Հայաստանից արտահոսքի տեմպերն ահագնանում են

Վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդագրության ոլորտում իր ղեկավարած կառավարության վարած քաղաքականության արձանագրած՝ նախադեպը չունեցող հաջողությունների մասին։ Ասում էր՝ այդ քաղաքականության արդյունքում այս տարի Հայաստանում արձանագրվել է վերջին հինգ տարիների ծնելիության ամենաբարձր ցուցանիշը։

«2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ։ Սա ժողովրդագրության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունք է»,- այս հայտարարությունը կառավարության հերթական նիստերից մեկում վերջերս արեց Նիկոլ Փաշինյանը։

Սակայն «մոռացավ» ասել, թե այդ քաղաքականության արդյունքում որքանո՞վ է բարելավվել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը։ «Մոռացավ» ասել, թե կառավարության վարած քաղաքականության արդյունքում, ավելի ճիշտ՝ հետևանքով, ինչքա՞ն քաղաքացի է հեռացել ու հեռանում Հայաստանից։

Կառավարության վարած քաղաքականության արդյունքն այն է, որ ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։

Կարդացեք նաև

Շարունակում է վատանալ այն պարզ պատճառով, որ երկրից գնացողներն անհամեմատ ավելի շատ են, քան նրանք, ովքեր նախընտրում են վերադառնալ։

Նույնիսկ այն պարագայում, երբ վերջին մեկ-երկու տարում, հայտնի պատճառներով, ակտիվացել են Ռուսաստանից, ինչպես նաև մի շարք այլ երկրներից՝ հատկապես Հնդկաստանից, եկող մարդկային հոսքերը, ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդագրության ոլորտում կառավարության արձանագրած հաջողությունների և ծնելիության ավելացման մասին, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ մարդկանց տեղաշարժերի հաշվեկշիռն այս տարվա ինն ամիսների տվյալներով, կրկին բացասական է։ Հայաստանից ավելի շատ գնացել են, քան վերադարձել։

Եթե կիսամյակի արդյունքներով, մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը դրական էր՝ հուլիսից սկսած պատկերը կտրուկ փոխվել է։ Մուտքերի ու ելքերի տարբերությունը տարվա առաջին կեսի ավելի քան 18 հազար դրական հաշվեկշռից հետո, դարձել է բացասական։

Գնացողներն անհամեմատ ավելի շատ են եղել, քան վերադարձողները։

Ինը ամսվա արդյունքներով, ելքերը 10 հազար 634-ով գերազանցել են մուտքերին։

Անցած տարվա համեմատ նույնպես իրավիճակը վատացել է։ Անցած տարվա ինն ամիսներին ունեինք դրական վիճակագրություն։ Եկողները, թեկուզ այլ երկրների քաղաքացիների հաշվին, բայց գրեթե 3 հազարով ավելի շատ էին եղել, քան գնացողները։

Այս տարի պատկերը փոխվել է։ Ու շատ ավելի կտրուկ, քան անցած տարվա իրավիճակն էր։

Երկրից 10,6-ով ավելի ելքերն արդեն մտահոգիչ է, բայց դա չի արտահայտում ամբողջ պատկերը։

Եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունեցել առաջին կիսամյակի ավելի քան 18 հազար դրական հաշվեկշռից հետո, ապա կստացվի, որ երրորդ եռամսյակում գնացողների թիվը Հայաստանից կտրուկ ավելացել է։

Հուլիս-սեպտեմբերին մարդկանց արտահոսքը գրեթե 29 հազարով գերազանցել է ներհոսքին։ 29 հազարով ավելի շատ ելքեր են եղել, քան մուտքեր։

Պատճառները, իհարկե, դժվար է միանշանակ ասել, բայց դրանք, ըստ էության, քիչ չեն։ Միայն այն, որ կառավարության իրականացրած քաղաքականության հետևանքով Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն ու ծանր մթնոլորտը ժամանակ առ ժամանակ ավելի է թեժանում, բավարար է, որպեսզի մարդիկ հեռանան երկրից։

Փաստն այն է, որ գնացողների քանակն այս տարվա ինն ամիսներին ավելի շատ է, քան վերադարձողներինը։ Բայց նույնիսկ դա չէ ամենավատը։

Ամենավատն այն է, որ դա եղել է բացառապես Հայաստանի քաղաքացիներին հաշվին։

Բացառապես Հայաստանի քաղաքացիներն են, որ գնացել են ու չեն վերադարձել։

Եթե ընդհանուր մուտքերի ու ելքերի բացասական տարբերությունն ինն ամսվա կտրվածքով 10,6 հազարի կարգի է, ապա միայն Հայաստանի քաղաքացիների պարագայում այն հասնում է շուրջ 27 հազարի։

Հայաստանի քաղաքացիների ելքերը շուրջ 27 հազարով գերազանցել են մուտքերին։ Այսինքն՝ այդքանով ավելի շատ են մեկնել, քան վերադարձել։

Եթե հանում ենք Հայաստանի քաղաքացիներին, ապա այլ երկրների քաղաքացիների պարագայում մուտքերը նույնիսկ ավելացել են։ Բայց դա չէ, որ մեզ պետք է ուրախացնի կամ թույլ տա խոսել մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման մասին։ Չնայած իշխանությունները չեն թաքցնում, որ իրենց մտադրություններն ուրիշ են՝ փափագում են Հայաստանը դարձնել այլազգիների հայրենիքը։

«Մենք պետք է ստեղծենք մի իրականություն, որ ոչ շատ հեռավոր ապագայում Հայաստանը հայրենիք դարձնենք արաբների, ասորիների և այն ազգերի համար, որոնք կարող են հեշտորեն ինտեգրվել մեր երկրում։

Նման ձևերով մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է»,- այս հայտարարության հեղինակը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարն է, ում և իր կառավարության հիմնական պարտականություններից ու առաքելություններից մեկը, թվում է, թե պետք է լիներ ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին Հայաստանում պահելը, այլև դրսում ապրող մեր հայրենակիցներին  Հայաստան վերադարձնելն ու նաև նրանց հաշվին երկրում դեմոգրաֆիկ իրավիճակը բարելավելը։

Բայց ինչպես տեսնում ենք, այս մարդիկ մտածում են Հայաստանում դեմոգրաֆիկ իրավիճակը փոխել այլազգիների միջոցով։ Եվ դա վերջին տարիներին տեսնում ենք. Հայաստանի քաղաքացիները լքում են երկիրն ու հեռանում, արտագաղթում են, իսկ որոշ երկրներից մարդկանց հոսքը գնալով ակտիվանում է։ Մասնավորապես մեծ թվով Հնդկաստանի քաղաքացիներ են գալիս Հայաստան։ Գալիս են նաև արաբական երկրներից։ Գալիս են ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ Հայաստանում աշխատանք գտնելու ու հաստատվելու ակնկալիքով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս