Հունվարի 28-ից առաջ՝ քաղաքական մեղադրանքների թարմացում, կամ՝ ինչպե՞ս է ԳՇ վերլուծությունը «հայտնվել» Հայկ Խանումյանի ձեռքում

Վերջին օրերին իշխանական, իշխանամերձ և ԳՇ նախկին ղեկավարության դեմ հանդես եկող անձանց շրջանակները 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում դարձյալ մեղադրական ոճով հիշել են բանակը և ռազմական նախկին ղեկավարությանը:

Մասնավորապես, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հունվարի 11-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հարցին՝ ունե՞նք համապարփակ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ պարտվեցին 2020 թվականի պատերազմում, մասնավորապես, ասել է.

«Ես առանց փակագծեր բացելու՝ ասում եմ ինչ-որ բաներ սպառազինության ձեռքբերման առումով: Դատական պրոցես է գնում, և պաշտպանական գերատեսչության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են նստած, մի մասը գրավով ազատվեց: Անորակ զենքերի ձեռքբերման, հրթիռների մասին է, որով անցնում է ԳՇ պետի նախկին տեղակալը, ԳՇ նախկին պետը, Պաշտպանության նախկին նախարարը: Դատական պրոցես է գնում, չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց մենք երբ մեկ ձեռքբերման մանրամասն ուսումնասիրություններ կատարեցինք, կարծում եմ, երբ որ եզրակացությունը կներկայացնեմ, մեր հանրությունը կհասկանա՝ մենք ինչի պարտվեցինք»:

Հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանն այս հայտարարությունն անում է հունվարի 10-ին «Փաշինյանի անապացույց ռազմական մեղադրանքները. ի՞նչ ազդեցություն են ունեցել 44-օրյայում «անորակ» հրթիռները և հրանոթի արկերը, 42 միլիոնանոց «մետաղաջարդոնը» և «անպլատա» Ս-300-ը» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո, որտեղ մենք գրել էինք, որ իշխանություններն այդպես էլ չգնացին անորակ հրթիռների փորձաքննության և չեն կարողացել, օրինակ, ապացուցել, թե ինչ վնաս են հասցրել 2020 թվականի պատերազմին հրթիռների չկիրառումը կամ անարդյունք կիրառումը, և որ Նիկոլ Փաշինյանը վերևում հիշատակված այս և մյուս գործերի և սպառազինության վերաբերյալ արած իր հայտարարություններում  կա՛մ անտեղյակությունից է ստում, կա՛մ ռազմական գործին չտիրապետելուց, կա՛մ դիտմամբ, և, թերևս, իմանալով, որ, այսպես ասած՝ դրա տակից կարող է դուրս չգալ, չի ցանկանում ռազմական կարևոր դրվագներն ու գործերը, մեղադրանքները հրապարակային քննարկել, ինչը հուշում է, որ հանրությունը պետք է պահանջատեր լինի այս տեսակ հարցերում և հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ որպես գլխավոր պատասխանատուի:

Կարդացեք նաև

Այսօր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն արձագանքել է «հրթիռների գործով» անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անվանելով այն քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն:

«Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

«Անորակ հրթիռների» գործով դատավճիռ դեռևս չի կայացվել, իսկ դատարանն այդպես էլ չընդունեց բաց դատավարություն անցկացնելու վերաբերյալ իմ և մյուս «մեղադրյալների» բազմաթիվ միջնորդությունները, քանզի բաց դատավարության անցկացման պարագայում հանրությանը հնարավորություն էր տրվելու տեսնել, որ գործ ունենք ոչ միայն անհիմն մեղադրանքի, այլև, ինչպես նախկինում հայտարարել եմ, քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ։

Ուստի հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները։

Սույն հայտարարությամբ ՀՀ Գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրում օրենքի վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա», -իր հայտարության մեջ նշել է Տոնոյանը:

Ի դեպ, 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ «Տոնոյանն ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա՝ ես այդպես հասկացա»:

Թե կոնկրետ ինչի հիման վրա է այդ տպավորությունը ստացել, ըստ էության, Քոչարյանը չէր բարձրաձայնել, իսկ գուցե այդպես նաև արտահայտել է իր ցանկությունը, ինչը փաստորեն տեսանք հունվարի 11-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում:

