Փաշինյանի՝ անապացույց մեղադրանքները և «հույժ գաղտնի» զրույցները չձայնագրելու «ինստիտուցիոնալ» որոշումը

168.amգրել էր, որ մայիսի 22-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ, այս անգամ՝ անուղղակի, մեղադրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, թե «ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի»:

Մասնավորապես, «Հետքի» լրագրողի հարցին, թե՝ անկլավների և միջանցքի մասին կետերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հանելն իր միանձնյա որոշո՞ւմն է եղել, թե՞ քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության ԳՇ ներկայացուցիչների հետ, Փաշինյանն արձագանքել է՝ նման քննարկումներ եղել են:
«Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի»,- շեշտել է Փաշինյանը:

Ճշտող հարցին՝ ԳՇ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, ԳՇ պետի՞ն, նա՞ է ասել, Փաշինյանը հիշեցրել է, որ այդ հարցին 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է:

«Աչաջուրում իմ ունեցած ելույթը լսել եք, այնտեղ ես շատ մանրամասն դրա մասին խոսել եմ»,- երեկ եզրափակել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Իսկ 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել, ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի, միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել»:

Մինչդեռ, Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին նույն ժամանակահատվածում հիշեցրել էր. 

«Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն, որպես դիվանագիտական հնարք՝ միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Այս թեմային մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, ուստի կոնկրետ դեպքում շեշտը կդնենք այլ փաստի վրա:

Մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ վերևում հիշատակված «Հետքի» հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր. «Մեր քաղաքական թիմի անդամներն ասում էին, որ պետք է ինստիտուցիոնալ որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները պետք է ձայնագրվեն, նաև հեռախոսային բոլոր խոսակցությունները: Ինչի՞ չի դա արվել, և այլն, և այլն: Դե, ինստիտուցիոնալ էնքան բան չի արվել: Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, արձանագրվել, այլապես շատ մարդիկ շատ բաներ խոսալու ոչ մի տարբերակ չէին ունենա»:

Ի՞նչ է ստացվում՝ նման կարևոր քննարկման կամ խոսակցության փաստական ապացույց Փաշինյանը չունի՞, թե՞ գուցե ունենալը ձեռնտու չէ: Երկու դեպքն էլ իր օգտին չեն խոսում:

Այս թեմայի համատեքստում հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին նա ԱԺ-ում հայտարարել էր, որ Սյունիքում զորքի հետքաշման հրամանն անձամբ ինքն է տվել, իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այն ընդամենը կատարել է:

Ի դեպ, այս դեպքում ևս քննարկում է եղել, բայց Փաշինյանը դարձյալ միանձնյա որոշում է կայացրել:

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, նախարարը գրավոր է տվել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը: Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել»:

2021 թվականի հոկտեմբերի 28-ին ArmLur.am-ը հրապարակել էր Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումների մասնակիցների ցանկը, որոնց թվում են եղել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, այդ ժամանակահատվածում ՏԿԵ նախարար, այսօր՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի արդեն նախկին հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը:

168.am-ի տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:

Արդյո՞ք այս քննարկումների ձայնագրությունները կան, թե՞ դրանք Կառավարությունում դարձյալ Նիկոլ Փաշինյանի կաբինետում են տեղի ունեցել, որտեղ տեղի ունեցած խոսակցությունները, ըստ Փաշինյանի, չեն ձայնագրվել: Ենթադրենք՝ այդպես է, բայց միայն ենթադրենք:

Ի դեպ, Սյունիքի հետ կապված հանդիպումները տեղի են ունեցել 2020թ. դեկտեմբերի 15-ին, իսկ դեկտեմբերի 17-ին Սյունիք կատարած այցի ժամանակ Վաղարշակ Հարությունյանը մեկ օր ժամանակ էր տվել՝ բոլոր դիրքերից պետք է հետ քաշվեն զորքերը:

2021թ. փետրվարին համացանցում տարածվել էր ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Ներքոդրյալ փաստաթղթի առաջին հոդվածում նշվում էր, որ «հայկական կողմը 2020թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։ Այս թեմային ևս մի քանի անգամ մանրամասն անդրադարձել ենք, առհասարակ, պատերազմական և հետպատերազմական զարգացումներին Սյունիքի շուրջ:

Շարունակենք հույժ կարևոր թեմաներով ձայնագրությունների թեման: 2020 թվականի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը ուղերձ էր հղել, որ ԱԽ նիստում պատերազմի 4-րդ օրն առաջարկել է երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում, այդ ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ոչ բարենպաստ պայմաններ:

Գեներալ Գասպարյանի այս հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատել էր կամ առնվազն չէր հերքել 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Արդեն իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր խոսքից, հատկապես այն ժամանակ, երբ ակտիվացել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանը ստում է, առաջին անգամ պատերազմը կանգնեցնելու առաջարկ արվել է 2020-ի հոկտեմբերի 19-ին, որին ևս ականջալուր չեն եղել: Մասնավորապես, 2021 թվականի ապրիլի 14-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու ասել, պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված»:

Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքել էր և հաստատել նոյեմբերի 17-ի ուղերձում արված իր պնդումը:

2021 թվականի ապրիլի 15-ին Անվտանգության խորհուրդն Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր էր հրապարակել, ինչը, մեծ հաշվով, չէր հերքել Օնիկ Գասպարյանի պնդումը, որ պատերազմի 4-րդ օրն առաջարկել է օրերի ընթացքում կանգնեցնել պատերազմը: Այսինքն, չէր հաստատել Նիկոլ Փաշինյանի և ԱԽՔ-ի հակառակ պնդումը: Ամեն դեպքում, 2021-ի ապրիլի 20-ին ԱԽ գրասենյակն հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ: Սա, բնական է, դրությունը չփոխեց:

Ըստ այդմ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն, անդրադառնալով մոնտաժված ձայնագրությանը, պահանջել էր հրապարակել 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ: Մյուս կողմից, 168.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանը նշել էր.

«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

ԱԽ գրասենյակից լրատվամիջոցներին հայտնել էին, թե սեպտեմբերի 30-ի նիստում նախագահը եզրափակիչ ելույթ չի ունեցել։

«Սեպտեմբերի 30-ի նիստում հանրապետության նախագահը եզրափակիչ ելույթ չի ունեցել։ Մեզ համար անհասկանալի է Օնիկ Գասպարյանի կողմից ԱԽ նիստերի շարունակական խեղաթյուրումները։ Մեզ համար անհասկանալի է նաև սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի իր ելույթն ամբողջությամբ հրապարակելու Օնիկ Գասպարյանի պահանջը, որովհետև այդ ելույթում նա խոսում է Արցախի Պաշտպանության բանակի մի շարք գործողությունների մասին, որոնց հրապարակումը կարող է էական վնաս պատճառել Արցախի և Հայաստանի ազգային շահերին։ ԱԽ գրասենյակի կողմից նյութերի հրապարակումից ակնհայտ է դառնում, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու առաջարկություն չի արել, և լիազորված ենք ևս մեկ անգամ դա արձանագրել»,- հաղորդել էին գրասենյակից։ Իսկ նախագահականից այդ պահին չէին հստակեցրել՝ Արմեն Սարգսյանը եզրափակիչ ելույթ ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Իսկ լրագրողների հետ զրույցում էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, թե 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի ձայնագրության մնացած հատվածներում Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր կան, որոնք հրապարակելը նպատակահարմար չէ:

Այս համատեքստում նշենք, որ «Հետքն» անդրադարձել էր հարցին, թե ԱԽ գրասենյակն ինչ իրավական հիմքով է մասնակի գաղտնազերծել ԳՇ նախկին պետի զեկույցները: Նշենք, որ ԱԽ կայքում համապատասխան փաստաթղթերն այդպես են վերնագրված՝ «նիստի գաղտնազերծված արձանագրություն»: Եթե խոսվում է գաղտնազերծման մասին, նշանակում է գործ ունենք պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ, իսկ գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնագրումն ու գաղտնազերծումը կանոնակարգվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով:

Հետաքրքիր է, որ թեպետ պաշտոնական հաղորդագրություններում էլ ԱԽ գրասենյակը բառացի նշել է՝ «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված ձայնագրություն», սակայն «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ԱԽ-ից հայտնել էին, թե ո՞ր պետական մարմինն է պատասխանատու ԱԽ նիստերում հնչեցված զեկույցներում պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման ու պահպանման համար, ԱԽ գրասենյակը նշել էր՝ տվյալ զեկույցը ներկայացնող մարմինը: Սա նշանակում է, որ ԳՇ պետի զեկույցում առկա այն տեղեկությունները, որոնք պետական կամ ծառայողական գաղտնիք են հանդիսանում, պիտի գաղտնագրվեն ու գաղտնազերծվեն ՊՆ-ի կողմից:

Իսկ «Հետքի» մեկ այլ հարցին, թե որ պետական մարմինն է պատասխանատու ԱԽ նիստերի արձանագրություններում (նկատի են ունեցել թե՛ հնչեցված զեկույցները, թե՛ դրանց շուրջ ծավալված քննարկումները) առկա պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման ու պահպանման համար, ԱԽ գրասենյակը նշել է իրեն:

Լրատվամիջոցն այս համատեքստում հիշեցրել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում և կառավարության 1998 թ. վերոնշյալ որոշման մեջ որևէ կետ չկա այն մասին, որ ԱԽ գրասենյակը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ գաղտնագրելու և գաղտնազերծելու իրավունք ունի:

Իսկ ԱԽ գրասենյակից նրանց հայտնել էին, որ Օնիկ Գասպարյանի զեկույցներից հրապարակումներ անելիս առաջնորդվել են «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքով, որում, մասնավորապես, նշված է. «Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը»:

Այսինքն՝ Փաշինյանն է որոշել, թե ԱԽ-ն ինչ պետք է հրապարակի: Մյուս կողմից, այստեղ որևէ խոսք չկա պետական կամ ծառայողական գաղտնիքի և, մասնավորապես, դրա գաղտնազերծման մասին:

