Սենտիմենտալ քաղաքականությունը չի ենթադրում փոխադարձություն
Դա հանցագործությունից շատ ավելի վատ էր. դա կոպիտ սխալ էր:
Շարլ Մորիս դը Թալեյրան-Պերիգորդ
Վերջերս Ն. Փաշինյանի կողմից միջազգային հանրությանը ներկայացված «Խաղաղության խաչմերուկը» նպատակ է հետապնդում ստեղծել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք հատելով Հայաստանի տարածքը՝ կխթանեն տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։
Անմիջապես ասեմ՝ Հայաստանը որպես տրանսպորտային «խաչմերուկ» գաղափարը նոր չէ. նման մտահղացում շրջանառության մեջ դրվեց դեռ 1992 թվականին, բայց աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով այն մնաց թղթի վրա։ Հետագայում մշակվեցին և տարածաշրջանում իրագործվեցին ռազմավարական բնույթի միջազգային տրանսպորտային և նավթագազային այլ նախագծեր, որոնցից Հայաստանը դուրս մնաց։
Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում վերակենդանացնելով «խաչմերուկի» գաղափարը և խաչասերելով այն դեռ լույս աշխարհ չեկած խաղաղության պայմանագրի հետ, հեղինակի պատկերացմամբ, հնարավոր կլինի վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ապահովել երկրի անվտանգությունը։ Հարց է առաջանում՝ որքանո՞վ է սա իրատեսական։ Պատասխանելու համար փորձենք գնահատել նախևառաջ «խաչմերուկի» հեռանկարը։
Աշխարհագրական տեսակետից ընդհանուր սահման ունեցող 3-ից ավելի երկրների ցանկացած համակցություն կարող է ձևավորել խաչմերուկ։ Ուստի, պարզ է, որ նման գաղափարների իրագործելիությունը կախված է բազմաթիվ այլ և ավելի կարևոր գործոններից, այդ թվում՝ աշխարհաքաղաքական զարգացումներից, տարածաշրջանային լարվածության աստիճանից, հարևան և դոնոր երկրների հետաքրքրություններից և այլն։
Ակնհայտ է, որ վերը նշված երկու հանգամանքները որևէ լավ բան չեն խոստանում։ Երեք տարի առաջ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված «խաղաղության օրակարգի» մանտրան բերեց Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների ռազմական օկուպացիայի, Արցախի հայաթափման և ԼՂՀ առաջնորդների բանտարկության։ Բայց ակնհայտ է նաև, որ անգամ այս աներևակայելի «զոհաբերությունները» չեն հագեցրել թուրք-ադրբեջանական դաշինքի անհագ ախորժակը։ Դրա վկայությունն են Հայաստանի կառավարիչների անդադար նախազգուշացումները ռազմական առճակատման վտանգի մասին և դրան զուգահեռ՝ միջազգային հանրությանն ուղղված խնդրանքները՝ կանխելու Ադրբեջանի ռազմական նկրտումները։ Այս ամենով հանդերձ՝ Թուրքիան շարունակում է ցուցաբերել լիակատար համերաշխություն իր եղբայր ժողովրդի հետ՝ դեռ զերծ մնալով հրապարակայնորեն Հայաստանին իր պահանջները ներկայացնելուց։ Մինչդեռ կասկածից վեր է, որ տարածաշրջանում ցանկացած անկայունություն լրջագույն խոչընդոտ է թանկարժեք ենթակառուցվածքային նախագծի իրականացման համար։ Իսկ կայունությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի և նրա թրքալեզու հարևանների, ինչպես նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական դիմակայությունների դինամիկայից: Շատ կարևոր է նաև Իրանի շուրջ ընթացող զարգացումների ելքը։
Ինչ վերաբերում է «խաչմերուկի» հանդեպ հետաքրքրությանը, ապա դրա մասին խոսում են միայն Հայաստանի քաղաքական «շուկայագետները». մինչ օրս որևէ լուրջ անդրադարձ որևէ երկրի, մասնագիտացված լրատվամիջոցի կամ միջազգային ֆինանսական կառույցի կողմից՝ «խաչմերուկի» տնտեսական գրավչության մասին, չի գրանցվել։ Լավագույն դեպքում՝ միջազգային լրահոսը սահմանափակվել է «գաղափարի» հակիրճ հիշատակումներով:
