Миссия выполнена. Վաղարշակ Հարությունյանի վտանգավոր առաքելությունը և Արշակ Կարապետյանի հրաժարումը

Օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ հայկական զորքերը Սյունիքից նախորդ տարվա դեկտեմբերին հետ են քաշվել ստորագրված փաստաթղթի հիմքով:

Գ. Մանուկյանը մեկ տարվա ընթացքում հարցումներ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, և, ի վերջո, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից ստացել է հարցման պատասխան, որով պարզ է դարձել, որ Հայաստանի սուվերեն տարածքից զորքերի հետքաշումն ունի փաստաթղթային հիմնավորում:

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում հայկական ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա»,- ընդգծել է Գեղամ Մանուկյանը:

168.am-ն ավելի վաղ «Վաղարշակ Հարությունյանի սև գործի «վտանգավոր» հետևանքները» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր 2021թ. փետրվարին համացանցում տարածված ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագրին՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։

Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են Հայաստանը և Ադրբեջանը՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Այսինքն, այնպես, ինչպես վերևում բացատրում էր Վաղարշակ Հարությունյանը:

Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:

Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու իր իրավունքը։

Ելնելով շրջանառված փաստաթղթի պահանջներից, դեկտեմբերի 17-ին Սյունիք կատարած այցի ժամանակ Հարությունյանը մեկ օր ժամանակ էր տվել՝ բոլոր դիրքերից պետք է հետ քաշվեն զորքերը: Մինչդեռ ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, թե իբր Վաղարշակ Հարությունյանը Սյունիք է մեկնել՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։

Դեկտեմբերի 18-ին 168.am-ի հարցին՝ մամուլում և սոցցցանցերում շրջանառվում են լուրեր, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին, ռազմական գերատեսչությունից պարզաբանել էին.

«Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին: Ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարը չի ստորագրել, չէր կարող ստորագրել մի փաստաթուղթ, թեկուզ՝ գաղտնի, որը վերաբերում է ՀՀ-ի, մասնավորապես՝ Սյունիքի սահմաններին»:

Նշենք, որ սյունիքյան այցից օրեր առաջ՝ դեկտեմբերի 12-ին, պաշտպանության նախկին նախարարը մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ էլ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուն էր եկել Հայաստան:

Այցի ավարտին Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:

2020-ի դեկտեմբերի 20-ին «Զինուժ մեդիա»-ի հարցերին պատասխանելով, ըստ էության, Վաղարշակ Հարությունյանը հաստատել էր, Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհների մասով շրջանառված փաստաթղթի բովանդակությունը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,- պնդել էր Հարությունյանը և ասել,- Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»:

Այս տարվա հոկտեմբերին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հարցապնդումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, հայտարարեց, որ ինքն է Սյունիքից զորքերի հետքաշման հրամանը տվել, իսկ Վաղարշակ Հարությունյանն ընդամենը կատարել է այն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ԳՇ-ի կողմից ուղարկված գրությունից ենթադրվում է, որ Փաշինյանի հրահանգի կատարումը եղել է համապատասխան փաստաթղթի տակ ստորագրություն թողնելով:

Եվ եթե հաշվի առնենք ՊՆ-ի վերևում հիշատակված պարզաբանում-հերքումը 168.am-ի հարցմանն ի պատասխան, ի՞նչ է ստացվում՝ Վաղարշակ Հարությունյանը սահմանների հետ կապված փաստաթղթի տակ ստորագրելով՝ անօրինականությո՞ւն է թույլ տվել, և սրա համա՞ր է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է վարձահատույց լինել Վաղարշակ Հարությունյանին՝ փորձելով որևէ պաշտոնական կարգավիճակ «շնորհել»:

Մասնավորապես, ՀՀ իշխանությունները շատ են ցանկանում Վաղարշակ Հարությունյանին տեսնել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում, սակայն ռուսական կողմը հարցի վերջնական լուծումը տևական ժամանակ ձգձգում է: Ասում են՝ թեպետ Վաղարշակ Հարությունյանը ռուսամետ է, սակայն գործող դեսպան Վարդան Տողանյանին ավելի են նախընտրում: Օրերս նա ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Փաշինյանի հրահանգով՝ Վաղարշակ Հարությունյանի թույլ տված փաստաթղթային «դավաճանությունը» կարող է տարբեր կերպ արդարացվել, ինչը հասցրել է անել Նիկոլ Փաշինյանը՝ «2020թ. դեկտեմբեր ամսին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,- հայտարարել էր նա:

Կարող են ասել նաև, որ Որոտանից (Կուբաթլուից) ու Կովսականից (Զանգելանից) զորքի հետ քաշելը Սյունիքի սահման չէ։ Բայց փաստը մնում է փաստ՝ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով սահմաններ են գծվում:

Հարց է՝ ո՞վ է գլխավոր մեղավորը՝ հրաման տվո՞ղը, թե՞ կատարողը, թե՞ երկուսը հավասարապես մեղավոր են: Իսկ գուցե մի օր Նիկոլ Փաշինյանն ասի, որ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է իրավիճակը, ինքն էլ ընդամենը համապատասխան հրամա՞ն է տվել: Նա սովորություն ունի իր սխալները բարդել ուրիշների վրա: Մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարներից յուրաքանչյուրին նշանակել է կոնկրետ առաքելությամբ, Վաղարշակ Հարությունյանի դեպքում, ինչպես ասում են՝ миссия выполнена, Արշակ Կարապետյանն ինչ-որ պահի հրաժարվեց սպասարկել Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Իսկ այդ օրակարգը՝ դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը:

Տեսանյութեր

Լրահոս