«Ձեզանից ինձ զանգ եկավ՝ զարմացա, կապ չունենք. ինձ թվում է՝ բնակիչներին հանելու հարց չի լինի». Ճարտարի քաղաքապետ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ կրակելով խաղաղ բնակիչների ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով մինչև այս պահը կան բազմաթիվ անհետ կորածներ, զոհեր, վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չեն կարողացել դուրս գալ իրենց տներից։ Ադրբեջանը թեպետ սեպտեմբերի 20-ին գնաց հրադադարի, սակայն այսօր էլ շարունակում է կրակոցներն ու իր ցեղասպան քաղաքականությունը։
Մինչև այս պահը Ստեփանակերտից չի հաջողվում կապ հաստատել բազմաթիվ գյուղերի ու համայնքերի հետ, կապն առհասարակ կտրված է։
168.am–ի հետ զրույցում Ճարտարի գյուղապետ Վլադիկ Հովհաննիսյանն ասաց, որ Ճարտարի բնակչությունը տեղում է, տեղահանվածներ չկան։
«Ունենք չորս Ճարտար, մեկն էլ նախկինում պոլկի մոտ է տեղել։ Ներքևի հատվածում երկու մայր Ճարտար կա, արանքում ճանապարհը երևի 2 կմ է, մեր բուն Ճարտարի վրա կրակոցներ չեն եղել, այդ պատճառով էլ բնակիչներին չենք թողել դուրս գան։ Ունենք 41 զոհ, հավանաբար այս թիվը վերջնական չէ»,- նշեց Ճարտարի գյուղապետը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին Ճարտարում ո՛չ լույս կա, ո՛չ ջուր, ո՛չ էլ կապի միջոց։
«Ձեզանից ինձ զանգ եկավ՝ զարմացա, կապ չունենք, որևէ մեկի հետ չենք կարողանում հեռախոսով կապ հաստատել, քիչ առաջ նույնիսկ հարևանիս հետ չկարողացա կապ հաստատել։ Ստեփանակերտի հետ էլ չենք կարողանում կապ հաստատել, ճանապարհներն էլ փակ են»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հայտարարած ինտեգրացիային, Վլադիկ Հովհաննիսյանն ասաց.
«Ես տարիքով մարդ եմ, ադրբեջանցիների հետ ժամանակին ապրել եմ, եթե այսքան բան է եղել, չեմ պատկերացնում համատեղ կեցությունը։ Նախկինում գոնե, լավ-վատ, որպես երկու ազգ՝ միասին շփվում էինք, հիմա չգիտեմ՝ ինչ կլինի։ Մեկ է, եթե նույնիսկ ադրբեջանական կողմն արցախահայությանը չսպանի ու թողնի այստեղ ապրեն, մեկ է՝ Ադրբեջանի կազմում ապագա չունեն։
Ինձ թվում է՝ բնակիչներին հանելու հարց չի լինի, այսինքն՝ ով կցանկանա՝ դուրս կգա, ով չէ՝ կմնա տեղում կաշխատի, կապրի։
Ես տարիքով մարդ եմ, կմնամ այստեղ, թող տղաներս գնան, երևի կգնան, չգիտեմ։ Ես ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել, տուն ստեղծել, կյանք անցկացրել, չգիտեմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց Վլադիկ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա՝ 9 ամիս արցախահայությանը շրջափակման մեջ պահելուց և սովի մատնելուց հետո։