Մինչդեռ ակնհայտ է, որ նման նախաձեռնությունների գրավչությունը մեծապես պայմանավորված է նաև շահերի ներդաշնակեցմամբ։ Նախագծի քաղաքական և տնտեսական նպատակները պետք է համահունչ լինեն հնարավոր մասնակից երկրների արդեն իսկ ձևավորված հետաքրքրություններին և հնարավորինս բացառեն երրորդ երկրների շահերի հետ բախումը։ Այս տեսակետից կարևոր է, մասնավորապես, Նյու Դելիում վերջերս կայացած G20-ի գագաթաժողովին Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (India-Middle East-Europe Economic Corridor, IMEC) նախագծի շնորհանդեսը։ Ամերիկյան այս հավակնոտ նախաձեռնությունը ներառում է երկաթուղիների կառուցում, էկոլոգիապես մաքուր էներգետիկ ցանցերի ստեղծում, բարձր արագությամբ ինտերնետի համար նախատեսված ստորջրյա մալուխների անցկացում և պաշտպանված հեռահաղորդակցության համակարգերի զարգացում: Միջանցքի երկայնքով նախատեսվում է զարգացնել տարբեր արտադրություններ և ամրապնդել պարենային անվտանգության ու մատակարարման շղթաները: IMEC-ը, շրջանցելով Թուրքիան, նախատեսում է երկու միջանցք՝ արևելյան, որը կկապի Հնդկաստանն Արաբական ծոցին, և հյուսիսային, որը կկապի Արաբական ծոցը Եվրոպական երկրների հետ:
Ըստ որոշ փորձագետների՝ նոր միջանցքը կլրացնի գործող ծովային և երկաթուղային երթուղիները, ինչպիսիք են Սուեզի ջրանցքը, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը և Չինաստանի Մետաքսի ճանապարհը։ Սա կհեշտացնի անխափան տարանցումը Հարավային Ասիայի երկրների (և առաջին հերթին՝ Հնդկաստանի), Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի և Եվրոպայի միջև: Նախագծի հրատապությունը պայմանավորված չէ միայն դեպի Հարավային Ասիայի արագ աճող շուկա կարճ և կայուն մուտքի ապահովման անհրաժեշտությամբ։ Որոշ փորձագետների կարծիքով էլ՝ IMEC-ը կոչված է կանխելու տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությունը և նվազեցնելու Հարավային Ասիայի երկրների կախվածությունը Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքից: Քանի որ ամերիկյան նախաձեռնությամբ նախատեսված ուղիները շրջանցում են Թուրքիան, Էրդողանը չհապաղեց հանդես գալ հայտարարությամբ։ «Անկարան ձգտում է ամրապնդել երկրի պատմական դերը՝ Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։ Առանց Թուրքիայի չի կարող լինել միջանցք»,- նշել էր նա G20-ի գագաթաժողովից հետո։
Մի քանի օր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ի պատասխան Financial Times թերթի հարցման՝ նշել էր.
«Փորձագետները կասկածներ ունեն, որ առաջարկվող միջանցքի առաջնային թիրախները ռացիոնալությունն ու արդյունավետությունն են. այն նախևառաջ տեղիք է տալիս աշխարհառազմավարական մտահոգությունների: Առևտրային ուղին չի նշանակում գործ ունենալ միայն առևտրի հետ։ Դա նաև աշխարհառազմավարական մրցակցության արտացոլում է»։ Իր «կառուցողականությունը» դրսևորելու նպատակով, Թուրքիան, որպես այլընտրանք, հրապարակ նետեց «Իրաքի զարգացման ճանապարհ» նախաձեռնությունը (Iraq Development Road Initiative):
Ակնհայտ է դառնում, որ արդեն իսկ գործող տրանսպորտային երթուղիների համատեղումը ներկայացված նախաձեռնությունների հետ առավել բարդացնում է տարածաշրջանային կոմունիկացիոն խճանկարը։ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սրվող ռազմավարական մրցակցությունն ուղղված է և՛ ներգրավվածության ապահովմանը, և՛ ներգրավվածության բացառմանը։ Թե այս խառնաշփոթ «մայրուղիների» համակարգում որքանով է պահանջված «հայկական խաչմերուկը», դժվար է պատկերացնել։
Բազմակողմ համագործակցության հաստատման համար որոշիչ է նաև փոխադարձ վստահության մակարդակը։ Պատրա՞ստ են բոլոր շահագրգիռ կողմերը, մի կողմ դնելով առկա հակասությունները՝ ներգրավվել բազմակողմ համագործակցությանը:
Հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտի բարդությունը՝ նման նախագծի իրականացումը պահանջում է բոլոր մասնակիցների լրջագույն դիվանագիտական ջանքեր, փոխադարձ վստահության ձևավորում և առկա վեճերի խաղաղ կարգավորման հանձնառություն:
