Պատերազմական և հետպատերազմական զարգացումներ Սյունիքի շուրջ. ժամանակագրական փաստերի հետքերով

2020 թվականի պատերազմից 2 տարի անց մոտ մեկ ամիս 168.am-ն առանձին-առանձին ներկայացրել է 44-օրյա պատերազմի ուշագրավ օրերը, մասնավորապես, երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների հայտարարությունների, հարցազրույցների, ֆեյսբուքյան գրառումների առումով, որոնց հատկապես այսօր արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ:

Պատերազմի ընթացքում և անմիջապես հետպատերազմյան ժամանակահատվածում Սյունիքի հետ կապված իրադարձությունները, սակայն, առանձին դիտարկման ենք թողել:

2020-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ էին հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Մեկ օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ կամավորների հավաքագրման անհրաժեշտության մասին հայտարարություններ արեցին:

Կարդացեք նաև

Նույն օրը, ըստ մամուլի հրապարակումների, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գորիս:

Այս այցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները պետք է համակարգի ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Թե կոնկրետ Սյունիքի մարզում ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը հարցին ի պատասխան՝ Արտակ Դավթյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր.

«Սյունիքի նշանակության առումով, առաջին հերթին հակառակորդը, բնական է, փորձում է վարել հետախուզություն, որպեսզի հասկանա` ինչքանով է Հայաստանն աջակցում Արցախին մարտական գործողությունները վարելու ժամանակ, նաև երևի այլ ռազմական նպատակներ է հետապնդում, դրա համար ակտիվ վարում է հետախուզություն: Նշեցի, որ ունեցել ենք դեպքեր, երբ նաև փորձում է ռազմական նշանակության ենթակառուցվածքներին հարված հասցնել»:

Հավելենք, որ այդ օրերին ծանր մարտեր էին ընթանում Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում, իսկ հոկտեմբերի 20-ին Արցախում տեղի էր ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը:

Ի դեպ, հոկտեմբերի 22-ից մի քանի օրով այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնեց ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրեր, Սյունիք, Մեղրի:

 

168.am-ի տեղեկություններով, Դավիթ Տոնոյանը, այսպես ասած, ցանկացել է կտրվել բոլորից՝ հնարավոր է՝ բարկացած, լարված, հատկապես, երբ դրա նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին, ԱԽ նիստում բոլոր ներկաները համակարծիք էին եղել՝ պատերազմը պետք է դադարեցնել, ինչին Նիկոլ Փաշինյանը չի գնացել:

Հնարավոր է՝ Դավիթ Տոնոյանը ցանկացել է ծանոթանալ նաև Սյունիքում Արտակ Դավթյանի՝ պաշտպանական աշխատանքները համակարգող առաքելության արդյունքներին:

Ի դեպ, հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ գրավել են Կուբաթլուն՝ Սանասարը:

Հոկտեմբերի 26-ին կայացած բրիֆինգի ընթացքում այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր Ալիևի հայտարարությունը և նշել, որ թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին:

«Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ»,– շեշտել էր նա:

Հավելենք, որ հոկտեմբերի 26-ին հայտարարվել էր երրորդ հրադադարը, որը դարձյալ Ադրբեջանը խախտել էր:

Ինչևէ, 2020-ի նոյեմբերի 5-ին մամուլը գրեց, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երևան:

«Խնդիրները, որ դրված էին իմ առջև, կատարվել են, դրա համար վերադարձել եմ: Իմ մասով այլ գործողություն չկա»,– «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր Արտակ Դավթյանը:

Թե ի՞նչ խնդիրներ էին դրված, երբ պատերազմը ավարտված չէր, Արտակ Դավթյանը չէր մանրամասնել:

Արտակ Դավթյանի՝ Երևան վերադարձից հետո՝ նոյեմբերի 6-ին, Աննա Հակոբյանը պատրաստ էր մարտական առաջադրանքին: Կասեք՝ ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ:

Ուրեմն՝ նոյեմբերի 13-ին, երբ արդեն ստորագրված էր կապիտուլյացիայի փաստաթուղթը, Աննա Հակոբյանը լուսանկարներ էր տեղադրել իր ջոկատի և իր «մարտական առաքելության» վայրի և իրենց գտնվելու վերաբերյալ:

Ավելի ուշ 168.amպարզել էր, որ նախ Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի անվտանգության ապահովման համար Գորիսում բունկեր և խրամատ էր փորվել:

Ավելի ուշ 2-րդ, 3-րդ գծում մի փոքր փոս էին փորել, երբ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 17-19-ին գնացել էր այնտեղ, բայց սա դասական իմաստով խրամատ չի եղել:

Ինչ վերաբերում է այդ օրերին սոցցանցերում տարածված «Էրատո» ջոկատի և Աննա Հակոբյանի «ռազմական» նկարներին, ապա դրանք արվել են Կոռնիձոր-Խնձորեսկ հատվածում գտնվող մի տան նկուղում, որտեղ Աննա Հակոբյանը բուշլատով ծածկված է:

Աննա Հակոբյանի՝ մարտական լուսանկարներից օրեր հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ դադարեցնում է պաշտոնավարումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

«Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»,- մասնավորապես, նշել էր Տոնոյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն ժամանակ ԳՇ պետի պարտականությունները կատարող Օնիկ Գասպարյանը մեկնել էր Սյունիք, ավելին, զանգահարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը հաստատել էր նաև Սերժ Սարգսյանը:

«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի վերջին՝ 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է: Ինքը զանգահարել ա, ինձ ասում ա, որ «ես Սյունիքում եմ, և էստեղ դժվար իրավիճակ ա»: Ես հարցնում եմ՝ «ի՞նչ դժվար իրավիճակ ա», դե, ասում ա, կարծեք թե, բառացի չեմ ասում, բայց մոտավորապես եմ ասում՝ «կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք»: Ես էլ ասել եմ՝ «մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները»,- պատմել էր Սերժ Սարգսյանը:

Այս համատեքստում հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանին փոխարինած Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման օրոք կորցրեցինք Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը՝ գրավոր փաստաթղթի հիման վրա:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը հրամայել է Սյունիքից զորքերը հետ քաշել:

«Ասում եք՝ նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր. իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է, այո՛, եղել է: Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, բայց դրա անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը՝ հետո, մասնակցել են այդ քննարկմանը: Այն տեղի է ունեցել Կառավարությունում, և որոշում է կայացվել: Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,- ասել էր նա:

Մեր տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:

Ի դեպ, 2020-ի դեկտեմբերին 168.am-ի հետ զրույցում Արտակ Դավթյանը նշել էր.

«Իհարկե, խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում: Մի քիչ անհասկանալի է, քանի որ, ըստ պայմանավորվածության, պետք է կանգնեին այն տեղում, որտեղ զորքը կանգնած էր: Իսկ զորքը բավականին առաջ էր կանգնած: Բայց չգիտեմ, միգուցե պայմանավորվածություններ կան, կամ այդպես ավելի հարմար էր: Ինձ թվում է` երկրի ղեկավարությունը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ավելի շատ ինֆորմացիա ունեն և որոշում են կայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Ինձ այդպես է թվում: Անձամբ ինձ համար ցավալի է, քանի որ այդ հենակետերի մեծ մասը, լավ եք հիշում, կազմակերպեցինք ինքնապաշտպանական ուժերի միջոցով և մեր զինված ուժերին աջակցելու նպատակով: Եվ պիտի ասեմ` բավականին հարմար բնագծերով, իսկ հիմա այլ պատկեր է»:

Տեսանյութեր

Լրահոս