«Արցախը փրկելու համար Հայաստանը պետք է փրկել. Ոտքի, հայ ժողովուրդ». Աղաբեկ Խաչատրյան
Արդեն 279-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ 9 ամիս է՝ 120 հազար արցախահայեր գտնվում են հումանիտար և անվտանգային աղետի մեջ։ Ավելի քան 3 ամիս որևէ հումանիտար բեռ Արցախ չէր մտել, միայն սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Կարմիր խաչի հումանիտար օգնությամբ բեռնատարն Ակնայի ճանապարհով մտավ Ստեփանակերտ։
Ստեղծված այս աղետալի վիճակն Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի կարծիքով՝ հնարավոր է փոխել միայն մեկ ճանապարհով՝ երբ ազգը ոտքի կանգնի:
«Երբեմն ասում են՝ Արցախը որևէ մեկին չի հետաքրքրում, այդպես չէ, ով հայ է, այս ամենը նրա սրտին վերք է։
Հիմա ես խնդրանքով կոչ եմ անում հայ ժողովրդին՝ ով իրեն հայ է համարում, թող ոտքի կանգնի։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև մեր հայերի մեջ մարդիկ կան, որոնք հայ չեն, և նման մարդկանց ուղղակի պետք է մրջյունի պես տրորես ու անցնես։ Նմաններն իրավունք չունեն այս երկրում ապրեն, թող ազգանունները փոխեն Մարզպետալի ու գնան Թուրքիայում կամ Բաքվում ապրեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղաբեկ Խաչատրյանը։
Նրա մեկնաբանությամբ, ազգը պետք է գիտակցի, որ սա ոչ թե Արցախի հարցն է, այլ Հայաստանի։
«Արցախցին շատ ամուր է, կդիմանա, ոտքի վրա կմեռնի, բայց երբեք չի հանձնվի, թող ոտքի կանգնեն, որ Հայաստանը փրկեն։
Մեկ ամիս առաջ եմ իջել Երևանի կենտրոն, ամենուրեք ապուշություններ են, չե՞ն գիտակցում, որ երկիր ենք կորցնում։
Կրկնում եմ՝ ով իրեն հայ է համարում, պետք է ոտքի կանգնի։
Մեկ կարճ բան էլ ասեմ՝ Արցախը փրկելու համար Հայաստանը պետք է փրկել. ոտքի, հայ ժողովուրդ»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, փակ է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից։ Ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում արդեն գրանցվել է սովամահության դեպք։