«Այսինքն՝ ո՞րն է Փաշինյանի նպատակը, որ բոլոր արցախահայերը պետք է զոհվեին ու մնային Արցախո՞ւմ, Հայաստան չգայի՞ն». Մարտին Եսայան

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում դիմակավորված անձինք Արցախի բարբառով սպառնալիք էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նիկոլ Փաշինյանի արձագանքն այս տեսանյութին չուշացավ, նախընտրական  քարոզարշավի ժամանակ նա էլ հայտարարեց, թե կգտնի այդ անձանց և «կչոքացնի» ու «կկզացնի»։

«Էդ մասկեքը հատ-հատ քցելու եմ ու հատ-հատ հանելու եմ ու մտցնելու եմ համապատասխան տեղերը,  չոքցնելու եմ ձեզ»,- Երևանում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը վստահ է՝ որևէ արցախցի չէր կարող նման «շոու» կազմակերպել։

«Այս տեսանյութը մի քանի անգամ դիտել եմ, այնտեղ բառեր, տառեր կան, որ Արցախի բարբառին նման չեն, տպավորություն եմ ստացել, որ ուղղակի կեղծ տեսանյութ են պատրաստել, տարածել, որպեսզի արցախահայերի նկատմամբ ատելություն սերմանեն։ Արցախահայերը նման արտահայտություններ երբեք չէին անելու»,- 168.am հետ զրույցում ասաց Մարտին Եսայանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ արտահայտության, որը կրկին նույնն օրն էր արել, երբ դիմել էր իրեն մոտեցած արցախցիներից մեկին ու ասել՝ «ինչո՞ւ է ողջ մնացել, ինչո՞ւ չի զոհվել Արցախում», Մարտին Եսայանը նկատեց՝ այսինքն՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը, որ արցախահայերը պետք է բոլորը զոհվեին ու մնային Արցախո՞ւմ, Հայաստան չգայի՞ն։

«Արցախահայերը ծանր պայմաններում պայքարել են, այդ թվում՝ ես։ Ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ քանի ողջ ու առողջ եմ, ես Արցախի համար պայքարելու եմ։

1915 թվականին, երբ Ադանայում հայերին մորթում էին, պոլսահայերը քեֆ- ուրախության մեջ էին, որևէ մեկն օգնության չհասավ, մտածում էին՝ այդ ամենն իրենց չի հասնելու, բայց տեսաք՝ ինչ եղավ։ Բոլորն էլ լավ գիտեն, թե 9 ամիս շարունակ տոտալ բլոկադայի պայմաններում արցախցին ինչպես էր պայքարում, 2023 թվականի մեկօրյա պատերազմում շատերն են զարմացած, թե այդքանից հետո արցախուն որտեղի՞ց այդքան կամք ու ուժ՝ նման վնաս թշնամուն հասցնելու համար»,- հավելեց Մարտին Եսայանը։

Նա շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավար է, եթե գիտի՝ փախել են պատերազմի դաշտից, թող պատասխանատվության ենթարկի և ուրախ լինի ցանկացած մեկի համար, ով ողջ է վերադարձել պատերազմից։ Ավելին՝ նա կարծում է, որ երկրի ղեկավարը պետք է օրինակելի լինի, հարցերին տա կիրթ պատասխան, այլ ոչ թե տիրապետումը կորցնի և հարձակվի քաղաքացիների վրա։

«Այսօր ազգի ու հայրենիքի համար պայքարած մարդիկ բանտերում են, ով խոսում է ազգային արժեքներից՝ դառնում է քաղբանտարկյալ։ Սա է այսօրվա մեր վիճակը։

Միշտ ասել եմ, որ Արցախը մեր երկրի համար անվտանգության դարպաս էր, եթե ապագայում մենք Արցախը չվերադարձնենք, ապա կործանվելու ենք։ Այն, ինչ կատարվել ու կատարվում է մեր ներսում, տանում է միայն մեկ տեղ՝ անդունդ։ Այս պահին անդունդից գլորվելու համար 50 քայլ հեռավորության վրա ենք, եթե Փաշինյանը վերընտրվեց՝ ընկնելու ենք այդ անդունդը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ազատամարտիկը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ «Ով Ղարաբաղի շարժումը շարունակելու մասին խոսի, անձամբ ինձ հետ գործ կունենա», և հռետորական հարց բարձրացրեց՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է հստակ ասել՝ մոտ ապագայում ի՞նչ կարող է տեղի ունենալ։

«Հարավային Կովկասին սպասվում են փոփոխություններ, վերադասավորումներ՝ կապրենք ու կտեսնենք, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ է լինելու։ Բայց մեկ բան հստակ է՝ Ադրբեջանն այդպես չի վայելելու Արցախը, որը մերն է, մեր հայկական հողը։

Ես կուզեի, որ երկրի ղեկավարը, որն ինչ-որ քայլ է անում, մի քիչ մտածելով անի։

Առանց այն էլ այսօր արցախահայերի վիճակը շատ ծանր է՝ բոլոր առումներով, ու դրան զուգահեռ՝ երկրի ղեկավարը նրանց վիրավորում է, այդպես չի կարելի, այդպես երկիր ու ժողովուրդ չեն կառավարի»,- նշեց Մարտին Եսայանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031