Ներկայացել են՝ որպես տանտեր, արցախցիներից 160.000 դրամ տան վարձը նախապես վերցրել ու անհետացել են
Վերջին շրջանում հատկապես վարձով բնակարան փնտրողները շատ են բախվել այն խնդրին, երբ նրանց մարդիկ ներկայանում են՝ որպես տանտեր, նախապես մի քանի ամսվա վարձ են վերցնում ու անհետանում։
Նման խնդրի բախվել է օրերս Արցախից բռնի տեղահանված ազատամարտիկներից մեկի ընտանիքը։
Բազմանդամ ընտանիքը սեպտեմբերից վարձով բնակարան էր փնտրում, օրերս Էրեբունի համայնքում 2 սենյականոց բնակարան էր գտել, 160 հազար դրամ վարձավճարով, որն էլ նախապես են տվել, որպեսզի երկու օրվա ընթացքում տեղափոխվեին, սակայն մեկ օր հետո տանտեր ներկայացած անձն անհետացել է, հեռախոսահամարն էլ դարձել է անհասանելի։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Մարտին Եսայանն ասաց, որ ամիսներ տևած փնտրտուքից հետո, այդ երկու սենյակը հազիվ էին գտել, նախապես կինն ու աղջիկը գնացել էին բնակարանը տեսնելու, պայմանավորվել էին, որ վարձավճարը տալուց հետո պետք է տեղափոխվեին։
«Մեկ օր հետո զանգահարեցի, որ արդեն տեղափոխվենք, անհասանելի էր։ Պարզվում է՝ այդ մարդիկ, որոնք մեզ խաբել են, տունը օրավարձով են վերցրել ու արդեն մի քանի հոգու խաբել են, վարձը վերցրել ու անհետացել են։ Ինձ Արսեն ու Հովո անունով երկու տղամարդ ներկայացան, ասացին, որ հայր ու որդի են, բնակարանն իրենց է պատկանում, միանգամից 160 հազար դրամը տվեցինք, ու պարզվեց՝ խաբեբաներ են։ Դիմել ենք ոստիկանություն, իրական տանտերը հայտնվեց, ու պարզվեց՝ ոչնչից տեղյակ չէ, դռան փականը փոխեց, հիմա ոստիկանությունն այդ մարդկանց է փնտրում, արդեն քանի օր է, ոստիկանությունից դուրս չենք գալիս։
Չգիտեմ, ինձ կհաջողվի՞ իմ գումարը հետ ստանալ, թե՞ ոչ, վերջին աշխատավարձս էի ստացել ու տվել՝ որպես վարձ, հիմա ընտանիքով կանգնել ենք փաստի առաջ, քանի որ ժամանակավորապես ծանոթի տանն էինք ապրում, հիմա պետք է արդեն դուրս գանք»,- նշեց Մարտին Եսայանը։
Մեր զրուցակիցը կոչ արեց վարձով բնակարան փնտրողներին՝ անպայման պահանջել և ստուգել տվյալ տան փաստաթղթերը, որպեսզի վերջում խաբված դուրս չգան։
«Սեպտեմբերի աշխատավարձը ստացա, 70 հազար դրամ պակաս տվեցին, հիմա չգիտեմ՝ որտեղից հայթայթեմ գումար, որ նոր բնակարան վարձեմ»,- ասաց ազատամարտիկը։