճառների հետքերով

3 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ դադարեցնում է պաշտոնավարումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

«Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»,- մասնավորապես նշել էր նա՝ հավաստիացնելով, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով:

Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունից 3 օր առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էր ուղերձ տարածել, որին օրերս մանրամասն անդրադարձել էինք։ Նշենք, գեներալ Գասպարյանը, մասնավորապես, նշել էր.

«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Կարդացեք նաև

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր Օնիկ Գասպարյանի ասածը՝ այն համարելով սառը հաշվարկ: Այլ հարց է, որ այնքան էլ համաձայն չի եղել դրա հետ:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»:

Այս համատեքստում հիշենք, թե 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու Դավիթ Տոնոյանի որոշումից օրեր առաջ ինչ իրադարձություններ և հայտարարություններ են եղել:

2020 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տարօրինակ էր համարել, որ Դավիթ Տոնոյանը հրաժարական չի տալիս: Իսկ նոյեմբերի 18-ին «Առավոտի» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը հարցին՝ տպավորություն է, որ քավության նոխազ եք ուզում սարքել Դավիթ Տոնոյանին, ինչո՞վ է մեղավոր Տոնոյանը, պատասխանել էր.

«Բայց ո՞վ է ասում՝ Դավիթ Տոնոյանն է մեղավոր, մեղավորների տարբեր մակարդակներ կան: Դավիթ Տոնոյանը մեղավոր է, որովհետև ինքը պաշտպանության նախարարն է, հիմա ոչ մեկը մեղավոր չի՞, Դավիթ Տոնոյանը մեղավոր չի՞, այլ նախարարներ մեղավոր չե՞ն: Կառավարությունը գնալու է կադրային լուրջ փոփոխությունների, և ես կարծում եմ, որ ճիշտ է անելու»:

Պաշտպանության նախարարությունն իր արձագանքում նկատել էր, որ «Քոչարյանը փաստում է, որ չունի որևէ իրական հիմք՝ պաշտպանության նախարարին որևէ մեղադրանք ներկայացնելու համար, և, որ իր ողջ այս արշավն անում է զուտ «աչքաչափով», այն համոզմունքով՝ որ եթե ինչ-որ բան եղել է, ապա ինչ-որ մեկը պետք է մեղավոր լինի»:

Իսկ 2020 նոյեմբերի 17-ին  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարտավարական իրադրությանը, ըստ կատարված բնագծերի փոփոխության` զորքի վերախմբավորման, տեղափոխման և վերաբաշխման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Այդ ժամանակ 2-րդ ԲԿ հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել և քարտեզի վրա մանրամասն ներկայացրել էր այն փոփոխությունները, որոնք փուլային տարբերակով տեղի են ունենալու նախքան պատերազմը զբաղեցրած բնագծերում, ինչպես նաև բոլոր այն հիմնական միջոցառումները, որոնք ապահովելու են պետական սահմանի անձեռնմխելիությունն ու անառիկությունը:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։

Հավելենք, որ Քարվաճառի ուղղությամբ ոչ մի սանտիմետր դիրք հայկական կողմը չի կորցրել:

Երրորդ,  2020 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Փաշինյանը նաև շեշտել էր. 

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու: Ինչու պատերազմը կանխարգելելու գործողություններ չեն արվել, որովհետև այդ գործողությունը հետևյալն էր, որ ՀՀ-ն պետք է համաձայնվեր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին: Ես նախկինում մի քանի անգամ ասել եմ՝ այն կետում, երբ որ ՀՀ-ի համար որևէ տարբերակ ընդունելի կլինի, հաջորդ կետում արդեն Ադրբեջանն իր դիրքորոշումն ավելի է կոշտացնելու: Եվ դա կարող էր դառնալ նահանջ առանց կանգառի տրամաբանության վերածվող մի գործողություն, ինչը, ըստ էության, վերջին տարիներին մենք անընդհատ տեսել ենք: Այս իրավիճակում մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է մեր ուժերն առավելագույնս կոնսոլիդացնենք, որպեսզի հնարավոր հարձակմանը դիմակայենք: Այո, պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է մեր օրակարգում, բայց երբեք ՀՀ օրակարգում չի եղել պատերազմի կանխարգելում ամեն գնով կամ ամեն ինչի գնով: Այսինքն, պատերազմի կանխարգելման գինը պետք է ինչ-որ ձևով լիներ ընդունելի, և ես չեմ կարծում, թե ՀՀ-ն ունեցել է պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որն ինքը պատրաստ չի եղել վճարել»:

