«Բերձորից ու Աղավնոյից դուրս չեկած՝ ասում էինք՝ եթե այս տարածքները տաք, պետք է ամբողջ Արցախը տաք, որովհետև դուք ձեր կյանքի ճանապարհն եք հանձնում թշնամուն». Կարինե Ռասոյան
47-րդ օրն է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։
Արցախյան 44-օրյա պատերազմից, Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի հանձնումից հետո բնակիչները գիտեին, որ մի օր թշնամին փակելու է Արցախի կյանքի ճանապարհը։
Աղավնոյից տեղահանված բնակիչ Կարինե Ռասոյանն ասում է, որ դեռ նախորդ տարվա ամռանն իրենք ասում էին, որ թշնամին կփակի ճանապարհը, եթե ստանա Բերձորը, բայց լսող չեղավ։
«Եթե մենք այդ տարածքներում ապրեինք, մեզ այսպես չհանեին ու գցեին փողոց, հավատացեք՝ այդ ճանապարհը թշնամին չէր փակի։ Ամեն մեկս կկանգնեինք ու մեր տունը կպաշտպանեինք:
Մեզ հանեցին, որ արբեջանցիներին բերեն՝ տեղավորեն, բայց, իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները չեն ուզում այդ գյուղում ապրեն, ինչ-որ բան կսարքեն, էլի, իրենց համար։ Դեռ Բերձորից ու Աղավնոյից դուրս չեկած՝ ասում էինք՝ եթե այս տարածքները տաք, պետք է ամբողջ Արցախը տաք, որովհետև դուք ձեր կյանքի ճանապարհն եք հանձնում թշնամուն։ Աղավնոն ու Բերձորն են պահում այդ ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Ռասոյանը։
Կարինե Ռասոյանը նախորդ տարվա օգոստոսին Աղավնո գյուղից տեղահանվելուց հետո տեղափոխվել է Երևան, բնակվում է վարձով, վարձը մի կերպ է հասցնում տալ։
«Բնակարանների տրամադրման սերտիֆիկատ են տվել, ասում են՝ մենք 10 միլիոնը տալիս ենք, գնացեք՝ ոնց ուզում եք, տունը գնեք։ Հիմա բանկը մեզանից 5-7 հարյուր հազար դրամ է ուզում, որ գործարքն անենք, դրանից զատ, կան այլ ծախսեր, բայց ես որտեղի՞ց բերեմ 500 հազար դրամ։
Ինքս չեմ աշխատում, առողջական խնդիրներ ունեմ։ Հիմա ամսական մի քիչ գումար են տրամադրում՝ 40 հազար դրամ, առաջիկա երկու ամիսը դա կստանանք, ու այլևս չի տրամադրվելու։
Մեզ հանեցին, այսպես գցեցին փողոցները, ու որևէ մեկը ո՛չ մտածում, ո՛չ էլ ինչ-որ բան է ձեռնարկում»,- շեշտեց Կարինե Ռասոյանը։
Նա հիշեցրեց, որ Արցախի Տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանն անձամբ էր գնացել Բերձոր ու բնակիչներին հորդորել, որ պետք է 2022 թվականի օգոստոսի 25-ից ազատեն Բերձորը, Ներքին Սուսը և Աղավոն, բայց այսօր, երբ բնակիչներն առանց բնակարանների են մնացել, չի զանգել, հետաքրքրվել, թե ինչպես են ապրում։
«Իրենց պատճառով դրսում հայտնված բնակիչներից իրենք որևէ տեղեկություն չունեն, ով որտեղ է ապրում, ինչպես է ապրում, ինչ է անում։ Ես Աղավնոյում տուն ունեի, աշխատանք ունեի, լավ ու երջանիկ ապրում էի, ինչո՞ւ այսպես արեցին, թեպետ իրենց համար մեկ է՝ ինչ կլինի ժողովրդի հետ»,- նկատեց Կարինե Ռասոյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։
Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։