«Ամեն վայրկյան մեր գլխին վտանգ է կախված… TRIPP-ի երաշխավոր էլ չկա, ԱՄՆ-ն վկայի դերում է, ոչ թե անվտանգության երաշխավորի». Օնիկ Ավագյան

Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները տարբեր առիթներով հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատված։ Ալիևն էլ իր միջազգային գործընկերների հետ հանդիպումներում է ասում, թե «Ադրբեջանի ջանքերով Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել»։ Մինչդեռ Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ ցմահ ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք 2023 թվականի սեպտեմբերին պատանդի կարգավիճակում պահում է Բաքվի բանտերում։

Չնայած խաղաղության վերաբերյալ այս հայտարարություններին, սահմանին ապրող բնակիչներն այդ խաղաղությունը չեն զգում, մասնավորապես՝ Սյունիքում։

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք և միչև օրս շարունակում են մնալ այդ տարածքներում՝ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։

Բարձրավան գյուղի նախկին վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը շատ հարաբերական է՝ այսօր խաղաղ է, վաղը կարող է սահմանին Ադրբեջանը կրակել։

Կարդացեք նաև

«Ես չեմ կարծում, թե խաղաղությունն արդեն հասել է Հայաստան, այն, ինչը մենք հիմա տեսնում ենք, կարծում եմ՝ հարաբերական խաղաղություն է, ամեն վայրկյան մեր գլխին վտանգ է կախված։

Ըստ իս, այս պահին իրավիճակը հանդարտ է սահմանին՝ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, որը ես խաղաղություն չեմ կարող համարել։ Եթե հիմա Ադրբեջանի պահանջները Հայաստանը բավարարում է, Ադրբեջանի ինչի՞ն է պետք պատերազմը։ Որքան Հայաստանը շարունակի տալ Ադրբեջանի պահանջածները, այնքան այս հարաբերական խաղաղությունը լինելու է, իսկ իրականում խաղաղությունը դեռ շատ հեռու է»,- 168.am հետ զրույցում նշեց Օնիկ Ավագյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ խաղաղության վերաբերյալ Սյունիքում մարդկանց կարծիքները միանշանակ չեն, կա մարդկանց մի փոքր հատված, որը հավատում է խաղաղությանը, շատերն էլ այն կարծիքին են, որ իշխանությունների ընտրած այս ճանապարհով խաղաղության չեն հասնելու, ուղղակի այդ ամենին չեն հավատում։

Ինչ վերաբերում է TRIPP-ին և Սյունիքին սպասվող ճակատագրին, մեր զրուցակիցն ասաց՝ որքան էլ ասեն, որ այն տնտեսական ճանապարհ է, միևնույն է՝ այս ճանապարհն իր մեջ անվտանգային մեծ խնդիրներ է պարունակում։ Հայաստանը երբեք չպետք է մոռանա՝ իր հարևաններն ովքեր են և այս հարևաններն ինչի են ընդունակ։

«Անվտանգության առումով շատ հարցեր ու բացեր կան, իմ հասկանալով՝ այս ճանապարհին երաշխավոր էլ չկա, ընդամենը Միացյալ Նահանգներն է, դե, նա էլ վկայի դերում է, այլ ոչ թե անվտանգության երաշխավորի»,- հավելեց Օնիկ Ավագյանը։

Նա անդրադարձավ նաև իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սկսած արշավին՝  հիշեցնելով՝ Արցախը հանձնելուց հետո, հիմա էլ ուզում են հայ ազգի ինքնության ու պաշտպանության վերջին վահանը՝ եկեղեցին ոչնչացնեն։

«Մի եկեղեցի է մնացել, որ ուզում են պղծեն ու ոչնչացնեն, դրանով սպանեն հայի տեսակը, դարձնեն օտարամոլ։ Հիմա մի եկեղեցի է մնացել, որի շուրջ ազգը համախմբված է, դա էլ են ուզում ոչնչացնեն։ Բայց իշխանությունն իր նպատակին չի հասնելու, ի վերջո, մեր ազգը լավ գիտի այդ նպատակները։ Աշխարհը պատերազմի մեջ է, ամեն երկիր իր շահն է պաշտպանում, իսկ այս իշխանությունը երկրի ներսում է պատերազմ սկսել եկեղեցու դեմ, թե՝ «եկեղեցին եմ բարենորոգում»։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա կոնկրետ հարձակում է եկեղեցու վրա»,- ընդգծեց Օնիկ Ավագյանը։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը մի քանի ուղղություններով հարձակվեց Հայաստանի վրա՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում։ Մինչև այս պահն այս ուղղություններով մի քանի կիլոմետր տարածք Ադրբեջանի կողմից օկուպացված է, նրա հսկողության տակ է անցել ոչ միայն Ներքին Հանդի տարածքներից, այլև գյուղի գերեզմանոցը։

Տեսանյութեր

Լրահոս