Մեկ այլ, բայց ոչ պակաս կարևոր հանգամանք է «նախագծի» ֆինանսատեխնիկական ապահովումը։ Կասկածից վեր է, որ Հայաստանը միայնակ չի կարող ապահովել անհրաժեշտ մեծածավալ ֆինանսատեխնիկական ներդրումներ և նախագծային ու ինժեներական լուծումներ:
Մինչ օրս հանրությանը չի ներկայացվել «նախագծի» հստակ նկարագրություն և դրա ֆինանսական հիմնավորման ուրվագծերը։ Ակնհայտ է, որ անգամ ՄԱԿ-ի անդամ 193 երկրների մայրաքաղաքներում երևակայությունը գրգռող գրաֆիկական վառվռուն ցուցադրումները չեն ստիպի ներդրողներին բացել իրենց քսակները։
Այսուհանդերձ, չեմ բացառում, որ կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությամբ հնարավոր է ապահովել համերաշխություն և խաղաղություն հակառակորդների միջև։ Որպես օրինակ՝ հաճախ վկայակոչվում է հետպատերազմյան Եվրոպայի, մասնավորապես՝ Արևմտյան Գերմանիայի և Ֆրանսիայի միջև հաստատված համագործակցությունը։ Ցավոք, այս մոտեցման կողմնակիցները միշտ նշում են արդյունքը, և ոչ թե՝ հաջողության գրավականները։ Վերհիշենք պատմությունը։
Գերմանիայի, իսկ հետագայում և՝ նախկին ԽՍՀՄ-ի կողմից հնարավոր ագրեսիան դիմակայելու նպատակով 1947 թվականի մարտի 4-ին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ստորագրեցին Դյունկերքի դաշնակցության և փոխօգնության մասին պայմանագիրը: Մեկ տարի անց Բրյուսելում կայացված որոշման համաձայն՝ դաշինքին միացան նաև Բենիլյուքսի երկրները։ Արդյունքում՝ ձևավորվեց Բրյուսելի Պայմանագրի կազմակերպությունը, որն առավել հայտնի է՝ որպես Արևմտյան Միություն։ Միևնույն ժամանակ ընթանում էին բանակցությունները՝ ԱՄՆ-ը և Կանադան դաշինքում ներգրավելու ուղղությամբ, և, ի վերջո, 1949 թվականի ապրիլի 4-ին հռչակվեց Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը։ 1955թ. մայիսի 6-ին ՆԱՏՕ-ին անդամակցեց նաև Արևմտյան Գերմանիան։
Սա թույլ տվեց ապահովել վերջինիս վերահսկելի և ինտեգրված վերազինումը և դրանով իսկ՝ գերմանական ռևանշիզմի կանխումը։ Գերմանա-ֆրանսական համագործակցությանը և երկու երկրների ժողովուրդների հաշտեցմանը մեծապես նպաստեց նաև 1948-52թթ. ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված և արևմտյան երկրներում հաջողությամբ իրագործված «Մարշալի Պլանը»։ Դրան զուգահեռ՝ 1951 թվականին Արևմտյան Եվրոպայում վերազգայնության սկզբունքի հիման վրա ստեղծվեց ածխի և պողպատի ընդհանուր շուկան։ Պայմանագրով նախատեսված համագործակցությունը, ի թիվս այլ խնդիրների, թույլ տվեց համատեղ վերահսկել պողպատի՝ որպես ռազմական արդյունաբերության համար անհրաժեշտ ռազմավարական բաղադրիչի արտադրությունը։
Այս բոլոր ջանքերի արդյունքում ստեղծված զսպումների և տնտեսական շահերի համադրման մեխանիզմները հնարավոր դարձրին երաշխավորելու ոչ միայն պատմական հակառակորդ երկու ժողովուրդների հաշտությունն ու փոխշահավետ համագործակցությունը, այլև հետագայում ծագած բոլոր վեճերի խաղաղ կարգավորումը։ Երկու երկրների ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրմանը նպաստեց նաև ԽՍՀՄ-ից եկող ռազմական և գաղափարական սպառնալիքը։ Այս աննախադեպ քաղաքականության հաջողության գրավականն Արևմտյան Գերմանիայի և Ֆրանսիայի իմաստուն առաջնորդների հեռատեսությունն էր և քաղաքական զսպվածությունը, բարի կամքի առկայությունը, համբերությունը, միջնորդների անկեղծ շահագրգռվածությունը և ժողովուրդների ինքնության համատեղելիությունը։
