«Այդ մարդն ի՞նչ գիտի՝ զենքի քանի՞ տոկոսն է օգտագործվել, ո՛չ ծառայել է, ո՛չ փորձագետ է, ո՛չ էլ կյանքում իր ձեռքին զենք բռնած կա». Մարտին Եսայանը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստից հետո կրկին ճեպազրույց տվեց, որի ժամանակ անդրադարձավ նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացրած ռազմական գործողություններին։ Նա նախ ասաց, որ համաձայն չէ, թե Ադրբեջանն Արցախում ցեղասպան քաղաքականություն է իրականացրել։
Նա կրկին պնդեց՝ Արցախում այդ ժամանակ «չեն կռվել», «փախել» են։
«Իսկ էդ միֆերը՝ կռվել են մինչև վերջ, և այլն, իմիջիայլոց, կարիք լինի՝ այդ տվյալները կգաղտնազերծենք: Ես համոզված եմ, այս խմորը շատ ջուր կտանի, կսպասենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ, սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են»,- նշեԼ է նա:
Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ հրապարակային ներողություն է խնդրում բոլոր նահատակների, անհետ կորածների, վիրավորում ստացածների ծնողներից, հարազատներից, իր խոնարհումը հայտնելով նահատակվածների հիշատակին։ Ասում է՝ ուղղակի ամաչում է, երբ մի մարդ, ով նույնիսկ բանակում չի ծառայել, կարող է այդ աստիճան նսեմացնել տղաների կատարած սխրանքները։
«Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը՝ մեկ օրվա ընթացքում, մենք մարտի դաշտում կորցրեցինք 200-ից ավելի տղաների, իսկ թշնամին՝ հազարներով, դրա համար արտաքին հետախուզությունն Ադրբեջանին մշտապես ասել է՝ «սա չե՞ք դուք, 9 ամիս տոտալ շրջափակեցիք, հիմա կորուստներ է, որ տալիս եք»։ Զենք-զինամթերքի մեծ մասն օգտագործվել է, տղաներից մեկը երեկ զայրացած զանգահարել է ինձ, ասում է՝ «լսե՞լ ես՝ ինչ է ասում այս անտեղյակ իշխանությունը»։ Տղաները շատ են նեղված, ասում են՝ «երկա՞ր է այս ամենը շարունակվելու», ո՛չ, երկար չի շարունակվելու, ամեն մեկն իր պատասխանը կտա»։
Ես միայն մեկ օրինակ բերեմ. միայն «Խաչենի ձորակում»՝ Մարտակերտի ուղղությամբ, միայն մեկ դիրքի ուղղությամբ, թշնամին 700 զոհ է տվել, ինչպե՞ս է ստացվում, որ արցախցին չի կռվել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Մարտին Եսայանը։
Նա նշեց, որ նույնիսկ իր թշնամուն չի ցանկանում անցնել այն ամենի միջով, ինչի միջով արցախցին է անցել։ Պատերազմի թեժ օրերին, երբ վառելիքի սղության պատճառով հնարավոր չէր զենք տեղափոխել դիրքեր, մարդիկ իրենց էշերով ու ձիերով էին կրակի միջով զենք հասցնում դիրքեր։
«Սա ի՞նչ վերաբերմունք է կռվող տղաների նկատմամբ, ո՞վ է փախել, ցույց տվեք աշխարհում մեկ ազգ, որն իր տունը, հայրենիքը թողնում ու փախնում է, եթե նրան ցեղասպանության ու էթնիկ զտման չեն ենթարկում։ Աստծո վկայությամբ, մենք պայքարել ենք, պայքարել ենք մինչև վերջին վայրկյանը՝ մեր հայրենիքը, հողը փրկելու համար։
Այդ մարդն ի՞նչ գիտի՝ զենքի քանի՞ տոկոսն է օգտագործվել, ո՛չ ծառայել է, ո՛չ փորձագետ է, ո՛չ էլ կյանքում իր ձեռքին զենք բռնած կա, չհաշված, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ էր գնացել մայիսին, երբ պատերազմը դադարեցվել էր»,- հավելեց մեր զրուցակիցը։
Շարունակելով՝ ազատամարտիկը շեշտեց՝ որոշակի արտահայտություններ անելուց առաջ, իշխանությունները գոնե Աստծո դատաստանից վախենան, որովհետև պատասխան են տալու՝ հայրենիքի կորստի, զոհված տղաների կյանքի համար։
«Այն, ինչ այսօր հայտարարում է ՀՀ ղեկավարը, հայտարարում է Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների անունից։
Մեծ մարդ եմ, իմ աչքով եմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել Արցախում մեկօրյա պատերազմի ժամանակ, ու ինչպես են կռվել մեր տղաները։
Ստեփանակերտի արևմտյան մասում թշնամու մի քանի հարյուր զինվոր է զոհվել։ Եթե այնպիսի մարդ խոսեր, որ կռված լիներ, որոշակի ճանապարհ անցած լիներ, ես կլռեի, բայց խոսում է մեկը, ով մարտի ճանապարհ չի անցել։ Նիկոլ Փաշինյանը շատ վատ ճանապարհ է ընտրել, շատ վատ, սա որևէ լավ տեղ չի տանելու ո՛չ իրեն, ո՛չ մեր երկիրն ու ժողովրդին։
Խնդրում եմ, անպայման հրապարակեք՝ մեր հերոսները մեկ օրվա ընթացքում ինչ հնարավոր եղել է՝ արել են, որպեսզի Արցախը պահեն, բայց մնալով միայնակ, ադրբեջանական շրջափակման մեջ՝ չկարողացան մինչև վերջ կանգնել»,- ընդգծեց Մարտին Եսայանը։