ԱԽ-ն «Հետքին» ասել էր, որ իր հրապարակած հատվածները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն հանդիսանում՝ հղում կատարելով տեղեկությունները տնօրինող մարմնի եզրակացությանը: Այդ մարմինը տվյալ դեպքում ՊՆ-ն է:

Այդ դեպքում, հարց է ծագում՝ ի՞նչն են գաղտնազերծել:

Այսինքն կարելի՞ է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի և դրա համատեքստում կարևոր հարցերի շուրջ քննարկումների, զրույցների արձանագրությունները կամ ձայնագրությունները չունի, կամ չի ցանկանում դրանք հրապարակել, գուցե՞ որովհետև իր շահերից չեն բխում: Մյուս կողմից՝ զարմանալի է, որ չի խուսափում հրապարակել իր աշխատասենյակում անցկացված փակ քննարկումների ընթացքում զրույցների որոշ մանրամասներ՝ առանց հիմնավոր ապացույցների:

Ւ դեպ, հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 14-ին ԱԺ-ում այդ ժամանակ պատգամավոր, այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Փաշինյանին հետևյալ հարցադրումն էր արել.

«Եթե ճիշտ եմ հիշում, մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Դուք ելույթում ասացիք, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել տվել։ Քանի որ հրապարակային էիք ասել, ես էլ պահանջեցի Ձեզնից ապացույցներ, սակայն ապացույցները չհրապարակվեցին։ Մարդուն հանիրավի մեղադրանք ներկայացվեց։ Այսօր խորհրդարանի ամբիոնից հղում կատարեցիք Օնիկ Գասպարյանի 2020թ նոյեմբերի 17-ի հայտարարությանը և ասացիք, որ նման հայտարարություն չի արել, այլ հակառակի մասին է հայտարարել։ Օնիկ Գասպարյանն էլ հիմա հայտարարեց, որ Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում, և Դուք կեղծում եք Ազգային անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները։ Հիմա ո՞նց ենք իմանալու՝ ո՞վ է ճիշտ ասում: Այսպես անդադար մարդկանց վերագրվող բաները և դրա վերաբերյալ անապացույց այս խոսակցություններն ինչքան են շարունակվելու: Հիմա ապացուցեք, հրապարակեք ԱԽ նիստի արձանագրության այն հատվածը, որը չի համընկնում Օնիկ Գասպարյանի ասածի հետ»։

Ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը Մարուքյանի առաջարկը համարել էր լավ առաջարկ և խոստացել դիտարկել այդ հատվածը գաղտնազերծելու հարցը:

«Մենք կդիտարկենք Անվտանգության խորհրդի նիստի այդ հատվածը հրապարակելու հարցը: Համենայն դեպս, այն, ինչ որ ես այսօր մեջբերեցի՝ կարող եք համարել բառացի մեջբերում ԱԽ նիստում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից։ Դրանք գաղտնի փաստաթղթերով առավել մանրամասն արձանագրված են, և իմ ասածներն ապացուցելի են։ Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ, թե ինքը ինչ է խոսացել, և Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020թ դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, ես գիտեմ, որ պետական հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, և այդ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ Օնիկ Գասպարյանը դուրս է եկել նախագահ Արմեն Սարգսյանի մոտից»,- շարունակել էր Փաշինյանը:

Փաստն այն է, որ մինչ օրս Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը 4-րդ օրը դադարեցնելու առաջարկին հակադարձող փաստացի ապացույց չի հրապարակվել, ոչ էլ Սերժ Սարգսյանի՝ ԳՇ «պետական հեղաշրջման փորձին» միջամտության մասին: Իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

2023 թվականի ապրիլի 18-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ցանկանում է՝ քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունը լինի հրապարակային, պատրաստվում է պատմել, թե որն է եղել 2020-ի հոկտեմբերի 19-ին թուղթ չստորագրելու պատճառը, ինչի մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ էության, այս մասին նա վաղուց հրապարակային գրառում է արել:

Արդյոք Փաշինյանը կհամաձայնի՞ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկած տարբերակին՝ իր և Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում
կպատասխանեն հանրությանը հուզող հարցերին: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում խոստացել էր քննարկել Տոնոյանի առաջարկը: Եթե սա չընդունվի, ամեն դեպքում, քննիչ հանձնաժողովում նիստերը ձայնագրվում են, և գուցե մի օր դրանք հասանելի դառնան լայն հանրության համար: Մնում է հուսալ, որ այս ձայնագրությունները չեն արժանանա ԱԽ նիստի ձայնագրությունների ճակատագրին, և ընդամենը մի քանի նախադասությամբ հասանելի կդառնան հանրությանը:

Իսկ Օնիկ Գասպարյանն էլ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով գնալուց առաջ՝ Սերժ Սարգսյանի օրինակով, պահանջել է իր հարցաքննությունների ձայնագրությունը, որպեսզի ճիշտ ժամանակին Նիկոլ Փաշինյանին փաստական պատասխան կարողանա տալ, ինչի մասին ավելի վաղ գրել էր 168.am-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս