«Առաջին հանցագործը հենց Ալիևն է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր ժողովրդին է պաշտպանել». Մարտին Եսայան

Ալիևը երեկ France 24-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նա Արցախի ղեկավարությանը համեմատել է նացիստական Գերմանիայի հանցագործ առաջնորդների հետ։

«Գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք կգան և կասեն՝ խնդրում եմ, ազատ արձակեք նրանց»,- նշել է Ալիևը, ում խոսքերը հայերեն բառացի թարգմանել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը դեռ 1990-ականներից է Արցախում ականատես եղել Ադրբեջանի կողմից հայության դեմ իրականացվող հանցագործություններին, դրանք բոլորն էլ անպատիժ են մնացել, դրա համար էլ, նրա խոսքով՝ այսօր Ալիևն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն է հանցագործության մեջ մեղադրում։

«Առաջին հանցագործը հենց Ալիևն է ու իր ռեժիմը, ով արցախահայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր տունն ու իր ժողովրդին է պաշտպանել։

Կարդացեք նաև

Ադրբեջանցիներն իրենց ղեկավարի հետ այնքան վայրագություններ են արել, որ դրանց առաջ հանրությունն աչք է փակում, երեխաների են սպանել, քաղաքացիական անձանց։

Անձամբ խոնարհվում եմ այն հայորդիների առաջ, որոնք 1988 թվականին ոտքի կանգնեցին՝ մեր ինքնությունն ու իրավունքները պաշտպանելու համար»,- 168.am հետ զրույցում՝ արձագանքելով Ալիևի հայտարարություններին, նշեց Մարտին Եսայանը։

Նա ընդգծում է՝ ՀՀ ղեկավարությունը պետք է Ալիևի այս խոսքերին պատասխանի, սակայն հաշվի առնելով իշխանությունների վարվող քաղաքականությունը՝ պատասխան չի ակնկալում։

«Արցախը գոյություն ունի մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում, այդ ժամանակ որտե՞ղ էին Ալիևն ու Ադրբեջանը։ Թող գնան ու տեսնեն Արցախում գտնվող մեր հին գերեզմանոցները, եթե, իհարկե, Ադրբեջանը դրանք չի ոչնչացրել։

Սումգայիթի, Բաքվի ջարդերն Ադրբեջանը մոռացա՞վ, որոնք պետական մակարդակով էին կազմակերպվել, այդքան հայություն տեղահանվեց ու կոտորվեց, ուղղակի այս պահին ղեկավար չունենք, որ Ալիևին այս ամենը հիշեցնի։ Չունենք ղեկավար, որ Ալիևին ասի՝ ի՞նչ «Արևմտյան Ադրբեջան», դրա համար էլ Ալիևի թևերն ու լեզուն երկար է։

Ինչպե՞ս կարելի է մարդկության դեմ գործածած այդքան հանցագործություններից հետո Ալիևը հանցագործության մեջ մեղադրի հային»,- հավելեց Մարտին Եսայանը։

Նա հույս ունի, որ Հայաստանում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ ղեկավարը փոխվի, որպեսզի գերիների, Արցախի հարցը հնարավոր լինի տարբեր ատյաններում բարձրացնել։

«Ալիևի այս հայտարարությանն ո՞վ պետք է պատասխան տա, եթե ոչ՝ ՀՀ ղեկավարը, ախր նրա հանցագործությունները 21-րդ դարում ողջ աշխարհի աչքի առաջ են եղել։ Արցախի 170.000-ից հայ է տեղահանվել, սպանվել, միայն օկուպացված Հադրութի շրջանում բնակվում էր 43.000 հայ, ո՞ւր են հիմա նրանք, ո՞ւր է Հադրութը։

Մեկ բան հստակ է՝ եթե տան տերն իրեն ու ընտանիքը չի պաշտպանում, որևէ մեկը չի պաշտպանելու։ Մենք գոնե հիմա պետք է հասկանանք, որ պետք է ընտրենք այնպիսի ճանապարհ, որի պարագայում Հայաստանը չի արժանանալու Արցախի ճակատագրին, եթե գիտակցության չեկանք՝ անդարձ կործանված ենք»,- շեշտեց Մարտին Եսայանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ աշխարհում խմորումներ են տեղի ունենում, բոլորը փորձում են դրանից օգուտներ քաղել, մինչդեռ ՀՀ ղեկավարն Առաքելական եկեղեցին է թիրախավորում, չի հակադարձում Ալիևի զրպարտիչ հայտարարություններին։

Տեսանյութեր

Լրահոս