«Արցախը դարձել է ոսկոր Ադրբեջանի կոկորդին, եթե կարողանան մարսել, ապա Սյունիքը մեկից մեկ կմարսեն». Բարձրավանի նախկին վարչական ղեկավար
2021 թվականի օգոստոսին և նոյեմբերին, երբ ադրբեջանական կողմը փակել էր Գորիս-Կապան ճանապարհը, Սյունիքի մարզի Բարձրավան գյուղը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ։ Այդ օրերին միայն ԱԻՆ մեքենաներով էին կարողանում անտառներով հաց հասցնել գյուղին։
Արդեն 83-րդ օրն է՝ Ադրբեջանը նույն կերպ շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ շրջափակման մեջ պահելով 120 հազար խաղաղ բնակչի։
168.am-ի հետ զրույցում Բարձրավանի նախկին վարչական ղեկավար Օնիկ Ավագյանն ասաց, որ Բարձրավանը հայտնվել է շրջափակման մեջ, և իրենք լավ գիտեն, թե այդ ամենն ինչ է, և շատ լավ են հասկանում այսօր շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։
«Նույնիսկ, եթե շրջափակման մեջ էլ չլինեինք, միևնույն է, մենք գիտեինք՝ ինչ է նշանակում շրջափակում։
Իհարկե, շատ դժվար է, բայց ինչ արած, պետք է պայքարենք, որպեսզի Արցախը մնա հայկական, Արցախում ապրեն արցախահայերը։ Ոչ մի դեպքում Ղարաբաղը չպետք է թողնել, որովհետև ոչ մի կերպ ես չեմ տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում՝ ոչ մի դեպքում ու ոչ մի պարագայում»,- շեշտեց Օնիկ Ավագյանը։
Ըստ նրա, եթե Արցախը չլինի, ուրեմն չպետք է սպասել, որ Սյունիքը կլինի՝ սա միանշանակ է։
«Սյունեցիներս գիտակցում ենք, որ Արցախը չլինելու դեպքում, հաջորդը Սյունիքն է, 44-օրյա պատերազմն էլ դրա վառ վկայությունն է։ Սյունիքը պահող դարպասներն Արցախն է, եթե չկա Արցախ, ապա Սյունիքն առհասարակ չի լինելու։ Արցախը դարձել է ոսկոր ու կանգնած է Ադրբեջանի կոկորդին, եթե կարողանան Արցախը մարսել, ապա Սյունիքը մեկից մեկ կմարսեն»,- շեշտեց Օնիկ Ավագյանը։
Ի դեպ, արդեն տևական ժամանակ է, Օնիկ Ավագյանն այլևս Բարձրավանի վարչական ղեկավար չէ, ասաց, որ պաշտոնավարման ժամկետը չէր լրացել, սակայն պաշտոնը թողել է.
«Շատ բան չեմ ասի, ուղղակի միայն կասեմ, որ չհարմարվեցի»։
Նշենք, որ Օնիկ Ավագյանը բազմիցս քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը պատերազմից հետո, ընդգծելով, որ պատերազմում պարտված իշխանությունը ոչ միայն Արցախի մի մասը, այլև Սյունիքի բարենպաստ դիրքերը հանձնեց թշնամուն։