Արցախցիները, տունուտեղը կորցնելուց ու բռնի տեղահանվելուց երկու ամիս անց էլ, օրվա սնունդ հայթայթելու խնդիր ունեն: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ, դա դեռ քիչ չէ, ամեն ամիս էլ տան վարձավճարումները կատարելու խնդրի առաջ են կանգնում: Արցախում ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով բռնի տեղահանված Էդուարդ Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընտանիքը միայն հոկտեմբերին ամբողջությամբ ստացել է արցախցիների համար նախատեսված 100.000-ական դրամները: Նոյեմբերի համար նախատեսված 40+10 հազարական դրամները մինչև հիմա չեն կարողանում ստանալ, որպեսզի տան վարձը վճարեն:
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Մարտին Եսայանն ասաց, որ ամիսներ տևած փնտրտուքից հետո, այդ երկու սենյակը հազիվ էին գտել, նախապես կինն ու աղջիկը գնացել էին բնակարանը տեսնելու, պայմանավորվել էին, որ վարձավճարը տալուց հետո պետք է տեղափոխվեին։