Նույն միտքը, ըստ էության, Փաշինյանը կրկնել էր 2020 թվականի նոյեմբերի 29-ի գրառման մեջ և ակամա խոստովանել, որ 2020-ի ամռանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ գիտեր՝ պատերազմ է սկսվելու:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում, գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»,- շեշտել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ, որին մասնակցեցին երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Ավելի ուշ պարզվեց, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկարացվել են:

Իսկ 2022 թվականի ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:

Բայց արի ու տես, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ իր ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ չի կարողացել կանգնեցնել կամ կանխել պատերազմը:

«Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ չլինի պատերազմ»,- շեշտել էր Տոնոյանը:

Ըստ էության, սա առաջին հերթին ՀՀ ղեկավարի, գերագույն հրամանատարի խնդիրն է: Հնարավոր է՝ սրանով Դավիթ Տոնոյանը փորձել է հասկացնել, որ Նիկոլ Փաշինյանն իր տեղում չի եղել: Եվ ոչինչ, որ Քննիչ հանձնաժողովում նա վստահեցրել էր, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը խնդիր չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, թեպետ նոյեմբերի 20-ին Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացել է քաղաքական իրավիճակը լիցքաթափելու համար: Ոչինչ նաև, որ Դավիթ Տոնոյանը կոռեկտ չի համարել 2023 թվականի օգոստոսի 1-ին գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի աշխատանքին: Մյուս կողմից՝ նա մի շատ ուշագրավ բան է ասել այս համատեքստում:

«Այս հանձնաժողովը պետք է տա, ոչ թե ես, որ եղել եմ իր ենթական։ Ինչպես ասացի, շատ ճգնաժամային իրավիճակում, փաստորեն, կտրված եմ եղել և ավելի շատ մարտավարական խնդիրներ եմ լուծել։ Դրա համար, կոռեկտ չի իմ կողմից, որպես Պաշտպանության նախկին նախարար՝ գնահատականներ տալ վարչապետի գործողություններին։ Ինձ թվում է, որ դա ձեր գործառույթն է»,- ասել էր Տոնոյանը:

Մոտ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով պատերազմի օրերին իր Սյունիք գործուղվելուն և դրա պատճառներին, Քննիչ հանձնաժողովին առաջարկել էր այդ մասին հարցնել Փաշինյանին:

«Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը»,- մանրամասնել էր Տոնոյանը:

Այսինքն, միայն 2023-ին Փաշինյանի Քննիչ հանձնաժողովում քննարկումների արդյունքում է Տոնոյանը հասկացել Փաշինյանի՝ իրեն Սյունիք գործուղելու մտադրությունների մասին:

168.am-ը գրել էր Սյունիքի շուրջ պատերազմական և հետպատերազմական զարգացումների մասին, և, որ հոկտեմբերի 22-ից մի քանի օրով նա մեկնել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրեր, Սյունիք, Մեղրի, որին նախորդել է ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստը, երբ բոլորը միաձայն համաձայն են եղել պատերազմը կանգնեցնելուն: Իհարկե, Քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ավելի ուշ հնչեցրած հարցերին ի պատասխան՝ Տոնոյանն ասել էր, որ այդ այցն արդյունավետ է եղել: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Տոնոյանն իր նախնական պատասխանում փորձել է հասկացնել հանրությանն ու հանձնաժողովի անդամներին, որ Փաշինյանը երբեմն ռազմական ղեկավարությանը ՊՆ-ից կամ ԳՇ-ից հեռու պահելու փորձեր է արել՝ դարձնելով նրանց իր քաղաքական նպատակների զոհը:

Ւնչպես նշեցինք, Դավիթ Տոնոյանը հրաժարականի որոշում է կայացրել 2020-ի նոյեմբերի 20-ին: Այսինքն, հենց այն ժամանակ, երբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մեկնել էր Սյունիք, ավելին, զանգահարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը հաստատել էր նաև Սերժ Սարգսյանը: Այս մասին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էր հայտնել:

«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի վերջին՝ 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է: Ինքը զանգահարել ա, ինձ ասում ա, որ «ես Սյունիքում եմ, և էստեղ դժվար իրավիճակ ա»: Ես հարցնում եմ՝ «ի՞նչ դժվար իրավիճակ ա», դե, ասում ա, կարծեք թե, բառացի չեմ ասում, բայց մոտավորապես եմ ասում՝ «կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք»: Ես էլ ասել եմ՝ «մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները»,- պատմել էր Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, 2021 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանն իրեն առաջարկել է հրաժարական տալ:

«Այդ երեկո Օնիկն ինձ ասում է ՝ ուզում եմ գալ մոտդ, մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը, ինքն ինձ ասում է ՝ որոշում կայացրու, հրաժարական տուր: Ես էլ ասում եմ՝ Օնիկ ջան, քանի օր չես քնել, գնա քնիր, հանգստացիր, այս խոսակցությունը մոռանանք: Հետո ես իրեն կանչում եմ ինձ մոտ և ասում՝ ես քեզ անվերապահորեն վստահում եմ, էլի եմ ուզում վստահել»,- պատմել էր Փաշինյանը:

Այս իրադարձություններից մեկ ամիս հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշում էր կայացրել Սյունիքից հետ քաշել հայկական զորքը և Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը:

Այս մասին 2021 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, Սյունիքում զորքի հետքաշման հրամանն անձամբ ինքն է տվել, իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այն ընդամենը կատարել է:

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, նախարարը գրավոր է տվել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը: Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել»,- ասել էր Փաշինյանը: 

2021 թվականի հոկտեմբերի 28-ին ArmLur.am-ը հրապարակել էր Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումների մասնակիցների ցանկը, որոնց թվում են եղել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, այդ ժամանակահատվածում ՏԿԵ նախարար, այսօր՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի արդեն նախկին հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը:

168.am-ի տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:

Իսկ 2023 թվականի մայիսին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշել էր.

«ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ. նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ.  նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»:

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ակնարկել էր, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը զինադադարի փաստաթուղթ էր:

«Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում»,- ընդգծել էր նա:

Այսօր էլ Դավիթ Տոնոյանը համարում է, որ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկը» չհաշվարկված քայլ է: Մասնավորապես, 168.am-ի հետ հարցազրույցում նա ասել էր.

«Մինչ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացնելը, կարծում եմ, պետք էր սպառնալիքների և ռիսկերի գնահատման վարժություն իրականացնել և ՀՀ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով որևէ ձևաչափով դրա մասին իրազեկել հանրությանը»:

Տոնոյանը նաև ակնարկել էր, որ այսօրվա իշխանությունն ունակ չէ ձևակերպել այսօրվա ռազմաքաղաքական ճգնաժամից դուրս գալու պաշտպանական և արտաքին քաղաքականությունը, ուստի նոր ընտրություններին այլընտրանք չկա:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն ի վիճակի չեն ընդունել ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, և, որ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ զինված ուժերն ասել են դեռ 2021 թվականի փետրվարին, բայց միայն ասել են, իսկ Փաշինյանը շարունակում է վերջնագծին հասցնել իր ծրագրերը: Եվ կարծես թե նրան դավաճանության մեջ մեղադրած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն էլ խոչընդոտ չէ:

Տեսանյութեր

Լրահոս