Գուցե կլինեն մարդիկ, որոնք այն կարծիքին են, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը չպետք է գնար Քննիչ հանձնաժողով, հատկապես, երբ մերժվեց նրա՝ Փաշինյանի հետ համատեղ բաց «հարցաքննության» առաջարկը: Այս տեսակետն ապրելու իրավունք ունի, մյուս կողմից, գուցե «արժեքավոր» փաստեր են ներկայացվել հանձնաժողովին, որոնք մի օր արդար քննության համար պետք կգան:

Ինքը՝ Դավիթ Տոնոյանը, ասել էր, որ իր վերը նշված առաջարկի մերժումից հետո Քննիչ հանձնաժողով գնալու «որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»: Սա՝ Անդրանիկ Քոչարյանի և Դավիթ Տոնոյանի հեռավար «հարցուպատասխանից»:

Իսկ հունվարի 15-ին Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը NEWS.am-ի հետ զրույցում էլ հիշել է 44-օրյայի ժամանակ պաշտոնավարած ԳՇ ղեկավարությանը:

«Խիստ կասկածում եմ, որ վերլուծել են պարտության պատճառները: Արդյո՞ք ԳՇ-ն վերլուծություն է իրականացրել պատերազմում պարտության պատճառների մասին: Ես տեղյակ եմ, որ որոշակի զեկույցներ կան, բայց դրանք մանկապատանեկան մակարդակի են, լուրջ վերլուծություններ չկան: Ինչպես պատերազմը կառավարվել է, երբ օրական տասնյակ կմ-ներ հևիհև փախչող գեներալներին հերոսի կոչումներ էին տալիս, որ իբր նրանք առաջ են գնում, նույն ձևով էլ վերլուծվել է պատերազմի պարտության պատճառները: Իրականում ԳՇ-ն կտրված է զորքերից, զորքերի ծառայությունից և շատ հաճախ տեղյակ չէ՝ ինչ է կատարվում»,- ասել է Խանումյանը:

Այստեղ նախ հարց՝ ԳՇ վերլուծությունը, զեկույցները համարվում են գաղտնի փաստաթուղթ, հետևաբար՝ ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով է Հայկ Խանումյանին հասանելի դարձել դրա բովանդակությունը: Երկրորդ՝ ի՞նչ պատճառներ են նշվել, որը Արցախի նախկին պաշտոնյան, ում օրոք առանց կրակոցի Ադրբեջանին են հանձնվել Աղավնոն, Ներքին Սուսը և Բերձորը, համարում է մանկապատանեկան շարադրության մակարդակի: Երրորդ՝ Հայկ Խանումյանը քննչական մարմիններում կարո՞ղ է ապացուցել հերոսի կոչում ստացած գեներալների օրական տասնյակ կմ-ներ «հևիհև փախուստների» մասին, և որքանո՞վ է դրա մասին տեղյակ եղել Նիկոլ Փաշինյանը կամ Արցախի ղեկավարությունը, և ի՞նչ են արել այն կանխելու համար: Բնականաբար, ռազմական բազմաթիվ դրվագներ կան, որոնք բացահայտման կարիք ունեն, այդ թվում՝ լավագույն հրամանատարների թիրախավորման և մահվան հանգամանքները, կարևոր տարածքների կորուստները, Հադրութի և Շուշիի անկումը, որը պետք է, ըստ էության, դիտարկել մեկ հարթության վրա, ավելին, ՊԲ-ի՝ պատերազմի առաջին օրը պատրաստ չլինելը կամ պաշտպանության անցած չլինելը, երբ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին տեղեկություն է եղել պատերազմի մասին և ՊԲ ղեկավարությանը մարտական ռեժիմի անցնելու հրաման:

Ինչ վերաբերում է ԳՇ վերլուծությանը, ապա ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ Քննիչ հանձնաժողովում հարցաքննությունից հետո Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ այն եղել է բազմաշերտ, քննարկվել են պատերազմից առաջ բանակի վիճակը, սպառազինության, կադրային համալրման հետ կապված խնդիրը, աշխարհազորի լինել-չլինելը, պատերազմական առանձին դրվագներ, այդ թվում՝ Շուշիի պաշտպանության հետ կապված, «Իսկանդերի» կիրառման և այլն: Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանը խոսել է նաև պատերազմը կանգնեցնելու իր առաջարկների մասին:

Ավելին, այս հարցերից որոշներին գեներալ Գասպարյանն անդրադարձել էր և՛ 2020թ. նոյեմբերի 17-ի ուղերձում, և՛ 2023 թվականի հունիսի 28-ին տարածած հայտարարության մեջ։

Այսինքն, Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և որոշակի նախազգուշացումները՝ https://168.am/2023/11/13/1957158.html ՀՀ քաղաքական ղեկավարությանը, անտեսվել են: Իսկ պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը ԳՇ նախկին պետը համարել էր անընդունելի: Մենք չգիտենք և չենք էլ կարող իմանալ, թե փակ հանդիպումներում, քննչական մարմիններում ինչ զեկույց, վերլուծություն և ապացույցներ է ներկայացրել Օնիկ Գասպարյանը, ռազմական նախկին ղեկավարությունը, այսինքն՝ ինչ փաստաթղթային ապացույցներ կան ԳՇ-ում: Հնարավոր է, որ դրանց մեջ լինեն այնպիսիք, որոնք այնքան էլ չեն բխի քաղաքական ղեկավարության շահերից:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2021 թվականից մինչ օրս այդպես էլ չիմացանք, թե ԳՇ-ում ինչ հրամաններ են փոխվել, ինչպես «Հրապարակի» հետ զրույցում պնդել էր ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյայի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը:

168.am-ը մի քանի անգամ այս առնչությամբ հարցումներ է ուղարկել համապատասխան մարմիններին, այդ թվում՝ Քննչական կոմիտեին, որոնց պատասխան գրություններից, մեծ հաշվով, ոչ մի բան իմանալ չի հաջողվել:

2023 թվականի հունիսին ուղարկված ՔԿ-ի պատասխան գրությունից միայն պարզվել էր, որ Սամվել Բաբայանը, բացի հայտարարություն անելուց, նաև դիմում է ներկայացրել «ԳՇ-ում և ՊԲ-ում փաստաթղթեր կեղծելու» վերաբերյալ:

Վերադառնանք ԳՇ վերլուծությանը և հավելենք, որ 2021-ի ապրիլին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը պատերազմից հետո ԳՇ-ում նախաձեռնել է մանրակրկիտ վերլուծություն, և դա չի արել ՀՀ ԱԽ պատվերով, ինչպես դրանից առաջ ներկայացրել էր Արմեն Գրիգորյանը:

Օնիկ Գասպարյանի սկսած վերլուծությունը հայտնի զարգացումներից հետո կիսատ էր մնացել, և այն պետք է ամփոփեր Արտակ Դավթյանը, մեր տեղեկություններով՝ այն և՛ ամփոփվել է, և՛ կատարվել են որոշակի հավելումներ: Իսկ թե արդյո՞ք այն ներկայացվել է ԱԽ խորհրդում, ինչի մասին դեռ 2021 թվականի մարտին հայտարարել էր Գրիգորյանը, հայտնի չէ:

Իսկ 44-օրյա պատերազմում պարտության «մեղադրական» սլաքը բանակի ուղղությամբ վերջերս նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահն էր ուղղել, ինչին 168.am-ը մանրամասն անդրադարձել է։ 

Այսինքն, հունվարի 28-ից առաջ նորից ստեղծվում է մի մթնոլորտ, թե միայն բանակն է պատերազմում ապահովել մեր պարտությունը, և ոչինչ, որ բուն բանակի օրը դիֆերամբներ կհնչեն: Իսկ հանրությունը դեռ շատ բան չգիտի, 2020 թվականի պատերազմն ընդունած և ավարտած ռազմական նախկին ղեկավարությունը դեռ շատ հարցերի պատասխաններ չի տվել, իսկ նոր պատերազմից Հայաստանն ապահովագրված չէ:

Տեսանյութեր

Լրահոս