Տեսականորեն մեր տարածաշրջանում նման նախագիծ կարող էր հանդիսանալ Ադրբեջան-Թուրքիա հիմնական գազատարի և նավթատարի կառուցումը Հայաստանի և Արցախի տարածքներով։ Դրա արդյունքում ձևավորված սիմետրիկ և ռազմավարական փոխկապվածությունը և փոխկախվածությունը կնպաստեր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ շահերի համադրմանը, ժողովուրդների հաշտեցմանն ու խաղաղ գոյակցությանը և որպես հետևանք՝ տարածաշրջանային կայունությանը։ Բայց 20-րդ դարի ավարտին հայ ժողովուրդը, գիտակցաբար կամ բնազդաբար, «թերարժեքության բարդույթը» հաղթահարելու նպատակով նախապատվությունը տվեց «պատմական ճշմարտության վերականգնմանը»։ Որքան էլ ցավալի է, այսօր պետք է խոստովանել, որ քաղաքական մտքի տկարության պատճառով կորցրինք «կոտրված տաշտակը» և հուսահատորեն պայքարում ենք «29.800 քառակուսի կիլոմետրի» համար։
Հենրի Քիսինջերն ասել էր. «Ազգերը սովորում են միայն իրենց փորձառության հիման վրա։ Նրանք գիտեն միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է»: Նա չգիտեր, որ կան ազգեր, որոնք չեն սովորում անգամ սեփական սխալներից։ Այդպիսին ենք հայերս և մեզ առաջնորդելու հավակնություն ունեցողները:
Ներկայացված այլընտրանքային հաղորդակցման «նախագիծը» զուրկ է անհրաժեշտ ռազմավարական բաղադրիչից, որը կապահովեր մասնակիցների ռազմավարական փոխկապվածությունը և փոխհամագործակցությունը և դրանով իսկ կնպաստեր տարածաշրջանի կայուն խաղաղությանը։ Աշխարհաքաղաքական մրցակցության աննախադեպ սրման պայմաններում, երբ կտրուկ աճում է միջազգային համակարգին բնորոշ անորոշությունը, չափազանց վտանգավոր է շարունակաբար անտեսել միջազգային հարաբերությունների ինքնօգնության հիմնարար սկզբունքը։
Այն ենթադրում է սեփական ռազմաքաղաքական ներուժի ապահովում, ինչպես նաև փոխադարձ պաշտպանության դաշինքներին մասնակցություն: Առաջնային է տարածաշրջանային ուժերի դինամիկայի մշտադիտարկումը և գնահատումը, հնարավոր սպառնալիքների հակակշռումը և այդ նպատակներով սթափ արտաքին և ներքին քաղաքականության իրականացումը։ Վերջին խնդիրը թելադրում է համապատասխան տնտեսական քաղաքականության իրագործում և առաջ է բերում «թնդանո՞թ, թե՞ կարագ» հավերժ դիլեման։ Ի վիճակի՞ է Հայաստանն ինքնուրույն լուծել վերոնշյալ խնդիրները։ Որտե՞ղ է մեր թյուրքալեզու հարևանների ոտնձգությունների և պահանջների սահմանը, և ի զորո՞ւ է կառավարության խաղաղեցման սեթևեթ արկածախնդրությունն ապահովելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը։ Պետք չէ լինել Քիսինջեր՝ այս հարցերին պատասխանելու համար։
Երաշխավորված փոխադարձությունից զուրկ քաղաքականությունը հանգում է ազգերի միջև հուզական ներգրավվածության անհամաչափության և մնում՝ որպես անպատասխան սենտիմենտ։ Վերջին տարիներին թույլ տրված կոպիտ սխալները և դրանց ողբերգական հետևանքներն ու ճակատագրական կորուստները վկայում են, որ ցանկությունների մտադրությամբ և զավեշտալի պատրանքներով անհնարին է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը: Արդի էքզիստենցիալ խնդիրների լուծումը պարտադիր թելադրում է ոչ թե բուռն դիվանագիտական գործունեության իմիտացիա, այլ համապարփակ անվտանգային քաղաքականություն։ Դրա մասին՝ առանձին։
Հ.Գ. Նոյեմբերի 29-ին Financial Times օրաթերթը տեղեկացրեց, որ Ի.Ալիևի և Դուբայում այսօր մեկնարկած ՄԱԿ-ի 2023թ. Կլիմայի փոփոխության կոնֆերանսի (COP28) նախագահ Սուլթան ալ-Ջաբերի մասնակցությամբ Ադրբեջանում տեղի է ունեցել 230 մեգավատտ հզորության արևային էլեկտրակայանի բացման արարողությունը։ Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դոլար, ինչը մոտ ապագայում Ադրբեջանին թույլ կտա արտադրել 1 գիգավատտ էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա։ Ըստ ՀՀ ՏԿԵ նախարարի՝ մինչև 2040թ. Հայաստանում կկառուցվեն 0.5 գիգավատտ ընդհանուր հզորության արևային էլեկտրակայաններ։
Օդային ամրոցներ երազելու փոխարեն՝ ՀՀ կառավարությունը` ԱՄԷ-ի միջնորդությամբ և ֆինանսական մասնակցությամբ, պետք է, ի մասնավորի, նախաձեռներ հայ-ադրբեջանական սահմանին համատեղ արևային էլեկտրակայանի կառուցումը։ Սա կարող է ուղի բացել դեպի աշխույժ խաչմերուկներ։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան